Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահան Խաչատրյան. էքստրեմալ իրադրությունների ռեժիսորը

Հունվար 27,2018 14:00

Հայ արվեստագետի ջանքերով առաջին անգամ կինոփառատոն կիրականացվի Սիրիայում

«Առավոտին» հասած տեղեկություններով՝ առաջիկայում Սիրիայի Արաբական Հանրապետությունում նախատեսվում է անցկացնել հայկական ֆիլմերի փառատոն: Նախաձեռնողը «Տրանս Ինտերնեյշնլ» ընկերությունն է, որի գլխավոր տնօրեն Վահան Խաչատրյանը մեզ հայտնեց. «Մեր ընկերությունը հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի, Սիրիայի Արաբական Հանրապետության տուրիզմի եւ մշակույթի նախարարության, ինչպես նաեւ Սիրիայի կինեմատոգրաֆիայի վարչության հետ 2017թ. ձեռք է բերել պայմանավորվածություն փառատոնի անցկացման մասին: Այդ հարցում մեր կողքին է եղել Սիրիայում հայ-արաբական խորհուրդը, գլխավոր քարտուղար Վահե Մաշիկեանի գլխավորությամբ»: Հետո էլ մանրամասնեց, որ կայանալիք միջոցառման շնորհիվ առաջին անգամ հայկական 15 ֆիլմերը կներկայացվեն արաբերեն: Ներկայացվող ֆիլմերը՝ Փարաջանովի «Նռան գույնը», Կեսայանցի «Անիծվածները», Մանարյանի «Ընկեր Փանջունի», Գալստյանի «Խճճված զուգահեռներ», Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձը» եւ այլն, անցել են գրաքննություն եւ սիրիական կողմի հավանությանն արժանացել: Այս պահին «Տրանս Ինտերնեյշնլը» պատրաստվում է դիմել ՀՀ մշակույթի նախարարություն՝ ֆիլմերի կրկնօրինակմանն աջակցելու նպատակով: Հարցին՝ ինչո՞ւ որոշվեց փառատոնն անցկացնել հենց Սիրիայում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Առաջին հերթին արաբական աշխարհի շուկան մեծ է՝ շուրջ 450 մլն բնակչություն, երկրորդ՝ օրերս Սիրիայի նախագահը արտաբերեց «հայոց ցեղասպանություն» եզրույթը: Իսկ փառատոնային ծրագրում ընդգրկված ֆիլմերի զգալի մասը առնչվում է դրան: Եվ ընդհանրապես, գտնում ենք, որ առաջին քրիստոնյա պետությունը պետք է հայոց խնդիրը ներկայացնի մահմեդական աշխարհին»:

«Սուրբ Խաչն առանց խաչի»


Վահան Խաչատրյանը կարիերան սկսել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում որպես դերասան (ուսանել է Ալեքսանդր Գրիգորյանի արվեստանոցում), առաջին բեմելը Գրիգորի Գորինի «Հիշատակման աղոթք» ներկայացումն էր, 2004թ.: Հետագայում որպես ռեժիսոր բեմադրություններ է իրականացրել «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում՝ Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն», Մալյան թատրոնում՝ Գոգոլի «Ամունությունը», որը շուրջ 10 տարի խաղացանկում է եւ այլն, նկարահանել «Կորցրած երազ» խաղարկային ֆիլմը: Ռեժիսորի անունը սկսեց ավելի շատ շրջանառվել նրա փաստավավերագրական նկարներից, որոնց շնորհիվ վաստակել է «էքստրեմալ իրադրությունների ռեժիսոր» մականունը: Այս առիթով մեր զրուցակիցն ասաց. «Առաջինը «Սուրբ Խաչն առանց խաչի» ֆիլմն էր, որի աշխատանքները սկսել եմ 2007-ին, ավարտել 2010-ին, այնուհետեւ՝ «Ո՞վ է գազանը», «Իմ Անին»… Ինչ վերաբերում է մականունիս, որին նորմալ եմ վերաբերվում, ապա կինովավերագրողը պետք է խնդիրը ներկայացնի ինչպես կա: Նման դեպքում ամեն ինչ կարեւոր է: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ «ներսում» լինես»:

«Սուրբ Խաչն առանց խաչի» ֆիլմը, որը հաճախ է ցուցադրվում Երեւանի պետական համալսարանում, նկարահանվել է Թուրքիայում: Ինչպես ռեժիսորն է նշում, այս ֆիլմը ներկայացնում է հայոց երազանքը, հայերի խաբված հույսերն ու Թուրքիայի իրական դեմքը: Ու թեեւ ֆիլմը վերնագրված է «Սուրբ Խաչն առանց խաչի», սակայն վերջում ցուցադրվում է եկեղեցու գմբեթին արդեն իսկ տեղադրված խաչը, որը ռեժիսորը մեկնաբանում է. «Չկա խաչ, չկա տեր…Խաչը մարդու մեջ է»: Հետաքրքրվեցինք՝ խոչընդոտների չի՞ հանդիպել կամ որեւէ միջադեպ չի՞ գրանցվել: Վահան Խաչատրյանը պատասխանեց. «Հանրահայտ է, որ թուրքերը սովոր են մեջքից խփել, իսկ մենք՝ նկարահանող խմբի անդամներս, օպերատորներ Մկրտիչ Խաչատրյանն ու Հակոբ Կարանֆիլյանը, առերես կանգնած էինք: Մի բան էլ կա. նրանք մեծ դիվանագետներ են… Այդուհանդերձ, Աղթամարի Սուրբ Խաչ վանքում կազմակերպեցին պատարագը, որտեղ թուրք պաշտոնյաներն էին նստած ունկնդրում, ու այդպես էլ հայ հավատացյալներին չթույլատրեցին եկեղեցի մտնել, այդ թվում՝ Հայաստանից ժամանած «Հայ ասպետի» երեխաներին: Իսկ դրանից առաջ Տուշպա- Վանում հայ արքաների գերեզմանի վրա կառուցվեց նորաբաց Սուլեյման Հան մզկիթը… Մոտ կես ամիս անց էլ Իգդիրում բացվեց հայերի կողմից կոտորված թուրք նահատակների հուշարձանը…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

26.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031