Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թրամփը Դավոսում մատը դրեց Հայաստանի խնդրին. «Ժամանակ»

Հունվար 27,2018 11:45

Երեկ շվեյցարական Դավոս քաղաքում ավարտվեց համաշխարհային տնտեսական ամենամյա համաժողովը, որն ամեն տարի հունվարին այդ քաղաքում է հավաքում համաշխարհային տնտեսական և քաղաքական էլիտաներին՝ միջազգային կարևոր խնդիրներ քննարկելու և տնտեսական ուրվագծեր սահմանելու համար:

Դավոսի համաժողովին տասնամյակի դադարից հետո մասնակցեց նաև Հայաստանը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի դեմքով: Հայաստանի մասնակցության մասով առանձնապես մեծ ուշադրության արժանի տեղեկատվություն չկա, գուցե ի հայտ գա ժամանակի ընթացքում, իսկ Դավոսի համաժողովը, ըստ էության, եզրափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որի ելույթը իրապես հետաքրքիր էր և ուշագրավ, այդ թվում՝ Հայաստանի համար:

Դոնալդ Թրամփը իր ելույթում կրկնել է նախընտրական իր փիլիսոփայություն-կարգախոսը՝ «Նախևառաջ Ամերիկան», բայց միաժամանակ ասել, թե դա չի նշանակում մեկուսացում, պարզապես, եթե ԱՄՆ համար վիճակը լավ է, եթե ԱՄՆ-ը զարգանում է, ապա զարգանում է աշխարհը: Ըստ էության, Դոնալդ Թրամփը Դավոսում, որն այս տարի անցել է միասին ապագա կառուցելու նշանաբանով, հռչակել կամ շեշտադրել է ԱՄՆ համաշխարհային լիդերությունը, իհարկե՝ ձգտելով լինել դիվանագիտական զգուշավորության մեջ և չվիրավորել այլ պետություններին:

Դոնալդ Թրամփի ելույթի առանցքային մտքերից մեկը ուղիղ նշանակություն ունի Հայաստանի համար: Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ նպատակներից մեկն է աշխարհում դիվերսիֆիկացնել էներգակիրների մատակարարումը, որպեսզի ոչ մի երկիր կախված չլինի մեկ մատակարար աղբյուրից: Այդ հանգամանքը կարծես թե հայաստանյան իրավիճակի ուղիղ բնորոշում է և ստացվում է, ուղղակի թե անուղղակի, որ Հայաստանը հայտնվում է ԱՄՆ նպատակի ծիրում: Ինչ կամ ինչպես է ԱՄՆ-ը պատրաստվում կոնկրետ Հայաստանի համար ապահովել դիվերսիֆիկացում:

Սա, իհարկե, շատ դժվար է ասել, առավել ևս, որ նույնիսկ հստակ չէ, թե արդյո՞ք Թրամփի հայտարարությունը ենթադրում էր հասցեական աշխատանք յուրաքանչյուր, այսպես ասած, կարիքավոր երկրի հետ առանձին: Թե՞ Նահանգների նախագահը խոսում է ընդհանուր միջազգային քաղաքականության մասին, որով փորձ կարվի ստեղծել հնարավորություններ, իսկ դրանից օգտվելը արդեն կլինի յուրաքանչյուր երկրի գործն ու որոշումը:

Եվ այստեղ արդեն հարց է առաջանում, թե Հայաստանն արդյո՞ք կօգտվի դրանից:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031