Եթե ձեր ապրելու նպատակը միայն արտաքին կոմֆորտ վայելելն է, ապա ձեր կյանքը լի կլինի հազար տեսակ վախերով: Բայց եթե դուք նայեք ձեր հոգուն ու սնեք այն իր իսկական աղբյուրից, ապա վախերը կչքվեն: Նեղություն էլի կլինի, բայց դուք չեք վախենա դրանցից: Նախ եկեք տեսնենք, թե ինչ բան է վախն ու որտեղից է այն գալիս: Մենք իսկապես վախենում ենք շատ բաներից. Մենք վախենում ենք հիվանդանալուց, վախենում ենք խաբվելուց, մենք վախենում ենք մահից, վախենում ենք կռվելուց ու վախենում ենք կորցնել այն ամենը, ինչ որ ունենք այս աշխարհում, տուն, տեղ, փող, հարստություն, անուն, փառք, դիրք եւ այլն:
Այս աշխարհն այնպես է կազմված, որ այն վերարտադրի կեղծ արժեքներ: Այդ կեղծ ու ժամանակավոր արժեքները ձեզ ներկայացվում են որպես թանկարժեք բաներ, որպեսզի դուք խաբվելով, կարեւորը թողած, ընկնեք դրանց ետեւից: Օրինակ, ձգտիր ունենալ ավելի շատ փող, ավելի բարձր պաշտոն, ավելի շատ հարստություն եւ օգտվիր այս ամենից, որպեսզի ավելի շատ հաճույք ստանաս: Ու դու կլինես երջանիկ: Այսպես է խաբում մեզ այս աշխարհը: Սա արտաքին հաճույք ու արտաքին բարեկեցություն ձգտող մարդու հոգեբանությունն է:
Բայց գիտե՞ք խնդիրն ինչումն է: Մարդու այս տեսակը չափազանց խոցելի է: Որովհետեւ, երբ դու ձգտում ես արտաքին հարստության ու կոմֆորտի, ապա այնտեղ թաքնված է վախը: Ինչու: Որովհետեւ այս տեսակի բարեկեցությունը ցանկացած պահի կարող է վերցվել քեզանից: Կյանքի վայելք ցանկացած պահի կարող է վերցվել քեզանից: Ու ահա մարդու սրտում առաջանում ու մեծանում է կորցնելու վախն ու սարսափը:
Բացի նրանից, որ դու սկսում ես ապրել վախով, չար ուժերը վախն օգտագործում են որպես մի գործիք, մարդու գիտակցությունը շահարկելու համար: Եվ այն մարդը, ով ապրում է վախով, հեշտությամբ է կառավարվում, վերահսկվում ու կորցնում է իր ազատությունը: Իրական ազատությունը քո մտքերի ու հոգու ներսում առանց վախերի ապրելն է: Իրական ազատությունը քո ներքին ազատությունն է ամեն տեսակ չար կրքերից, այդ թվում՝ վախից:
Ինչպես հաղթահարել վախը
Ինչպես պահպանել ներքին ազատությունը:
Երբ մենք ապրում ենք Աստծո հետ, մենք ուժեղ ենք, մենք ոչ մի բանից չենք վախենում: Երբ ապրում ես Աստուծո հետ, քո կյանքը տալիս ես Աստուծո կամքին: Դու փորձում ես լսել Նրա ձայնը: Դու սկսում ես կերպարանավորվել Քրիստոսով: Դու սկսում ես թեւեր առնել: Դու սկսում ես ճախրել ու սկսում ես հաղթահարել կյանքի ցանկացած դժվարություն: Որովհետեւ եթե քո սրտում Աստծուն ունես, եթե քո հիշողության մեջ Տեր Հիսուսին ունես, վախը անհետանում է: Քեզ համար ավելի կարեւոր է դառնում ներքին ազատությունը: Քեզ համար ավելի կարեւոր է դառնում հավիտենական կյանքն Աստուծո հետ, հավիտենական արժեքները: Ու այս կյանքի ժամանակավոր ձգտումներն այնքան են փոքրանում ու կորցնում իրենց սուտ արժեքը, որ դու էլ չես վախենում դրանք կորցնելուց: Քո վախը անհետանում է:
Վախերը փոթորիկներ են ստեղծում մեր կյանքում ու մենք հաճախ հարցնում ենք. ինչո՞ւ Աստված չի փրկում փոթորկից:
Մեր կյանքի փոթորիկները սովորաբար կատարվում են 4 պատճառով:
1. Մենք սխալներ ենք գործել ու դրանց հետեւանքն ենք կրում:
2. Փոթորիկներն ամրապնդում են մեր դիմացկունությունն ու համբերությունը:
3. Փոթորիկները մեզ դաս են սովորեցնում Աստուծո կամքի մասին:
4. Փոթորիկները մեզ օգնում են Աստծու հետ շփվել նորովի, որովհետեւ Աստված նոր բան է անելու մեր կյանքում:
Փոթորիկները մաս են կազմում մեր մարդկային բնության: Ինչպես գիտեք, աշխարհում փոթորիկները լինում են եղանակի փոփոխվող պայմաններից: Բայց Աստուծո Որդին՝ Հիսուս Քրիստոսը չեկավ այս աշխարհի վրա փոխելու մարդկային թույլ բնությունը կամ այս աշխարհի ֆիզիկական պայմանները: Այլ նա եկավ փոխելու մարդկանց սրտերը:
Եթե դուք Աստուծո պատվիրաններով ապրելով հաղթահարեք ձեր կյանքի վախերը, դուք դեռ էլի փոթորիկներ կունենաք ձեր կյանքում: Նեղություն կլինի, հիվանդություն կլինի, փողը չի հերիքի, դժվարություններ ու անարդարություններ կլինեն մարդկանց հետ: Բայց եթե դուք ապրեք Աստուծո պատվիրաններով, հավատացեք մի բան: Ձեզ ոչ մի վնաս չի լինի, ձեզ ոչ մի վատ բան չի պատահի: Այսպես է սովորեցնում Աստուծո Խոսքը: Աստվածաշնչում ոչ մի տեղ գրված չէ, որ ձեր կյանքում որեւէ դժվարություն չի լինի, եթե հավատաք Աստծուն ու կատարեք նրա պատվիրանները: Տեր Հիսուսը երբեք չասաց, թե իրեն հետեւելը կնշանակի խաղաղ նավարկություն: Հակառակը, նա ասաց, որ աշխարհում նեղություններ կունենաք: Աստված երբեք չի խոստացել, որ մեզ հետ կպահի ամեն տեսակի փոթորկից, բայց խոստացել է, որ մեզ հետ կլինի, մեր ձեռքը կբռնի ու մեզ ապահով կանցկացնի այդ նեղ դռնով, եթե մենք իր հետ լինենք, մեր մտքում ու հիշողության մեջ պահենք իր խոսքն ու ձգտենք ամեն ինչ անել իր պատվիրաններով ապրելու, իրեն սիրելու եւ սիրելիներին սիրելու համար:
ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
«Առավոտ»
26.01.2018