Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամեն հայհոյանք չէ, որ պոեզիա է

Հունվար 27,2018 10:00

Անցած շաբաթ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերին գրեթե հավասար քննարկվում էր մի բանաստեղծություն (կամ գուցե ոտանավոր), որտեղ մեր երկրի մասին ֆեյսբուքյան բացասական գրառումներին ինչ-որ չափածո տեսք էր տրված: Նման գրառումների հեղինակներին այդ ոտանավորը դուր էր եկել, նրանք դա համարեցին Չարենցին եւ Տերյանին հավասար մի պոեզիա: Քանի որ հենց նրանք են բուռն ակտիվություն դրսեւորում համացանցային տարածքներում, այդ ոտանավորի երկրպագուներին շատ արագ հաջողվեց կտրել այն մարդկանց ձայնը, որոնք դա պոեզիա չեն համարում:

Մասնագետ չլինելով՝ չեմ կարող ինչ-որ «վերջնական ճշմարտություն» հայտնել, բայց ինձ թվում է՝ արվեստը ենթադրում է որոշակի «վերացականություն», կյանքի երեւույթների որոշակի «ամփոփում», որպեսզի 10, 20 կամ, ցանկալի է, 100 տարի հետո ընթերցողի համար հետաքրքիր լինի կարդալ, դիտել, լսել տվյալ գործը: Եթե ես գրեմ՝ «վայ քու, արա, էս ինչ փուչ աշխարհ ա, էս երկիրն էլ երկիր չի», ապա դա գուցե դուր գա համացանցային օգտատերերին, բայց այստեղ չի լինի կյանքի, երեւույթների այնպիսի մի «ամփոփում», որում բողոքը կյանքի դեմ ձեռք կբերի որոշակի գեղարվեստական ձեւ:

Պուշկինի, Թումանյանի, Ջոյսի, ցանկացած մեծ գրողի գործերի տարբեր շերտեր տարբեր ժամանակահատվածներում ակտուալ եւ կարեւոր են դառնում հենց այն պատճառով, որ այդ մարդիկ իրենց գործերի մեջ ներդրել են ոչ միայն իրենց այսրոպեական հույզերը, այլեւ տաղանդը: Արվեստի լավ ստեղծագործությունը մի մարգարիտ է, որը տարբեր լույսերի տակ շողում է իր տարբեր եզրերով: Ավելի «թեթեւ» օրինակ բերեմ, որը լավ կհասկանան իմ հասակակիցները: Առաջինից չորրորդ դասարանների աշակերտներ լինելով՝ մենք 7-8 անգամ դիտել ենք ֆրանսիական «Ֆանտոմաս» ֆիլմի 3 սերիաները: Այն ժամանակ դա մեզ համար գրեթե «սարսափ ֆիլմ» էր, ամենաուշագրավն այն ժամանակ Ֆանտոմասի կանաչ դիմակն էր: Հիմա այդ ֆիլմը դարձյալ նայվում է, բայց դիտվում է որպես կատակերգություն՝ Լուի դե Ֆյունեսի հզոր տաղանդի շնորհիվ:

Կարեւորը ոչ թե «ինչ»-ն է, այլ «ինչպես»-ը: Այդ հայտնի միտքը կիրառելի է նաեւ լրագրության հանդեպ, բայց մեր ստեղծած «կոնտենտը» թիթեռնիկի կյանք ունի: Արվեստի պարագայում դա երիցս ճիշտ է: Հայրենիքի նկատմամբ, իհարկե, կարելի է կիրառել «անլվա» բառը, ինչպես որ դա արել է ռուս մեծ բանաստեղծ Լերմոնտովը: Բայց միայն մեկ բառով մեծ բանաստեղծ չեն դառնում: Եթե որեւէ նկարիչ որոշի իր ականջը կտրել, պարտադիր չէ, որ նա Վինսենթ վան Գոգ դառնա:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Ցավում եմ, որ դուք էլ չեք հասկանում, որ այդ տղան պոետ է: Սերն ու ցավ այդքան խտացվաց բառերով արտահայտել քչերն են ունակ: Հասկանում եմ, որ կարելի է հայերենին չտիրապետել: Բայց չզգալ պոետին, նրա ցավը…

