«Ռոսիա» կինոթատրոնի շենքի դիմագծի փոփոխման հետ կապված՝ կրքերը չեն դադարում: Մասնավորապես, արվեստագետ Սահակ Պողոսյանն էլ կոչ էր արել նկարիչներին չմասնակցել խճանկարի համար հայտարարված մրցույթին, քանի որ հաշվի չեն առել շենքի հեղինակի կարծիքը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ես կարող եմ մասնակցել ու շահել «Ռոսիա» կինոթատրոնի խճանկարի կոնկուրսը, եթե իսկապես արդար մրցույթ լինի, բայց ես դա չեմ անում ոչ թե նրա համար, որ այդ կես միլիոն դրամը ինձ պետք չէ, այլ մի պարզ պատճառով` այդ կառույցը նախ հեղինակներ ունի ու իմ խորին համոզմամբ՝ շենքի տերը միշտ ճարտարապետն է, ոչ թե նրա կադաստրային տերը, ու ինչ-որ բան փոխելու համար նախ պետք է հեղինակի համաձայնությունը: Երկրորդ, այդ կառույցը Հայաստանի պատմության մեջ երբեւիցե կառուցված լավագույն ճարտարապետական կառույցն է (ըստ իս՝ ամենալավը Հռիփսիմեից հետո…): Ու հիմա ինչ-որ մեկի քմահաճույքով դա աղավաղելը անբարոյականություն է, ուստի կոչ եմ անում իրենց նկարիչ համարող մարդկանց չմասնակցել այդ մրցույթին, ամոթ է, այդ փողը չի ուտվի»:
Հիշեցնենք, որ «Ռոսիա» կինոթատրոնը շահագործման է հանձնվել 1974-ին, ճարտարապետներն են Արթուր Թարխանյանը, Սպարտակ Խաչիկյանը, Հրաչյա Պողոսյանը, որոնք 1979 թվականին կինոթատրոնի նախագծի համար արժանացել են ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակի։ Շենքը սեփականաշնորհվել է 2004 թվականին։ «Ռոսիա» կինոթատրոնն ուներ երկու մեծ դահլիճ՝ 1600 եւ 1000 նստատեղով։ Եղել է եւս մեկ սրահ՝ 280 նստատեղով։ Մյուս մասերում գործել են ցուցասրահներ, պարասրահներ, սրճարաններ. «Ռոսիան» եղել է լիարժեք մշակութային կենտրոն։
Կինոթատրոնի սրահները զարդարված են եղել Երվանդ Գոջաբաշյանի, Հենրի Էլիբեկյանի, Օհան Պետրոսյանի, Հմայակ Բդեյանի քանդակներով ու կտավներով, որոնք հետագայում հանվել ու կոտրվել են։
«Ռոսիա» կինոթատրոնի բացումը տեղի է ունեցել 1974 թվականի դեկտեմբերին՝ ՀԿԿ Կենտկոմի պլենումի նիստով, որը վարել է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը:
Կինոթատրոնում ցուցադրվել են «Մխիթար Սպարապետ» վեպի հիման վրա Էդմոնդ Քեոսայանի կողմից «Մոսֆիլմում» նկարահանված «Հուսո աստղ» ֆիլմը, «Վերադարձ դեպի Արարատ» եւ այլ ֆիլմեր։ 1978 թվականին «Ռոսիա» կինոթատրոնում տեղի է ունեցել համամիութենական կինոփառատոն։
2004 թվականին «Ռոսիա» կինոթատրոնը սեփականաշնորհվել է, եւ սեփականատեր է դարձել «Սիլ կոնցեռն»-ի մեջ մտնող «Նարեկ» ընկերությունը:
Ի դեպ, «Առավոտի» հետ զրույցում ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը (լուսանկարում) նեղսրտել էր նաեւ ամենաթողության մատնված Գյումրիի օդանավակայանի համար: «Այսօր այնպիսի՜ բաներ ուշադրություն չեն դարձնում…Նամակ եմ գրել Գյումրիի օդանավակայանի հետ կապված, որը մտել է համաշխարհային գրականություն` իբրեւ աշխարհի լավագույն տասը օդանավակայաններից մեկը: Այնտեղ էլ իբր վերանորոգում են կատարում ու էլի մոզաիկա են սարքում: Ասում եմ՝ դադարեցրեք, պատասխանում են, թե ռեմոնտ ենք անում…Ցավալի է, որ լավագույն շինությունները տեսած սերունդը կամաց-կամաց հեռանում է, իսկ նոր սերունդը չի պատկերացնում խոսքն ինչի մասին է, որովհետեւ վաղուց ամեն ինչ ավերված է»,-նեղսրտեց Գուգեն Մուշեղյանը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
26.01.2018