«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստում այսօր ամբաստանյալների պաշտպանները միջնորդեցին նաեւ որպես վկա հարցաքննել «Սասնա ծռերի»-ի գործով ամբաստանյալ Արամ Հակոբյանին, որին, ինչպես Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Գեւորգ Սաֆարյանին, նաեւ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանք է առաջադրված:
Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը, սակայն, միջնորդությունը մերժեց, ինչը վրդովվեցրեց պաշտպանական կողմին:
Ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպաններից Տիգրան Հայրապետյանը հայտարարեց՝ անտրամաբանական է, երբ դատավորը բավարարում է Ավետիսյանին եւ Մանուկյանին որպես վկա հարցաքննելու միջնորդությունը, իսկ Արամ Հակոբյանի (լուսանկարում) մասով՝ մերժում այն: «Սա անհարգալից վերաբերմունք է մարդու իրավունքների հանդեպ: Չի կարելի արդարադատությունն այդքան ցածրացնել»,-դիմելով դատավորին՝ ասաց նա:
Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն էլ իր հերթին պաշտպանին հորդորեց դատարանի գործողությունները չխեղաթյուրել:
Թե ինչ կարող էր Արամ Հակոբյանը դատարանում հայտնել Ժիրայր Սեֆիլյանի մասին՝ Տիգրան Հայրապետյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Արամ Հակոբյանի տան խուզարկության ժամանակ տանիքում գործարանային արտադրության ռումբ է հայտնաբերվել: Հետո պարզվեց, որ մեկը տարել-դրել է եւ սխալ է դրել, դա հարեւանի ռումբն է եղել…նման հանգամանքներ կան, որ չգիտես ինչու, ոչ մեկին չեն հետաքրքրում»:
Տիգրան Հայրապետյանը պնդեց, որ Սեֆիլյանին եւ Գեւորգ Սաֆարյանին առաջադրված՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքն անհիմն է. «Բայց այդ նույն մեղադրանքը նաեւ Արամ Հակոբյանին են առաջադրել, ուստի Վարուժան Ավետիսյանից ու Պավել Մանուկյանից բացի, նրան էլ պետք էր լսել»:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