2018 թվականի հունվարի 12-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցում էր ուղարկել բոլոր 18 նախարարություններին, ՀՀ կառավարության աշխատակազմին, Ազգային ժողովի աշխատակազմին, Երևանի քաղաքապետարանին և կառավարությանն առընթեր 6 մարմնի՝ ամանորի ծախսերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար: Ընդհանուր 27 մարմին:
Հարցման բովանդակությունը հետևյալն է.
«2017թ.-ի վերջին Ձեր գերատեսչության կողմից որքան գումար է ծախսվել .
ամանորի շնորհավորական բացիկների,
ամանորի նվերների (խնդրում ենք նշել նվերների տեսակը և քանակը)
ամանորի ընդունելության կազմակերպման համար:
Խնդրում ենք յուրաքանչյուր ծախսի համար նշել՝ գումարը գերատեսչության 2017 թ.-ի պետական բյուջեից, թե՞ արտաբյուջետային միջոցներից է հատկացվել»:
Հարցումն ուղարկելու հաջորդ օրը ԻԱԿ-ը զանգել և բոլոր վերոնշյալ մարմիններից ճշտել է, որ հարցումները ստացվել են և համապատասխանաբար գրանցվել:
Հարցումն ուղարկելուց 10 աշխատանքային օր հետո՝ 26.01.2018-ի դրությամբ, 27 մարմնից 25-ը պատասխանել է հարցմանը: Պատասխան չի ստացվել միայն Մշակույթի և Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություններից:
Մշակույթի նախարարությունից տեղեկացանք, որ հարցումը տեխնիկական պատճառներով չէին նկատել, և շուտով կպատասխանեն, իսկ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ՏԱ պատասխանատուի՝ աշխատակազմի ղեկավար Վարդան Նիկոյանի հետ ոչ մի կերպ հնարավոր չեղավ կապնվել աշխատանքային հեռախոսահամարով: Ի դեպ նախարարության ՏԱ պատասխանատուն ներառվել էր 2017 թվականի Սև ցուցակում:
Ամենահետաքրքրական պատասխանը ՀՀ կառավարության աշխատակազմինն է. Պարզվում է ՀՀ վարչապետի ներկայությամբ ամանորի ընդունելության ծախսերը ներառված են հույժ գաղտնի, պետական գաղտնիք համարվող տեղեկությունների ցանկում, հետևապես և մեզ չտրամադրեցին: Բանն այն է, որ Գնումների մասին օրենքում փոփոխություններից հետո երկրի բարձրաստիճան պաշտոնյաների՝ ՀՀ նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ, ծախսերը չհրապարակվող տեղեկությունների մեջ մտան:
Իսկ ՀՀ վարչապետի ամանորի ընդունելության ծախսերը, ըստ ստացված պատասխանի, «ներառված են եղել գաղտնիք պարունակող գնումների պլանում, ուստի հրապարակման ենթակա չեն»: ՀՀ կառավարությունը պետական բյուջեի «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծրագրի միջոցների հաշվին ձեռք է բերել 975 հատ ամանորի շնորհավորական բացիկ՝ 682,100 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: https://www.givemeinfo.am/hy/case/2331/:
Հարկ է նշել նաև ՀՀ կառավարության աշխատակազմից ստացված պատասխանների ժամկետների և ՏԱ պատասխանատուի աշխատանքի մասին: Նախ դեռևս անցյալ տարվանից այս մարմինը չէր պատասխանել ԻԱԿ-ի երկու հարցմանը և ՏԱ պատասխանատուն ներառվել էր ԻԱԿ-ի Սև ցուցակում: Այս հարցման հետ կապված այդպես էլ չստացվեց հեռախոսով կապնվել ՏԱ պատասխանատու Ալեքսանդր Ղազարյանի հետ, և միայն Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետի հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ պատասխանը ստանալ:
Այսպիսով, ըստ ստացված արդյունքների, Ամանորի համար ամենաշատը ծախսել է Երևանի քաղաքապետարանը՝ 139,329,092 ՀՀ դրամ համայնքային բյուջեից, որից
