Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:
Կառավարության ղեկավարը նախ անդրադարձել է գերատեսչությունից ունեցած իր ակնկալիքներին և ընդգծել. «Մենք ձեզ հետ պետք է գիտակցենք, որ գյուղատնտեսության նախարարության խնդիրը հետևյալն է. պետք է իրականացնենք բոլոր ռեֆորմները, որպեսզի ունենանք ժամանակակից, էֆեկտիվ, ինդուստրիալ, օրինակելի գյուղատնտեսություն: Մենք շուկաների սահմանափակում չունենք, այն առևտրային արտոնյալ ռեժիմները, որոնք արդեն ունենք՝ ԵԱՏՄ անդամակցություն, ԵՄ-ի հետ GSP+, Իրանի հետ ազատ տնտեսական գոտի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի հետ GSP համակարգ, ցույց են տալիս, որ մենք որակյալ արտադրանք ունենալու դեպքում շուկայի խնդիր չունենք: Ամենամեծ խնդիրը շուկայի խնդիրն է, վաճառելու խնդիրն է, այդ իսկ առումով մեր գիծը, մեր հորիզոնը, մեր նպատակը դա է՝ ունենալ ժամանակակից, արդյունավետ, շահութաբեր գյուղատնտեսություն»:
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ ոլորտի մասնաբաժինը երկրի ՀՆԱ-ում 2016 թվականի տվյալներով կազմել է 15,9 տոկոս, 2017-ի ցուցանիշները դեռևս ամբողջությամբ չեն հավաքագրվել, գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների տեսակարար կշիռը երկրի ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ 2017-ի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 21,6 տոկոս, առաջնահերթ անհրաժեշտ պարենամթերքների ինքնաբավության մակարդակը կազմել է 64 տոկոս, գյուղատնտեսությունում զբաղվածների թիվը՝ 338 հազար մարդ, որը ընդհանուր զբաղվածության 33,6 տոկոսն է: Նախարարի տեղեկացմամբ, 2017-ի ընթացքում հանրապետությունից գյուղմթերքների արտահանումն աճել է 21, ներմուծումը՝ 17 տոկոսով, այսինքն արձանագրվել է արտահանման դրական հաշվեկշիռ: Միաժամանակ, Իգնատի Առաքելյանն ընդգծել է, որ ցուցանիշները վերցվել են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, որն էլ օգտվել է ՊԵԿ-ի տեղեկատվությունից:
Վարչապետ Կարապետյանը կարևորել է արտահանման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և պատասխանատուներին հանձնարարել քայլեր ձեռնարկել՝ վիճակագրական ցուցանիշները ճշգրիտ և հստակ ներկայացնելու համար:
Նախարարի տեղեկացմամբ, 2017-ի ընթացքում աճել են նաև գյուղմթերքի մթերման ծավալները, մասնավորապես՝ պտղի մթերումն աճել է 21 տոկոսով, բանջարեղենինը՝ 11, խաղողինը՝ 1 տոկոսով: Նշվել է, որ նախորդ տարվա ընթացքում հանրապետությունում արտադրվել է 9 մլն լիտր գինի՝ 2016-ի 7 մլն-ի փոխարեն, իսկ արտահանումն աճել է 30 տոկոսով: Կարեն Կարապետյանը խնդիր է դրել 2018-ի ընթացքում գինու արտահանման ծավալները զգալիորեն ավելացնել՝ հաշվի առնելով առկա շուկաներն ու այնտեղ մուտք գործելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները: «Ավելի քան վստահ եմ, որ մենք խաղողի մեծ պահանջարկ ունենք ու խաղող արտադրել ցանկացողների թիվը գնալով աճելու է»,- նշել է վարչապետը:
Գյուղատնտեսության նախարարը զեկուցել է, որ մեկնարկել են խաղողի տնկարկների քարտեզագրման աշխատանքները, և երկու տարվա ընթացքում կունենանք առկա բոլոր խաղողի այգիների գրանցվածությունը: «Հասցեական կունենանք, թե ով ինչ է արտադրել, որքան և ով է գնել այդ խաղողն ու ինչ արտադրել»,- ասել է Իգնատի Առաքելյանը:
