Ընդդիմությունը ժողովրդին է մեղադրում փողոց դուրս չգալու, չպայքարելու մեջ, ժողովուրդը՝ ընդդիմությանը, իրեն չառաջնորդելու, պայքարի գլուխ չկանգնելու, հետեւողական չլինելու համար։ Իսկ պայքարի շարժառիթները մեզանում քիչ չեն՝ քաղաքականից մինչեւ սոցիալական։ Ընդամենը մեկ տարի առաջ ընտրություններ էին, դրանից մոտ կես տարի առաջ նոր Սահմանադրություն ընդունվեց․ քաղաքական պայքարի թեժացման հրաշալի առիթներ, որոնց մեր հասարակությունն անհաղորդ մնաց։
Անշուշտ, լավ կլիներ, եթե մենք ինքնակազմակերպվող, ընդվզող, մեր իրավունքներին տեր կանգնող ժողովուրդ լինեինք, որին անգամ առաջնորդներ պետք չեն, եւ որը չհաշտվեր ցանկացած անարդարության հետ ու փողոց ելներ՝ իր ընտրական իրավունքը պաշտպանելու, իր կենցաղային պայմանների բարելավման, թանկացումների եւ բազում այլ առիթներով։ Բայց ինքնակազմակերպվող հանրություններ բնության մեջ, որպես կանոն, չեն լինում, միշտ հայտնվում են առաջնորդներ, քաղաքականապես հասուն մարդիկ, ովքեր քայլում են բազմության առջեւից, ծրագրավորում նրա անելիքը, նախանշում նրա պայքարի ուղին։ Եթե ընդդիմությունը պատրաստ չէ դուրս գալ փողոց, իր վրա կրել ոստիկանների հարվածները, ուղի հարթել բազմության համար, ծրագիր մշակել, շարքային մարդուն պետք չէ մեղադրել պայքարի կամք չդրսեւորելու մեջ։
Շուտով մոտենում է գարնանային զարթոնքի շրջանը՝ մեզ ե՛ւ կարեւոր քաղաքական իրադարձություններ են սպասվում՝ նախագահի, վարչապետի ընտրություն, ե՛ւ ղարաբաղյան շարժման 30-ամյակն ու Մարտի 1-ի հերթական տարելիցն է առջեւում։ 1988-ի եւ 2008-ի լեփ-լեցուն հրապարակները հիշող ժողովուրդն այս անգամ կելնի՞ փողոց՝ ասելու, որ ինքը պահանջատեր է, թե՞ մարդիկ էլ «այն չեն», իսկ նրանց առաջնորդներն էլ բոլորովին այլ խնդիրներ են լուծում։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