89,864,892 դրամը ծախսվել է սոցիալապես անապահով անձանց սոցիալական փաթեթներ տրամադրելու նպատակով. թվով 21738 հատ, 1 փաթեթի արժեքը 4134 դրամ,
44,464,200 դրամը՝ Երևանի մանկապարտեզների թվով 40422 երեխայի համար նվեր-փաթեթներ պատրաստելու նպատակով. մեկ փաթեթի արժեքը 1100 դրամ,
Երևանի քաղաքապետարանում ամանորյա պաշտոնական ընդունելության կազմակերպման համար «Արիես քեյթրինգ սերվիս» ՍՊԸ-ի հետ կնքվել է համապատասխան պայմանագիր՝ 5 մլն դրամի չափով:
Իսկ Ամանորի շնորհավորական բացիկների համար, ըստ քաղաքապետարանի, համայնքային բյուջեից միջոցներ չեն ծախսվել: Սակայն մեր հարցման մեջ մենք ոչ միայն համայնքային բյուջեից, այլ նաև արտաբյուջետային ծախսերի մասին էլ էինք տեղեկություն հայցել, սակայն Երևանի քաղաքապետարանի կողմից փաստացի ուղարկված շնորհավորական բացիկների ծախսի մասին տվյալներ չենք ստացել: https://www.givemeinfo.am/hy/case/2333/:
Ամանորի շատ ծախսեր կատարած երկրորդ մարմինը Արտաքին գործերի նախարարությունն է. Նախարարությունը պատասխանում նշում է, որ ոչ բյուջետային միջոցներից (չնշելով, թե ինչպես են գոյանում ոչ բյուջետային միջոցները) ծախսվել է 4,403,460 ՀՀ դրամ, որից 337,260 դրամը հատկացվել է շնորհավորական բացիկներին, 2,860,700 դրամը՝ ընդունելությանը, 850,000 դրամ էլ հատկացվել է երաժշտական ծառայության մատուցմանը, իսկ 355,500 դրամը ծախսվել է զորամաս այցելելիս զինվորների համար 145 տուփ շոկոլադ գնելու նպատակով: https://www.givemeinfo.am/hy/case/2323/
ԱԳՆ-ին փոքր-ինչ զիջում է ՀՀ ոստիկանությունը, որը պետական բյուջեից 4,169,000 ՀՀ դրամ հատկացրել է աշխատակիցների երեխաների համար նվերներ գնելուն: Իսկ շնորհավորական բացիկների և ամանորի ընդունելության կազմակերպման համար գումար չի ծախսվել։ https://www.givemeinfo.am/hy/case/2336/
Հաջորդը Ազգային ժողովն է. ԱԺ-ն ամանորին նախապատրաստվել է՝ պետական բյուջեից ծախսելով 3,974,900 ՀՀ դրամ, որից 1,168,000 դրամը հատկացրել է շնորհավորական բացիկներին, իսկ 2,806,900 դրամը՝ ամանորի ընդունելության կազմակերպմանը: Պատասխանում նշված է, որ «ՀՀ ազգային ժողովն ամանորյա նվերների համար գումար չի ծախսել»: https://www.givemeinfo.am/hy/case/2332/:
Սակայն մեր լրագրող գործընկերները էլեկտրոնային գնումների կայքում՝ https://armeps.am/ppcm/public/contracts ուսումնասիրել են 2017թ.-ի դեկտեմբեր ամսին ՀՀ ազգային ժողովի կողմից կնքված պայմանագրերը և պարզել, որ պաշտոնական պատվիրակության ընդունելության համար ՀՀ Ազգային ժողովը ծախսել է շուրջ 44 137 ԱՄՆ դոլարին համարժեք 21185800 ՀՀ դրամ: ՍիվիլՆեթն այս ծախսերը ներկայացնում է որպես ամանորի ծախս, մանրամասները տես տեսանյութում:
Ֆինանսների նախարարությունը պետական բյուջեից 3,337,590 ՀՀ դրամ է հատկացրել ամանորի նախապատրաստություններին. նախարարությունը ամանորի բացիկներ չի գնել, իսկ նախարարության բյուջեից մինչև 12 տարեկան երեխաներ ունեցող աշխատակիցների երեխաների համար ձեռք է բերվել ներկայացման 470 տոմս «Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ից՝ 376,000 ՀՀ դրամով: Ամանորի կապակցությամբ 2017 թվականի դեկտեմբերի 19-ին և 20-ին ՀՀ ֆինանսների նախարարության շենքում կազմակերպվել են միջոցառումներ՝ 3,299,990 ՀՀ դրամ արժեքով: https://www.givemeinfo.am/hy/case/2318/