Անդրադառնալով գյուղոլորտի զարգացմանը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ այս բնագավառում ընթացիկ տարում պետք է ապահովել զգալի աճ: «Յուրաքանչյուրն իր առջև պետք է ունենա խնդիր, ամբողջը պետք է թվայնացնել: Այս տարի մենք ջրային կառավարմանը հատուկ ուշադրություն ենք դարձնելու, որքան ավելի գումար լինի՝ ուղղելու ենք ջրային կառավարման ոլորտին: Պետք է հասկանալ, թե առաջնային ո՞ր տարածքում է անհրաժեշտ ջուր, ո՞րտեղ կա կաթիլայինի խնդիր, ո՞րտեղ են առկա գյուղատնտեսության զարգացման ներուժ ունեցող տարածքներ և այլն: Ոչ ստանդարտ լուծումներով այս տարի ջրամատակարարման խնդիրը սկզբունքորեն պետք է փոխել»,- ասել է կառավարության ղեկավարը:
Իր հերթին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը տեղեկացրել է, որ 2018-ին շուրջ 50 մլն դոլար է ուղղվելու 150 հազար շահառուների ջրի խնդիրը կարգավորելու համար:
Զեկուցվել է նաև, որ 2017-ի ընթացքում նախարարությունը ներգրավել է գրեթե 40 մլն դոլարի դրամաշնորհային ծրագիր: Վարչապետը հանձնարարել է էլ ավելի ակտիվացնել միջազգային կառույցների հետ աշխատանքները՝ դրամաշնորհային ծրագրերի ծավալներն ավելացնելու նպատակով: Տեղեկացվել է նաև, որ ընթացքի մեջ են գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման աշխատանքները Կենտրոնական բանկի և արտասահմանյան գործընկերների հետ: Նշվել է, որ 2017-ի ընթացքում գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրով գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է 165 միավոր տեխնիկա, ինչը 2016-ի համեմատ ավելի է 2,5 անգամ:
Նախարար Առաքելյանը, խոսելով ընթացիկ տարվա ծրագրերի մասին, նշել է, որ նախարարությունը 2018-ին նախատեսում է շարունակել ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի տեղադրման, կաթիլային ոռոգման համակարգերի, սերմնաբուծության և սերմնարտադրության ծրագրերը: Մասնավորապես, ծրագրվում է միայն պետական ծրագրի շրջանակում ինտենսիվ այգիների ծավալն ավելացնել 200 հեկտարով: Մասնավոր հատվածի նախաձեռնությամբ էլ նախատեսվում է հիմնել լրացուցիչ 600 հեկտար ինտենսիվ այգի: Ներկա դրությամբ հանրապետությունում առկա է 2190 հեկտար ինտենսիվ այգի: Ընթացիկ տարում պետական ծրագրով ներդրվելու է 1600 հեկտար կաթիլային ոռոգման համակարգ. այժմ ճշգրտվում են մասնավոր հատվածի կողմից այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքները: Ներդրվելու է նաև 1350 հեկտար կարկտապաշտպան ցանց: 2018-ի ընթացքում իրականացվելու է 2,8 մլրդ դրամի գյուղտեխնիկայի տրամադրման լիզինգային ծրագիր:
Իգնատի Առաքելյանն ընդգծել է, որ Դավոսում Հայաստանի և Նիդեռլանդների վարչապետների հանդիպումից հետո արդեն իսկ իր հետ կապ է հաստատել նիդեռլանդական կողմի գործընկերը և քննարկել մեր երկրում անասնապահության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններն ու հետագա քայլերը:
Ամփոփելով՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Այս ոլորտում այն խնդիրները, հորիզոնները, որոնք դրել ենք՝ պետք է կատարենք: Գյուղատնտեսությունը մեր երկրի, քաղաքացու կյանքի որակը սկզբունքորեն փոխող ոլորտներից մեկն է: Դրա համար՝ համարձակ առաջ»:
ՀՀ կառավարություն