Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 25-ին Սարի թաղի բնակիչներ Ժորա Ավետիսյանի, Արման Ադամյանի եւ Հրաչյա Բոյաջյանի գործով հերթական դատական նիստում որպես վկա հարցաքննվեց Արմեն Սարգսյանը: Հիշեցնենք՝ նշյալ անձինք մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավումից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին, Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ:
Սարի թաղում այդ ժամանակ ջուր եւ գազ չի եղել, դեպի Խորենացի փողոց՝ ՊՊԾ գնդի կողմ տանող ճանապարհն էլ փակ է եղել (տարածքը գրավված էր «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից), ինչի պատճառով բնակիչները դուրս էին եկել փողոց բողոքելու. նրանց եւ ոստիկանների միջեւ բախում էր տեղի ունեցել, մոտ 10 բնակիչ էր կալանավորվել:
Վկա Արմեն Սարգսյանը դատավոր Արթուր Օհանյանին հայտնեց, որ Սարի թաղի բնակիչ է եւ միջադեպի օրը հարեւանությամբ ապրող գործընկերոջ տանն է եղել: Նա հերքեց դատարանում ավելի վաղ հարցաքննված ոստիկանների պնդումը, թե սարիթաղցիների մի մասը ցանկացել է ՊՊԾ գունդը գրավածներին միանալ: Արմեն Սարգսյանի խոսքով՝ բնակիչները ոստիկաններին մոտեցել են գազ եւ լույս չունենալու խնդիրը բարձրաձայնելու համար, եւ ոչ մեկը նպատակ չի ունեցել միջադեպ հրահրել:
«Ես ոչ մեկի ձեռքին քար չեմ տեսել»,-ասաց Արմեն Սարգսյանը, մինչդեռ, ինչպես վկա-ոստիկաններն էին պնդել, սարիթաղցիների քարերով հարվածներից ոստիկաններ են տուժել:
Ամբաստանյալների պաշտպաններն Արմեն Սարգսյանից հետաքրքրվեցին, թե արդյոք դեպքի վայրում նկատե՞լ է քաղաքացիական հագուստով ոստիկանների: Սարգսյանն ակնարկեց՝ բոլորն էլ գիտեն, որ նման դեպքում քաղաքացիական հագուստով ոստիկաններ լինում են, ու ասաց, որ եթե սարիթաղցի լինեին, ինքը կճանաչեր: Վկան նաեւ դատարանին հայտնեց, որ դեպքի վայրում կրակոցներ է լսել:
Միջադեպի մանրամասները՝ Lragir.am-ի տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