Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանն առանձնացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթով, որին հաջորդեց նաեւ հարցուպատասխան: Ինչպես եւ կարելի էր ակնկալել, թե՛ ելույթի, թե՛ հարցուպատասխանի ժամանակ հիմնական թեմաներից մեկը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն էր:
Նախագահը, ներկայացնելով 30 տարի առաջ սկսված Ղարաբաղյան շարժման պատմությունը, նրա նպատակները, անդրադարձավ նաեւ հիմնախնդրի ակունքներին՝ Արցախն Ադրբեջանին բռնակցելու Ստալինի որոշմանը: Գաղտնիք չէ, որ Խորհրդային Ադրբեջանի իշխանություններն արել են հնարավոր ամեն ինչ հայերին իրենց պատմական բնօրրանից դուրս մղելու համար: Այդ մասին, թերեւս, վկայում է նախագահի կողմից ԵԽԽՎ խորհրդարանականներին ներկայացված պարզ վիճակագրությունը. ըստ իրականացված մարդահամարների տվյալների՝ 1926 թվականին հայերն Արցախում կազմել են բնակչության մոտ 90 տոկոսը, իսկ 1988 թվականին՝ արդեն 77 տոկոսը:
Ադրբեջանում հայատյացության քաղաքականության առաջին դրսեւորումները, ըստ նախագահի, 1988թ.-ին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման պահանջով խաղաղ ցույցերին ի պատասխան՝ Արցախից հարյուրավոր կիլոմետր հեռու գտնվող Սումգայիթ քաղաքում ապրող հայերի հանդեպ կոտորածի իրականացումն էր, որն էլ արցախահայությանը ստիպեց դիմել ինքնապաշտպանության:
Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման գործընթացին, ՀՀ նախագահը ԵԽԽՎ-ում ընդգծեց, որ 2016 թվականի ապրիլին Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան, որն ուղեկցվեց խաղաղ բնակչության եւ ռազմագերիների դեմ միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտումներով, բավական լուրջ հարված է հասցրել բանակցություններին: Կողմերի միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումները, ինչպես նաեւ 2017թ.-ին Ժնեւում կայացած նախագահների հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ՝ հրադադարի ռեժիմի պահպանման, հետաքննության մեխանիզմների ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման, լարվածության թուլացման վերաբերյալ: Ադրբեջանական կողմը, սակայն, ոչ միայն չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, այլեւ փորձում է հրաժարվել դրանցից:
ՀՀ նախագահն ընդգծեց նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի ներքո ընթացող բանակցային գործընթացն այս հակամարտության կարգավորման միջազգայնորեն համաձայնեցված միակ ձեւաչափն է: Նման շեշտադրումը բավական կարեւոր է, եթե հաշվի առնենք, որ Բաքուն պարբերաբար ջանքեր է գործադրում հակամարտության կարգավորման գործընթացն այլ ձեւաչափեր տեղափոխելու համար: Ավելին՝ տարբեր միջազգային կառույցներում, այդ թվում՝ ԵԽԽՎ-ում, երբեմն հայտնվում են այնպիսի նախաձեռնություններ, որոնք կրում են ոչ օբյեկտիվ բնույթ, անտեսում են իրողությունները՝ բացասաբար անդրադառնալով Արցախում առկա առանց այդ էլ փխրուն կայունության վրա։
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան կարգավորման գործընթացում միջազգային հանրությունից ակնկալիքներին, ապա նախագահը հստակ շեշտեց. «Եթե միջազգային հանրությունը կարողանա օգնել Ադրբեջանին ազատվել պատրանքներից եւ գալ իրատեսական դաշտ, ապա կարծում եմ, որ մենք կարճ ժամանակում կարող ենք հասնել մեծ հաջողությունների»: Նման ակնկալիքն արդարացված է եւ օբյեկտիվ: Միջազգային հանրության կողմից Ադրբեջանի առավելապաշտական ձգտումները զսպելը, նրան դեպի կառուցողական դաշտ ուղղորդելու գործնական քայլերն անշուշտ արդյունավետության տեսանկյունից կլինեն շատ ավելի օգտակար, քան սովորական դարձած բազմաթիվ հայտարարությունների ընդունումը:
ԵԽԽՎ-ում, ինչպես եւ կարելի էր ակնկալել, անդրադարձ եղավ նաեւ 1993թ.-ին ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերին, որոնց մասին ադրբեջանական կողմը սիրում է պատեհ-անպատեհ բարձրաձայնել: Պատասխանելով Հայաստանի կողմից նշված բանաձեւերը չկատարելու ադրբեջանցի պատվիրակի մեղադրանքին՝ նախագահն ընդգծեց, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն երբեք չի անդրադարձել Ղարաբաղյան հիմնախնդրին: 1993 թվականին ընդունված ՄԱԿ ԱԽ 4 բանաձեւերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ են, սակայն ամեն բանաձեւից հետո Ադրբեջանը խախտել է դրանք՝ ձեռնարկելով նոր հարձակումներ. «Այդ 4 բանաձեւերում Հայաստանի միակ հանձնառությունը եղել է օգտագործելով իր ազդեցությունն ու հեղինակությունը՝ դադարեցնել ռազմական գործողությունները: Մենք, ի պատիվ մեր այն ժամանակվա իշխանությունների, կատարել ենք այդ պարտավորությունը, իսկ ամենաառաջին պատասխանատուն՝ Ադրբեջանը, որ պետք է դադարեցներ ռազմական գործողությունները, չի դադարեցրել, եւ, ինչպես գիտեք, 1994-ին ստորագրվել է հրադադարի պայմանագիր, բայց արդեն այլ գործողությունների ազդեցության տակ, ոչ թե ՄԱԿ ԱԽ-ի բանաձեւի»,- նշել է ՀՀ նախագահը՝ հակադարձելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից բավական լայն շրջանառվող թեզին:
Ամփոփելով՝ կարող ենք նշել, որ ԵԽԽՎ-ում նախագահի ելույթն ու հարցուպատասխանը հնարավորինս արդյունավետ են օգտագործվել այդ բարձր ամբիոնից Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մեր մոտեցումների հստակեցման, ինչպես նաեւ ցանկալի թեզերի բարձրաձայնման տեսանկյունից: Եվս մեկ անգամ ամենաբարձր մակարդակով ցույց տրվեց, որ չնայած Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանն ու մոտեցումներին՝ հայկական կողմն առանց ավելորդ զգացմունքայնության առաջ է մղում իր համար կենսական նշանակություն ունեցող այնպիսի դիրքորոշումներ, ինչպիսիք են օրինակ՝ կարգավորման գործընթացում անցյալին վերադարձ չլինելը, Արցախի անվտանգության կարեւորագույն բաղադրիչ լինելը, Արցախի կարգավիճակի հստակ ամրագրումը:
ՆԱՐԵԿ ՄԻՆԱՍՅԱՆ
«Հայացք» կիրառական քաղաքականության եւ հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար
«Առավոտ»
26.01.2018