Այսօր Շիրակի մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների, մի քանի դիվանագետների ու գյումրեցի մտավորականների մասնակցությամբ Գյումրու պատմական կենտրոնում գտնվող ինքնատիպ կառույցներից մեկի՝ «Բեռլին» արվեստի հյուրանոցի տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը նշանակվեց Գերմանիայի Դաշնության՝ Շիրակի ու Լոռու մարզերի պատվո հյուպատոս։
Գյումրեցիների համար այս լուրն այնքան էլ անսպասելի չէր, քանի որ Ալեքսան Տեր-Մինասյանը գերմանացիների հետ տարիներ ի վեր բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Գյումրիում, նրա ղեկավարած պատկերասրահ-հյուրանոցն էլ մշտապես աչքի է ընկել մշակութային բարձրաճաշակ միջոցառումներով։ Ավելին, այս փաստը բավական ուրախացրել է գյումրեցիներին, քանի որ Ալեքսան Տեր-Մինասյանն ամենահամեստ մտավորականներից է։
ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն էլ իր խոսքում նշեց, որ ընտրել են այնպիսի մեկին, որը տարիներ շարունակ ոչ պաշտոնապես հյուպատոսի աշխատանք է իրականացրել Գյումրիում։ Այդ պատճառով էլ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտգործնախարարության ընտրությունն անմիջապես կանգ է առել Ալեքսան Տեր-Մինասյանի վրա։
«Սա ընդամենը փոքր քայլ է ոչ պաշտոնական պատվո հյուպատոսության պաշտոնից անցում կատարելու պաշտոնական պատվո հյուպատոսի պաշտոնակալման։ Գյումրիում արդեն իսկ կա պատվո հյուպատոս իտալական կողմից, երկար ժամանակ է՝ անհրաժեշտություն կար, որ մենք ունենայինք մեր ներկայացուցիչը՝ ի դեմս պատվո հյուպատոսի մի քաղաքում, որը Հայաստանում երկրորդն է իր մեծությամբ և որը հաջողությամբ մրցակցում է մշակութային ոլորտում։ Եվ անհրաժեշտ էր, որ մենք ունենայինք մեր մշտական ներկայացուցիչը՝ ի նպաստ հայ-գերմանական հարաբերությունների էլի ավելի զարգացման»,- ասաց Մաթիաս Քիսլերը։
Նա նաև նշեց, որ իրենց արտգործնախարարությունը խիստ պահանջներ է դնում հյուպատոսի պաշտոնի ստանձնման հավակնություն ունեցող անձանց առաջ, իսկ Ալեքսան Տեր-Մինասյանն այն անձն է, որը հաճույքով կկատարի այդ պահանջները։ Դեսպանի բնութագրմամբ, պարոն Տեր- Մինասյանը 20 տարուց ավելի նպաստել է հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը, նա շատ վաղուց Գյումրիում «Կարմիր Խաչի» պոլիկլինիկան զարգացրեց, այնուհետ ձեռնամուխ եղավ «Բեռլին» արտ-հյուրանոցի հիմնադրամը՝ նպաստելով հայ – գերմանացի արվեստագետների միջև շփումների խորացմանը։
Նախքան պաշտոնական արարողությունը, դեսպան Մաթիաս Քիսլերն Ալեքսան Տեր-Մինասյանի հետ մամլո ասուլիս տվեցին։ Պարոն Քիսլերը պարզաբանեց, թե ինչու է այդքան անհրաժեշտ Շիրակի ու Լոռու մարզերում պատվո հյուպատոս ունենալը։ «Ես արդեն 2,5 տարի ՝ դիվանագիտական առաքելություն եմ իրականացնում Հայաստանում, պիտի նշեմ, որ այս օրը առանձնահատուկ կարևոր և լավ օր է Հայաստան-Գերմանիա հարաբերություների շրջանակում։ Այսօրվանից սկսած Հայաստանում կլինի Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո հյուպատոս», -ասաց դեսպանը։
Նա, պարզաբանելով, թե ինչու են կարևորում Շիրակի ու Լոռու մարզերում պատվո հյուպատոս ունենալը, նշեց, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից է այն, որ իրենք չեն ցանկանում կենտրոնանալ միայն մայրաքաղաքում, այլ ցանկանում են գործունեություն ծավալել նաև մարզերում։ «Այդ գործունեությունը վերաբերում է զարգացման քաղաքականության ոլորտին, տնտեսական կապերի աշխուժացմանը, ինչպես նաև մշակութային կապերի զարգացմանը մարզերում։
Բայց մենք հյուսիսային շրջաններում չունեինք Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներկայացուցչություն, որ կարողանար ստանձնել այս դերակատարությունը, բայց մենք ունենք շատ նախագծեր, շատ ծրագրեր, որոնք իրականացրել և հետագայում էլ ցանկանում ենք ընդլայնելով իրականացրել Հայաստանի տարբեր մարզերում»,-ասաց դեսպանը։ Նա նաև նշեց, որ դեռ վերջնականապես տարբերակված չեն գործառույթները, որոնք Գյումրիում պիտի իրականացնի պատվո հյուպատոսը, և եթե մյուս տարածաշրջաններում հիմնականում զբաղված են Գերմանիայի քաղաքացիներին տրվող խորհրդակցական ծառայություններով, այստեղ կենտրոնանալու են տնտեսական կապերի աշխուժացման, մշակութային քաղաքականության առաջընթացի վրա։
Ալեքսան Տեր-Մինասյանն էլ իր խոսքում նշեց, որ իմ համար մեծ պատիվ է այդ բարձր կոչումը կրելը։
Նա նշեց, որ գերմաներեն սովորել է մանուկ հասակից, 11 տարեկանում գերմաներենից պատվածքներ է թարգմանել, հորաքույրն էլ ձեռագիր գիրք է դարձրել։ Իսկ Գյումրու պոլիտեխնիկական ինստիտուտում ուսանելիս՝ խորացրել է գերմաներենի իմացությունը։
Ալեքսան Տեր-Մինասյանին Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի անունից փոխանցվեց հյուպատոսական արտոնագիրը։ Նա հյուպատոս նշանակվելուց հետո երդվեց հավատարմորեն ու բարեխղճորեն կատարել իր պաշտոնական պարտականությունները։
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ իր ելույթում կատակով նշեց, որ լավ կլիներ Ալեքսան Տեր-Մինասյանին նշանակեին գլխավոր հյուպատոս, նա դրան է արժանի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լաւ լուր է: Գերմանիան հրաշալի երկիր է: Նրա ներկայութիւնն օգտակար կը լինի թէ՛ մեզ, թէ՛ նրանց համար:
Յաջողութիւն եմ մաղթում հիւպատոսին,,