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողների արհեստակցական կազմակերպությունն ամանորի տոնակատարությունների առիթով ԱԻՆ աշխատակիցների երեխաների համար ձեռք է բերել Ա. Խաչատրյան համերգասրահի ամանորյա ներկայացման 1801 տոմս՝ յուրաքանչյուրը 1000 ՀՀ դրամ արժողությամբ, տոմսերի ընդհանուր արժեքը՝ 1,801,000 ՀՀ դրամ: Նախարարությունն Ամանորի շնորհավորական բացիկների համար գումար չի ծախսել, քանի որ «նախորդ տարիներից եղել է բացիկների մնացորդ, որն օգտագործվել է այս տարի»: Իսկ ԱԻՆ աշխատակիցների համար ամանորյա հյուրասիրությունը և միջոցառումը կազմակերպել է ԱԻՆ ճաշարանը շահագործող «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ն՝ սեփական նախաձեռնությամբ, իր միջոցներով: https://www.givemeinfo.am/hy/case/2314/
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն արտաբյուջետային միջոցներից 695,590 ՀՀ դրամ է հատկացրել միայն ամանորի ընդունելության կազմակերպմանը: Բացիկների և նվերների համար գումար չի ծախսվել: https://www.givemeinfo.am/hy/case/2330/
Ամանորին առավել համեստ է նախապատրաստվել Բնապահպանության նախարարությունը. մարմինը ծախսել է 385,000 ՀՀ դրամ. նախարարության կողմից ձեռք է բերվել 100 բացիկ՝ 60.000 դրամ ընդհանուր արժողությամբ, արտաբյուջետային միջոցներով պատվիրվել է բնապահպանության բնագավառում նշանակալի ներդրման համար գերատեսչական մեկ ոսկե մեդալ՝ 40.000 դրամ արժողությամբ: Պետական բյուջեից ընդունելության կազմակերպման համար ծախսվել է 285,000 դրամ:
Բնապահպանության նախարարությանը զիջում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը. շնորհավորական բացիկներ ձեռք բերելու համար ծախսվել է 201,500 ՀՀ դրամ: Ամանորի ընդունելություն չի կազմակերպվել, նվերներ ձեռք չեն բերվել: Նախարարությունը պատասխանում չի նշել, թե ինչ միջոցներից է հատկացվել գումարը: https://www.givemeinfo.am/hy/case/2315/
Ազգային անվտանգության ծառայությունը պետական բյուջեից 174.000 դրամ հատկացրել է միայն շնորհավորական բացիկներին, իսկ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը նույն նպատակով պետական բյուջեից 115,200 ՀՀ դրամ է ծախսել: https://www.givemeinfo.am/hy/case/2329/
Քաղաքաշինության պետական կոմիտեն պետական բյուջեից 90,000 ՀՀ դրամ է ծախսել շնորհավորական բացիկներ ձեռք բերելու նպատակով, իսկ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը պետական բյուջեից 73,500 ՀՀ դրամ է հատկացրել 150 հատ շնորհավորական բացիկ գնելուն: https://www.givemeinfo.am/hy/case/2328/:
Կրթության և գիտության նախարարության պատասխանից պարզ է դառնում, որ պետական բյուջեից ծախսեր չեն կատարվել, սակայն ամանորի շնորհավորական բացիկները «նախարարության պաշտոնյաները յուրաքանչյուրն իր մասով գնել է իր անձնական միջոցներով», իսկ նախարարության աշխատակիցներին ամանորի նվերներ տրվել է արհմիության միջոցներից: Ընդունելություն չի կազմակերպվել: https://www.givemeinfo.am/hy/case/2324/
Ներքոնշյալ մարմիններն, ըստ իրենց տրամադրած պատասխանների, ամանորին նախապատրաստվելիս գումար չեն ծախսել ո՛չ պետական բյուջեից, ո՛չ արտաբյուջետային միջոցներից.
