Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղի բլիթը ուղղակի միջոց է և ազգային գեղեցիկ սովորություն»․ նշվում է Սուրբ Սարգսի տոնը

Հունվար 26,2018 17:59

Սուրբ Սարգիսը (նաև սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր) Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող տոներից է։ Նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը։ Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։

Հյուսիսային պողոտայում տոնին ընդառաջ այսօր՝ հունվարի 26-ին, տեղի ունեցավ ֆլեշմոբ-միջոցառում Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միության համակարգող տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ:

«Այս տարիների ընթացքում առաջին անգամ էր նման նախաձեռնություն իրականացվում Արարատյան Հայրապետական թեմի և տարբեր հասարակական կազմակերպությունների միությամբ, և կարծում եմ՝ այն շարունակական կլինի»,-ասաց տեր Պետրոսը և բացատրեց հենց հունվարի 26-ին տոնը նշելու պատճառը․ «Եթե վաղը նշեինք տոնը, այն արդեն ժամկետանց կլիներ, աղի բլիթները պիտի այսօր բաժանվեն, որ երիտասարդները ուտեն, գիշերը իրենց սիրեցյալին տեսնեն »։

Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդ աղջիկները աղի բլիթ են ուտում և ակնկալում երազում տեսնել իրենց ապագա փեսացուին։ Ընդունված է եղել նաև տան տանիքին կամ պատշգամբում փոխինդ դնել և սպասել, թե երբ Ս. Սարգիսը կթողնի իր ձիու պայտի հետքերը։ Ըստ ավանդույթի՝ այն մարդը, որի ափսեում շաղ տված ալյուրի կամ փոխինդի միջով կանցնի սուրբը, սպասվում է մեծ հաջողություն։

Տեր Պետրոսը ցանկություն հայտնեց, որ բոլոր երիտասարդների բարի ցանկությունները Աստված իրականացնի առաջին հերթին ոչ թե աղի բլիթով, այլ հավատքի զորությամբ ․ «Աղի բլիթը ուղղակի միջոց է և ազգային գեղեցիկ սովորություն, որը մենք պահպանում ենք։ Եկեղեցին երբեք դեմ չի եղել և չի պայքարել դրա դեմ բայց և չի էլ քաջալերել, որ դրանով կարող ես երազում քո սիրեցյալին տեսնել »։

Միջոցառման ժամանակ պաստառների վրա երիտասարդները գրում էին մաղթանքներ, սիրո խոստովանություններ և այն ինչ ցանկանում են ասել իրենց սիրելիին։

Տեր Պետրոսը հետևեց երիտասարդների օրինակին և գրեց՝ Աստված սեր է։ Այն հարցին, թե ի՞նչ է սերը այդ դեպքում, նա պատասխանեց․ «Սերն այն է, ինչի պակասը մենք ունենք ։Ես կարծում եմ հենց այս սիրո շնորհիվ մենք կկարողանանք մեկս մյուսի հանդեպ ավելի շատ բարություն ցուցաբերել ։ Ես կուզենայի ոչ միայն երիտասարդների այլև ամբողջ ժողովրդի մոտ սիրո պակասը լրացված տեսնել »։

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031