Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտքարտուղարը` Գեւորգ Կոստանյանի մասին. «Դոկտորական ատենախոսությունը չի զուգակցվում խաշկերույթով»

Հունվար 26,2018 17:05

Նախկին զինդատախազ Գեւորգ Կոստանյանը «Հանրային իրավունք» մասնագիտությամբ իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն է պաշտպանել այս տարվա հունվարի 20-ին, թեման էլ հետեւյալն է. «Պետության հայեցողականության հիմնախնդիրները սահմանադրաիրավական եւ կոնվենցիոն կարգավորումների համատեքստում (Անձի ազատության, անձեռնմխելիության եւ արդար դատաքննության իրավունքներ)»:

Ատենախոսության սեղմագիրը տեղադրված է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կայքում: Այս ակադեմիայում 2016թ.-ից ստեղծվել է Իրավագիտության 041 մասնագիտական խորհուրդը, որը կազմակերպում է թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանություններ: Պարոն Կոստանյանի դոկտորականի պաշտպանությունն էլ այստեղ է եղել:

Սեղմագրում նշված է, որ գիտական նորույթն այն է, որ «ատենախոսությունը հայրենական գիտության մեջ անձի ազատության (Կոնվենցիայի 5-րդ հոդված), արդար դատական քննության (Կոնվենցիայի 6-րդ հոդված) և դրանց առնչությամբ Հայաստանի Հանրապետության դատարանների հայեցողության սահմանների կիրառման հիմնահարցերին նվիրված առաջին համալիր հետազոտությունն է»: Նաեւ նշված է, որ «Աշխատանքում առաջին անգամ ամբողջական վերլուծվել է Հայաստանի Հանրապետությունում արդար դատաքննության և դրա յուրաքանչյուր բաղադրիչի կիրառման, ինչպես նաև` դրանք չկիրառելու բացառիկ դեպքերի հայեցողության հնարավորությունը և դրա սահմանները այն առումով, որ դրանք առավելագույն ապահովեն համապատասխանությունը եվրոպական իրավական չափորոշիչներին»:

041 խորհրդի գիտական քարտուղար Հասմիկ Ստեփանյանը պատասխանելով Aravot.am-ի դիտարկմանը, որ մեկ դոկտորական ատենախոսություն անցյալ տարի է պաշտպանվել, մեկն էլ 2018-ին, եւ Գեւորգ Կոստանյանի աշխատանքը միակն է, արդյոք դրա համար ինչ-ինչ լծակներ գործի չե՞ն դրվել, նշեց. «Գեւորգ Կոստանյանը այդ ատենախոսության վրա աշխատել է մոտավորապես 9 տարի, թեման էլ առնչվում է իր պրակտիկ գործունեության հետ: Նա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչն է եղել մոտ 14 տարի եւ ատենախոսությունում կան 500-ից ավելի դատական ակտեր, որոնք Գեւորգ Կոստանյանն ուսումնասիրել է իր պրակտիկ գործունեության արդյունքում: Կարծում եմ՝ դա բավարար է, որ Գեւորգ Կոստանյանը լինելով թեկնածու դոցենտ՝ կարող էր 9 տարվա ընթացքում պատրաստվել դոկտորական աշխատանքի»:

«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ կիրակի օրը «Օջախ» ռեստորանում Գեւորգ Կոստանյանի դոկտորական ատենախոսության պաշտպանության առիթով մեծ խաշկերույթ է եղել, որին մասնակցել են բազմաթիվ պաշտոնատար անձինք եւ խորհրդի անդամները: Դրա համար էլ Հասմիկ Ստեփանյանից հետաքրքրվեցինք` ինքն է՞լ է ներկա գտնվել «Օջախ» ռեստորանում Կոստանյանի դոկտորականի պատվին կազմակերպված խաշկերույթին:

«Դոկտորական ատենախոսությունը պաշտպանում են 041 մասնագիտական խորհրդում եւ ամեն ինչը տեղի է ունենում Կառավարման ակադեմիայում, դոկտորական ատենախոսությունը չի զուգակցվում խաշկերույթով»,-ասաց 041 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031