Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶՈՒ-ն անձեռնմխելի չէ եւ հնդկական մշակույթի սուրբ կովի կարգավիճակում չէ». Սաքունցը՝ բանակում խնդիրների մասին

Հունվար 26,2018 18:45

«Վիգեն Սարգսյանը, իր պաշտոնը ստանձնելուց ի վեր մեկ անգամ չի խոսել բանակում տիրող իրավիճակի մասին: Մահվան դեպքերը, ինքնասպանությունները, այդ տվյալները, կան, թե ինչ է անում ՊՆ ղեկավարությունը՝ այդ դեպքերը կանխելու, իրավիճակը փոխելու՝ ոչ մի խոսք չկա»,- այսօր «Մեդիա կենտրոնում» Մարդու իրավունքների խախտումները զինված ուժերում թեմայով քննարկմանն ասաց «Լրագրողներ՝ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը:

Նա նշեց, որ այցելել է ականի պայթյունից զոհված զինվորների ընտանիքներին, կարելի է ասել, փաստահավաք աշխատանք կատարել. «Տեսանք, որ ահավոր պատկեր է: Օրինակ, նոյեմբերի 21-ին տեղի ունեցած դեպքում երեք զինվոր է մահացել, մեկը վիրավոր է՝ Նարեկը: Մենք այցելել ենք նաեւ 3 զինվորների տուն, սպան, որը նոր ավարտել էր Ռազմական ակադեմիան, նրան ուղեկցել էին եւս երկու շարքայիններ, սպան երկու ամսից մի քիչ լավ էր ծառայում, պայթյունը տեղի է ունեցել, անփորձության խնդիրն ակնհայտ է՝ սպան փորձ չուներ: Անցյալ շաբաթ հրապարակվեց Մանգասարյանի դեպքը, պաշտոնական հաղորդագրություն էր տարածվել Մանգասարյանի մահվան եւ երկու վիրավորների մասին:

Բայց մենք այցելեցինք իրենց տուն, տեսանք 7 վիրավորի մասին պաշտոնական գրություն՝ անուն-ազգանուններով, որ կա մեկ զոհ եւ 7 վիրավոր: Դա տեղի է ունեցել անցյալ տարի նոյեմբերի 4-ին: Այստեղ ամենակարեւորն այն է, որ ընդունել են, որ պատասխանատուներ կան, որոնք պետք է խստագույնս պատժվեն, Վիգեն Սարգսյանը այդ ծնողին կանչել է իր աշխատասենյակ, խոստացել է, որ պատժվելու են, մինչեւ այս պահը որեւէ մեկը պատասխանատվության չի կանչվել, արդեն քննության երկրորդ ամիսն է: Իրենք ակնհայտորեն ասում են, որ պատասխանատուներ կան, պայթյունը տեղի է ունեցել պահեստում, չգիտես ինչու է հակատանկային նռնակը եղել մարտական վիճակում»:

Ժաննա Ալեքսանյանն ասաց, որ հայրենասիրությունը լրիվ այլ կերպ է հիմա ընկալվում, միայն համազգեստը հագնելով չի. «Մանգասարյանի մայրն ասում է՝ իմ տղան հերոս է եղել, ապրիլյան պատերազմի մասնակից է եղել, բայց մեկը իմ դուռը չբացեց՝ զրո ուշադրություն: Հակառակորդի գնդակից զոհված ընտանիքներին էինք այցելում, որոնք հերոսի կարգավիճակ ունեն, պարգեւատրում են հետմահու, բայց բոլոր ծնողները շատ դժգոհ էին, զրո ուշադրություն՝ իրենց նկատմամբ: Ասում էին՝ մեզ այդ մեդալները պետք չէր»:

Հարցին՝ վերջին տարիներին բանակում մարդու իրավունքների պաշտպանությունը ի՞նչ վիճակում է՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցը պատասխանեց, որ 2010-ից 2018-ը ընկած ժամանակահատվածում բանակում մահացության դեպքերի վիճակագրության մեջ կա հետաքրքիր օրինաչափություն՝ 2010-13 թթ մահացությունների թվում 20-25 տոկոսը կազմում են հրադադարի հետեւանքով մահվան դեպքերը, 2014-18թթ-ին կազմում է 45-50 տոկոսը. «Հրադադարի ռեժիմի խախտումների ինտենսիվությունը, որ մեծանում է, թվում է թե ԶՈՒ-ում իրավունքների պաշտպանությունը, զինծառայողների նկատմամբ ուշադրությունը պետք է մեծանա, բայց ամենեւին չի մեծանում: Մենք չենք տեսնում միտումը, որ իրապես բարելավում կա, կայուն շարունակական վատ վիճակ է»: Սաքունցն ասաց, որ ապրիլյան պատերազմը խնդիրների մի ամբողջ փունջ բացահայտեց, եւ այդ խնդիրները բացահայտելու ուղղությամբ չեն տեսնում քայլեր:

Ըստ Սաքունցի, զորակոչի ժամանակ բժշկական զննության խնդիրը մնում է բանակի աքիլլեսյան գարշապարը: Նա ասաց, որ իրենք առաջարկել են ռազմական օմբուդսմենի ինստիտուտը ներդնել, չեն ընդունում իրենց առաջարկը. «Բայց ադրբեջանական տերմինով Յախշի ինստիտուտ կա, լսե՞լ եք»:

Ըստ Սաքունցի, ԶՈՒ-ն անձեռնմխելի չէ եւ հնդկական մշակույթի սուրբ կովի կարգավիճակում չէ, եթե խնդիրներ կան, պետք է քննարկել ու լուծում տալ, մինչդեռ ինչ խնդիր բարձրացնում են, ասում են՝ թշնամին չիմանա: Արդյունքում՝ ավելի շատ ենք ունենում զոհեր. «Մինչեւ հիմա չի լուծվել տարրական մի խնդիր՝ մի անձի մոտ մի քանի հիվանդությունների առկայության դեպքում նրա պիտանիության հարցը:

Ըստ հիվանդությունների են որակում եւ վերջում ճանաչում պիտանի՝ շարային ծառայության: Հիմա որոշել են 5 եւ ավելի հիվանդությունների դեպքում, բայց մենք առաջարկում ենք 2 եւ ավելի հիվանդությունների դեպքում ճանաչել ոչ պիտանի, խայտառակություն է ունենալ 2 եւ ավելի հիվանդություն ու ծառայել, ո՞ւմ է պետք»:

Սաքունցն ասաց, որ Իսրայելում հոգեբաններն են զբաղվում բանակում հոգեբանության խնդիրներով, մեզ մոտ՝ սարկավագները. «Քահանան հոգեբան չէ ու չի կարող հոգեբան լինել: Պետք է ուժեղացնել զինվորական հոգեբանների ինստիտուտը, ոչ թե տերտերների ինստիտուտը: ՊՆ նախարարը հանդես է գալիս Հայ առաքելական չգիտեմ ինչի դերում: Կեսարինը՝ կեսարին, Աստծունը՝ Աստծուն, խառնել են իրենք»:

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031