Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քադաֆիի հայ թարգմանի բողոքը վերաքննիչ դատարանը մերժեց

Հունվար 27,2018 14:30

Լիբիայի պետական եւ ռազմական գործիչ Մուամմար բեն Մուհամադ Աբու Մենյար Աբդել Սալամ բեն Համիդ ալ-Քադաֆիի թարգման Թուջար Բարոյանին վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը խնդրեց գլխարկը հանել:
Երկրորդ անգամ բողոքի քննությանը չէր ներկայացել դատախազը, որը դիմել էր դատարանին, հայտնելով՝ ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկայանալ, եւ խնդրել էր մերժել բողոքաբեր կողմին՝ Թուջար Բարոյանին եւ նրա ներկայացուցիչ փաստաբան Թամարա Բաղդասարյանին: Առաջին ատյանի դատարանում տարեց թարգմանի ներկայացուցիչը ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ալբերտ Քարամյանն էր:

Սրտի կաթված եւ ծանր վիրահատություն տարած առաջին խմբի հաշմանդամ, ճանաչված արաբագետ Թուջար Բարոյանը վատ էր լսում դատարանի հարցերը, եւ չթաքցրեց էլ, թե «չի կողմնորոշվում՝ առանց դատախազի շարունակել նիստը, թե ոչ»:
Նա, ի դեպ, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնական գրության համաձայն, ընդգրկված է «Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման մասին» հատուկ խմբերի ցանկում: Զրուցակիցս՝ Թ. Բարոյանն ասում է, որ առողջական ծանր վիճակի պատճառն իր տնից կատարված գողությունն է եւ այն մինչ օրս չբացահայտվելը:
Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի բաժանմունքի քննիչի կողմից անցյալ տարվա մարտի 31-ին որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կասեցվելու մասին, ինչին, բնականաբար, դեմ էր բողոքաբեր կողմը: Այս քրեական գործը մի անգամ կասեցվել էր, եւ վերսկսվել 2017թ. նոյեմբերի 17-ին: Թ. Բարոյանը ճանաչվել էր տուժող:

Գողության ժամանակ Թուջար Բարոյանը սրտամկանի ինֆարկտ ախտորոշմամբ գտնվել է Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքում: Հետեւաբար, երբ կասեցվել էր գործը, բաց էր թողնվել բողոք բերելու ժամկետը: Քննիչը հանցագործին այդպես էլ չգտավ, որոշման մեջ արձանագրելով, թե «Հանցագործությունը կատարած անձը հայտնի չի»: Դատախազն էլ հայտնել էր, թե սպառվել են հանցագործին գտնելու բոլոր հնարավորությունները:

Թուջարը հիվանդանոցում գտնվելու ժամանակ ոստիկանությանն ահազանգել էր, թե նրա տան աշխատողը՝ Ծաղիկ Դ.-ն, բնակարանից գողացել է 50 հազար դոլար գումարն ու ոսկեղենը:

Դատական ստուգման փուլում բողոքաբեր կողմը պնդել էր. «Քննիչն ի սկզբանե միջոցներ չի ձեռնարկել իմ բնակարանի գողությունը կատարած անձին հայտնաբերելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար»: Թ. Բարոյանը ցուցմունք էր տվել եւ հայտնել էր, որ բնակարանից գողությունը կատարել է տան սպասավորը՝ Ծաղիկ Դ.-ն: Սակայն հաղորդումը նրա կողմից չէր տրվել, քանի որ պարոն Թուջարը գտնվել է ծանր վիճակում, հիվանդանոցում, հաղորդում է տվել նրա բարեկամուհին՝ Մարինե Ս.-ն, ով ըստ գործի նյութերի, «կարող էր սխալվել հաղորդման բովանդակության համար»: Թուջար Բարոյանը դարձյալ ցուցմունք է տվել եւ հայտնել. «Ոչ թե կասկածում է, այլ համոզված է, որ իր տանը կատարված գողությունն իրականացրել է Ծաղիկ Դ.-ն»: Նշենք, որ այս գործով փոխվել է չորս քննիչ: Քննիչները, ըստ նրա, որեւէ քայլ չեն կատարել «թարմ հետքերով հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ», եւ բավարարվել են Ծաղիկից «անատամ» ցուցմունք վերցնելով:

Թուջար Բարոյանը նախաքննության ժամանակ քննիչներին հայտնել էր, որ Ծաղիկին օգնել է նրա որդին՝ Արսեն Շ.-ն, որը մոր խնդրանքով փորձել էր փոխել Թուջար Բարոյանի բնակարանի փականը՝ չլինելով փականագործ: Նախաքննության փուլում տուժող ճանաչված արաբագետը միջնորդել էր, որպեսզի հարցաքննվի Արսենը: Ըստ նրա՝ քննիչը, ճիշտ է, չի առարկել միջնորդության դեմ, սակայն ձգձգել է, մի կողմ գցել այս միջնորդությունը, մինչ Արսենը «հատի» Հայաստանի պետական սահմանը: Գործի նյութերում դրվել է մի գրություն, համաձայն որի՝ Արսենը երեք տարի առաջ փետրվարի 5-ին Բագրատաշեն սահմանային կետով հատել է ՀՀ պետական սահմանը: Ըստ տուժողի՝ արհեստական ապացույց էր սահմանը հատելու մասին տեղեկությունը, քանի որ բազմիցս Արսենին ինքը տեսել էր Երեւանում, իսկ քննիչն էլ չի ցանկացել հարցաքննել հնարավոր հանցակցին:

«Մինչ սահմանային անցակետը ստուգելը քննիչը Երեւանում պետք է ստուգեր, քրեական հետախուզության միջոցով պարզելու համար Արսենի բնակության, գտնվելու վայրը, զբաղմունքը, նյութական պայմանները՝ հանցագործությունը կատարելուց առաջ եւ հետո»,-«Առավոտին» ասում է Թ. Բարոյանը: ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազ Ա. Մնացականյանը նախաքննության փուլում գրություն էր ուղարկել տուժողին. «Նշված քրեական գործն ուսումնասիրվել է, որի արդյունքում դրանում նյութական եւ դատավարական իրավունքի խախտումներ չեն հայտնաբերվել»:

Դատական ստուգման ենթարկելու արդյունքում՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Ն. Մարտիրոսյանի անցյալ տարվա մարտի 31-ի վարույթը կասեցնելու մասին որոշումը, այդ որոշման դեմ բերված բողոքը մերժելու մասին Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Հ. Սեդրակյանի մայիսի 6-ի որոշումը վերացնելու, եւ դատավոր Ն. Բաղդասարյանի որոշումը թողնվեց ուժի մեջ, բողոքը մերժվեց: Փաստաբան Թամարա Բաղդասարյանը չբացառեց, որ կդիմեն Վճռաբեկ դատարան:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Նկարը՝ հեղինակի

«Առավոտ»

26.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031