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը
Առողջապահության նախարարությունը
Արդարադատության նախարարությունը
Գյուղատնտեսության նախարարությունը
Սփյուռքի նախարարությունը
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն
Պետական գույքի կառավարման վարչությունը
Պետական եկամուտների կոմիտեն
Բոլոր մարմիններին ուղղված հարցումները և պատասխանները կարող եք գտնել givemeinfo.am կայքում:
Հարցման պատասխաններն ըստ ժամկետների
Համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի՝ գրավոր և էլեկտրոնային հարցումներին պատասխան տրվում է 5-օրյա ժամկետում:
Ամենաարագը՝ հարցումն ուղարկելուց 1 աշխատանքային օր անց, պատասխան է տրամադրել Արդարադատության նախարարությունը:
Ամենաուշը պատասխան են տրամադրել ԱԻՆ-ը և Երևանի քաղաքապետարանը՝ համապատասխանաբար 10 և 9 աշխատանքային օր անց: Չնայած Երևանի քաղաքապետարանի տրամադրած պատասխան-գրության մեջ նշված է 19 հունվարի, 2018, սակայն ծրարի վրա դրված փոստային կնիքը դրված է 24 հունվարով: Այսինքն, գրությունը պատրաստ է եղել հարցումը ստանալուց 5 աշխատանքային օր հետո, սակայն այն փոստով ուղարկվել է հունվարի 24-ին: Պատասխանը էլեկտրոնային փոստով ևս ստացվել է հունվարի 24-ին:
3 աշխատանքային օր հետո պատասխան է ստացվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ՀՀ Ոստիկանությունից և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից:
4 օր հետո հարցմանը պատասխանել են Սփյուռքի, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունները և Քաղաքաշինության պետական կոմիտեն:
Ամենից շատ պատասխանները տրամադրվել են հարցման 5-րդ օրը. ԱԺ-ն, Առողջապահության, Գյուղատնտեսության, Կրթության և գիտության, Ֆինանսների նախարարությունները, ինչպես նաև Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունները, ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը և Պետական գույքի կառավարման վարչությունը:
Ուշացած պատասխաններ են տրամադրել ԱԳՆ-ն, Պաշտպանության, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները՝ 6 օր անց, Բնապահպանության նախարարությունը՝ 7 օր անց:
Անհիմն է ՊՆ-ի պատասխանը. Պաշտպանության նախարարությունը լրացուցիչ ժամանակ է խնդրել անհրաժեշտ տեղեկության տրամադրման համար, քանի որ լրացուցիչ ուսումնասիրություն է անհրաժեշտ: Սակայն արդեն իսկ ծախսված գումարների մասին տեղեկատվությունը պետք է որ պատրաստ տեղեկությունների ցանկում լինի: Պատասխանը ստանալուց հետո, անմիջապես կհրապարակենք:
Ամփոփելով ստացված պատասխանները, ստացվում է,որ պետական 25 մարմին 155 431 932 ՀՀ դրամ կամ շուրջ 321 140 ԱՄՆ դոլար է ծախսել Ամանորի նախապատրաստման համար:
Ինֆորմացիայի ազատության կենտրոն