  2. Artur Lazarian says:

    Շատ ափսոս, պարոն Աբրահամեան: Բուն խնդիրը բոլորովին այլ էր: Եւ դուք ամենակարեւորը թողած, քննարկում էք ինչ-որ տասներորդական նշանակութեան հարց: Ցաւալին այն է, որ դուք Հայաստանի մտաւորական խաւն էք ներկայացնում (ինչքան ես եմ հասկանում): Բա եթէ դուք էք այդպէս մտածում, շարքային մարդկանցի՞ց ինչ ‘պահանջենք’:

    Ամէն դէպքում լաւ եղէք,,

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Երբեմն ինձ ասում են՝ ինչու երկխոսսության մեջ չես մտնում ընթերցողների հետ: Բայց ես, ճիշտն ասած, դրա իմաստը չեմ տեսնում: Օրինակ, այս պարագայում կա խոսակցությունը շարունակելու երկու տարբերակ: 1/ Այո, ես բութ եմ, անգրագետ եմ ու չեմ հասկանում, թե ինչ է բարձր պոեզիան, 2/ Ոչ, ես բութ չեմ ու կարողանում եմ տարբերել բանաստեղծությունը հասարակական զուգարանի պատին գրված հայհոյանքինց: Ինչո՞վ է այդ երկու տարբերակներից մեկը հոգեպես հարստացնելու Ձեզ, ինձ եւ մնացած ընթարցողներին:

      • Artur Lazarian says:

        Յարգելի պարոն Աբրահամեան,
        Քաւ լիցի. «բութ» որակումն աւելորդ յուզականութիւն է 🙂

        Այստեղ բանավիճելու իմաստ ես էլ չեմ տեսնում, թէեւ խօսակցութիւնն արդիւնաւէտ շարունակելու այլ տարբերակներ կան՝ միայն «բութ եմն» ու «բութ չեմը» չեն: Այս թեմայի առիթով իմ կարծիքը յայտնել եմ արդէն՝ https://www.aravot.am/2018/01/20/932316/

        ***

        Հայաստանում օր օրի աւելի է ընդգծւում է կաղապարուած՝ քառակուսի մտածելակերպը: Ազատ մտածելակերպը, որն օդուջրի պէս անհրաժեշտ է մեզ, ցաւօք չի խրախուսւում: Ահա սրա մասին է, որ Դո՛ւք առաջին հերթին պիտի մտահոգուէիք, ոչ թէ այդ քառատողը պոեզիա է՞, թէ չէ՞:

        Հայաստանում շատերը, որոնք «շեղւում են» ռազմահայրենասիրական (ինչ տխմար բառ է, չէ՞) ուղուց, հասարակական մակարդակով (փառք Աստուծոյ՝ դեռ ոչ պետական) պարսաւանքի են արժանանում: Նոյնը Յուսիկ Արայի պարագայում՝ ասում էին թուրք ոտանաւորչի:

        «Նիմֆոմանուհին» արգելեցին, «Ոսկէ ծիրանում» ֆիլմեր արգելեցին, «Խաւարումը» արգելեցին, Սաակաշւիլիի գրքի շնորհանդէսը ուզում են արգելել, «Ստալինի մահը» հաւանաբար կ’արգելեն: Այս տեմպերով «Յո՞ երթաս», Հայաստան:

        Խօսքի կաղապարուածութիւնն է, որ այսօր չունենք որակեալ ժամանակակից հայ գրականութիւն, թատրոն եւ կինո: Չի էլ կարող լինել, որովհետեւ այդ նոյն հայ գրականութիւնը հայրենասիրական ծիրից դուրս չի գալիս: Դրա համար էլ շատերին հաճելի չէ հայ գրականութիւնը: Հայ գրականութիւնը երբեք չի պատասխանել ինձ յուզող հարցերին: Հայ գրականութիւնն ինձ համար անասելի անհետաքրքիր է:

        Յ.Գ. Համաձա՞յն չէք Յուսիկ Արայի հետ. Աստուած ձեզ հետ: Բայց մի արգելէք, մի պիտակաւորէք մարդուն: Թողէք խօսի: Դուք աւելի լաւը գրէք, աւելի լաւը ներկայացրէք: Եւ եթէ յաջողէք, յուսիկ արաները ինքնաբերաբար դուրս կը մղուեն: Առայժմ դա ի զօրու չէք անել …

  3. Ruben says:

    1993-ին, ԼՏՊ-ի ցանկության (հրամանի) եւ խորհրդարանի կախարդական որոշման հիման վրա, ռուսալեզու արտագաղթողները այս բանաստեղծությունը արտասանում էին՝.
    «Անլվա Երևան, մնաս բարով,»:
    Прощай, немытая Россия («Армения»),
    Страна рабов, страна господ,
    И вы, мундиры голубые,
    И ты, им преданный народ…
    Михаил Лермонтов
    1841 год
    Спасибо Л.-Т. Петросяну.

  4. Լավատես says:

    Էն հսկա ազգերը, որոնք հիմա աշխարհն են կառավարում, ամենաքիչը մի քանի հարյուր տարի առաջ են այսօրը ծրագրավորել՝ անընդմեջ, սերնդե սերունդ փոխանցելով ու իրացնելով իրենց ազգային ծրագիրը, մենք էլ աշխատենք շատ չքչփորենք ներկան ու անցյալը ու սկսենք մշակել ապագա ամենաքիչը մի քանի հարյուր տարվա ազգային ծրագիր, որ մեր հետնորդներն էլ հինգ հարյուր տարի հետո նույնպես աշխարհը կառավարեն մեր այսօրվա ուզած ձեւով: Սկսենք, օրինակ լեզվից՝ աշխարհի բոլոր հայերը պետք է ունենան մի պետական լեզու ու բազմազան բարբառներ՝ այդ թվում արեւմտյան ու արեւելյան հայերենը, իսկ պետական լեզուն բնական է պետք է լինի մեր գրաբարը:

  5. joradzadza says:

    “Հարձակվեք հողմեր իմ հոր տան վրա, քանդեք ավերեք հիմքերը նրա…”: Գիտե՞ք ում տողերն են: Իսահակյան Ավոյի: Լավ Ավետիք Իսահակյանի: Կա՞ մեկը, ով կհամարձակվի Իսահակյանի պոեզիան վիրավորական բառերով քննարկել: Դե հիմա դավայ, սաղով, տառաճանաչ լրագրողներով՝ սկսեցինք. արա, էս ով ա Ավոն, արա հոր տունն ա քանդում, վայ քու, արա… “Իմ երկիրը՝ արևելյան թերմացք,
    նեխելու է կեղծիքի մեջ ու ստի,” Եթե առջին տողը հուզական է /չնայած շատ հզոր գույներով է պատկերը/, ապա երկրորդ տողը բացարձակ ճշմարտություն է:

  6. ԱՐԱՄԱՅԻՍ says:

    Ով դու քերթող Հուսիկ Արա,
    Մեր այս դժգույն, տխուր կյանքում
    Դու օգտակար մի բան արա՜;
    Դու կղանքից արա խույսիկ
    Եվ սփռիր շուրջդ միայն լույսիկ:
    Եվ մի ապրիր որպես բույսիկ,
    Եվ մանավանդ սուսիկ-փուսիկ:
    Սակայն դիպար դու կղանքին,
    Ասես ինչպես ոսկու հանքին:
    Որ քեզ բերեց չքնաղ փիար,
    Եվ դու դարձար նոր Արփիար:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031