ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն մշակել է և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսված է հստակեցնել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական միջոցների հաշվին կառուցված՝ դեռևս Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև ՀՀ մարզպետարանների սեփականությունը հանդիսացող բնակարանների (բնակելի տների) հետագա տնօրինման, տիրապետման հետ կապված հարցերը:
Մասնավորապես, 2009-2012 թվականներին ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքում և Մարալիկ բնակավայրում, ինչպես նաև` ՀՀ Լոռու մարզի Սպիտակ և Ստեփանավան համայնքներում կառուցվել են բնակարաններ (բնակելի տներ), սակայն սահմանված ժամկետում նվիրատվության պայմանագրեր չկնքելու պատճառով իսկ որոշ դեպքում՝ նաև բաշխված չլինելու պատճառով, բնակարանների մի մասը դեռևս հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը:
Խնդրո առարկա որոշման նախագծով նախատեսվում է՝
– բաշխված, սակայն Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բնակարանները նվիրաբերել համայնքներին, դրանք՝ համապատասխան պայմանագրերի հիման վրա այդ բնակարանները ստացած քաղաքացիներին հատկացնելու պայմանով:
– չբաշխված բնակարանները անհատույց սեփականության իրավունքով հատկացնել համայնքի բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին՝ առաջնահերթությունը տալով սոցիալական այն խմբերում ընդգրկված ընտանիքներին, որոնց բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ ձևավորված է պետական պարտավորություն:
Ընդ որում, քաղաքացիների հետ համապատասխան պայմանագրերի կնքման և դրանցից բխող գույքային իրավունքների պետական գրանցման վճարները կատարվելու են բնակարան ստացած անձանց միջոցների հաշվին (ՀՀ կառավարության կողմից սահմանված վերջնաժամկետում՝ մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1-ն, այդ ծախսերը կատարվել են պետական միջոցների հաշվին):
Նույն խնդիրն առկա է նաև 2000-2004 թվականներին ՀՀ պետական բյուջեի, «Լինսի», «Ջոն և Կարեն Հանթսման», «Հայաստան» համահայկական հիմնադրամների և «Ամերիկյան Կարմիր Խաչի» միջոցներով Գյումրի, Վանաձոր և Ստեփանավան համայնքներում կառուցված բազմաբնակարան շենքերի որոշ բնակարանների մասով:
Նախագծով առաջարկվել է այդ բնակարանները ևս՝ նույն պայմաններով նվիրաբերել համապատասխան համայնքներին:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ՄԱՄՈւԼԻ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