Ամերիկյան The Wall Street Journal պարբերականում տպագրվել է Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Հենրի Մորգենթաուի թոռան՝ Ռոբերտ Մորգենթաուի՝ «Արդյո՞ք Թրամփը ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին» վերտառությամբ հոդվածը:
Երբ 1939թ. Հիտլերը ներխուժեց Լեհաստան, նա իր հրամանատարներին հրահանգեց «առանց գթասրտության և կարեկցանքի մահվան դատապարտել լեհական ծագմամբ և այդ լեզուն կրող բոլոր տղամարդկանց, կանանց եւ երեխաներին»:
Նա իր մարդկանց վստահեցնում էր, որ աշխարհը դրան առանձնապես դեմ չի լինի. «Ո՞վ է այսօր հիշում հայերի ոչնչացման մասին»:
Նա նկատի ուներ 1915թ. օսմանյան թուրքերի կողմից հայ բնակչության զանգվածային ոչնչացումը: Համաշխարհային տերությունները մեծ դիմադրություն ցույց չտվեցին այդ սպանդի դեմ: Հետագայում Թուրքիայի շարունակական ժխտումների արդյունքում դա դարձավ «մոռացված ցեղասպանություն»:
Թուրքիան՝ ԱՄՆ ակնհայտ դաշնակիցը, դեռ հրաժարվում է առերեսվել իր պատմությանը: ԱՄՆ կառավարությունը նույնպես հայերի ոչնչացումը չի կոչել իր անունով: Ամերիկյան վարչակազմերը տեղի են տվել թուրքական ճնշմանը եւ չեն կարողացել հաստատել մի պարզ փաստ. հայերի կոտորածը պարզապես պատմության հեգնանքը չէր, այլ կազմակերպված ցեղասպանություն:
Այս լռակյացությունը զարմանալի չէր՝ հաշվի առնելով դիվանագետների զգուշավորությունը եւ հավասարակշռվածությունը: Սակայն նախագահ Թրամփը, ճանաչելով Երուսաղեմը, որպես Իսրայելի մայրաքաղաք, կարծես թե նոր ազդանշան է տալիս: 1995 թ. Կոնգրեսն ընդունել էր օրինագիծ՝ Պետքարտուղարությանն առաջարկելով ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք եւ այնտեղ տեղափոխել ԱՄՆ դեսպանատունը: Թեկնածուներ Բիլ Քլինթոնը եւ Ջորջ Բուշը խոստացել էին տեղափոխել դեսպանատունը, իսկ Բարաք Օբաման 2008 թվականին ասել էր, որ «Երուսաղեմը կլինի Իսրայելի մայրաքաղաքը»: Արդեն նախագահ ընտրվելով՝ բոլոր երեքն էլ հետ կանգնեցին իրենց խոստումից: Այսօր, վերջապես, Երուսաղեմի հարցով ԱՄՆ քաղաքականությունը համապատասխանում է իր սկզբունքներին եւ պատմական փաստերին:
Սա ինձ մոտ լավատեսություն է առաջացնում առ այն, որ Ամերիկան կարող է նույնկերպ ճանաչել Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտությունը: Փաստերը տպավորիչ են: Հայերը հազարամյակներ շարունակ ապրել են Արարատ լեռան ստվերում, որն այժմ արեւելյան Թուրքիայի տարածքում է: Իր պատմության գրեթե ողջ ընթացքում այս քրիստոնյա փոքրամասնությունը խաղաղ ապրել է իր մուսուլման հարեւանների հետ: Բայց երբ Օսմանյան կայսրությունը սկսեց ճեղքեր տալ 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին, հայերը դարձան ճնշումների թիրախ: Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, թուրքերը հնարավորություն ստացան լուծելու իրենց «հայկական հարցը»:
Սկզբում նրանք ձերբակալեցին եւ դատապարտեցին համայնքների ղեկավարներին եւ մտավորականներին: Այնուհետեւ տեղահան արեցին մնացած քաղաքացիական բնակչությանը դեպի Սիրիական անապատի «մահվան երթեր»: Սպանվեց ավելի քան 1.5 միլիոն հայ:
