Հունվարի 24-ին Բրյուսելում կայացավ ՀՀ-ԵՄ վիզաների դյուրացման համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի 4-րդ նիստը, որը հայկական կողմից ղեկավարում էր ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը դրական գնահատեցին համաձայնագրի իրականացման ընթացքը: ՀՀ պատվիրակությունը ներկայացրեց վիզաների և մարդկանց տեղաշարժի ոլորտում Հայաստանում տեղ գտած վերջին փոփոխությունները, բարձրաձայնվեցին նաև ՀՀ քաղաքացիների որոշ մտահոգությունները՝ կապված ԵՄ անդամ երկրներ մուտքի արտոնագրի ստանալու հետ:
Երկուստեք կարևորվեց անկանոն միգրացիայի դեմ պայքարի, քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: Քննարկվեցին նաև ԵՄ ընթացակարգերի, վիզաների վիճակագրության հետ կապված հարցեր:
Նույն օրը Բրյուսելում տեղի ունեցավ նաև ՀՀ-ԵՄ ռեադմիսիայի համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի նիստը:
Տեղեկանք. Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի հարցերով համատեղ կոմիտեների ստեղծումը նախատեսված է համաձայնագրերով՝ դրույթների դիտանցումն իրականացնելու, համաձայնագրերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու և համաձայնագրերի կիրարկման հետ կապված այլ հարցերի քննարկման նպատակով: Կոմիտեների նախորդ նիստերը տեղի են ունեցել 2016թ.-ի հունիսին՝ Երևանում:
ՀՀ ԱԳՆ