Ինձ համար, այս ժամանակագրությունը չի սահմանափակվում պատմության գրքերով: Իմ հայրական պապը՝ Հենրի Մորգենթաուն, Օսմանյան կայսրությունում նախագահ Վիլսոնի դեսպանն էր, երբ որ այդ սարսափը սկսվեց: Նա արագ հասկացավ, որ դա այնպիսի ջարդ է, ինչպիսին ժամանակակից աշխարհը դեռ չի տեսել: Նա բողոքեց թուրք առաջնորդներին, որոնք պատասխանեցին, որ հայերը Ամերիկայի քաղաքացիներ չեն, հետևաբար, դա դեսպանի անհանգստության թեմա չէ: Բացի այդ՝ նրանք ասացին, որ դեսպան Մորգենթաուն հրեա է, իսկ հայերը՝ քրիստոնյա:
Թուրքերն անգամ սպառնում էին ճնշում գործադրել Վաշինգտոնի վրա, որպեսզի նրան հետ կանչեն: Իմ պապի պատասխանը խիստ էր. «Ինձ համար ավելի մեծ պատիվ չի կարող լինել, քան հետ ուղարկվելը, քանի որ ես, հրեա լինելով,արել եմ իմ հնարավորության սահմաններում ամեն բան՝ հարյուր հազարավոր քրիստոնյաների կյանքը փրկելու համար»:
Թուրքերը հրաժարվեցին զիջել, եւ պապս դիմեց իր սեփական կառավարությանը: Նա Վաշինգտոնին ուղարկեց դիվանագիտական հեռագիր, որում ասվում էր. «Տեղի է ունենում ռասայական բնաջնջման քարոզարշավ»: Պետդեպարտամենտը, որն այդ ժամանակ զբաղված էր Առաջին համաշխարհային պատերազմով, անտարբերությամբ արձագանքեց: Ի վերջո, պապս որոշեց դիմել աշխարհի գթասրտությանը իր մի շարք ելույթներով:
Ի վերջո, զանգվածային օգնության արշավը օգնեց վերաբնակեցնել աշխարհով ցրված վերապրածներին: Բայց Ցեղասպանությունն անասելի հետք թողեց հայ ժողովրդի եւ իմ պապի հոգիներում: Նա վերադարձավ ԱՄՆ և իրեն նվիրեց վերապրածներին օգնելու գործին՝ երբեմն Էլլիս կղզում հայտնվելով որպես «հորեղբայր Հենրի»՝ օգնելու փախստականներին, որոնք չունեին ոչ մեկի: Նա նաև այլ բան արեց: Նա իր երեխաներին և թոռներին պատմեց այն պատմությունը, ինչի ականատեսն ինքն էր եղել: Նրա քաղած դասը հստակ էր. «Երբ սկզբունքը տեղի է տալիս շահին, անխուսափելի արդյունքը ողբերգությունն է»:
Այդ մարգարեությունը կատարվեց, երբ Հիտլերը, խրախուսված հայերի մասին աշխարհի մոռացությամբ, գրավեց Լեհաստանը: Վաղուց ժամանակն է, որ Ամերիկան վերականգնի իր հիշողությունը: :
Յուրաքանչյուր ապրիլին նախագահը հայտարարություն է անում՝ ընդունելով հայ ժողովրդի նկատմամբ իրագործված վայրագությունը: Սակայն տեղի տալով Թուրքիայի ճնշմանը՝ այդ հայտարարությունը երբեք չի ներառում «ցեղասպանություն» բառը: Դա պետք է փոխվի:
Ես չեմ թերագնահատում այն մարդկանց մտահոգությունները, որոնք ասում են, որ Թուրքիայի բարկությունը կարող է աշխատել ԱՄՆ շահերի դեմ, ինչպես նաև չեմ մերժում այն մարդկանցից, ովքեր ասում են, որ դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելը կարող է բարդացնել խաղաղ բանակցությունները: Բայց արդար եւ տեւական աշխարհակարգը չի կարող կառուցվել կեղծիքների եւ խորամանկությունների վրա: Թող նախագահ Թրամփը ևս մեկ անգամ ցույց տա իր դիրքորոշումը՝ հայտարարելով ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին: Սա հստակ ուղերձ կուղարկի ամբողջ աշխարհում իշխանության մեջ գտնվող զավթիչներին. ձեր քրեական գործերն աննկատ չեն մնա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