Մարդու իրավունքների խախտումները ԶՈՒ-ում թեմայով «Մեդիա կենտրոնում» քննարկման ժամանակ իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասաց, որ 2017-ին նախնական տվյալներով 62 զինվոր է մահացել, որից 50 տոկոսը հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով է, մյուսները մահացել են ներքին կանոնադրական հարաբերությունների, դժբախտ պատահարների հետեւանքով: Բանակում ինքնասպանության 10 դեպք է գրանցվել միայն անցյալ տարի:
Սաքունցն ասաց, որ ապրիլյան պատերազմից հետո լուրջ անելիք կար, բայց ՊՆ նախարարը չի անդրադառնում կանոնադրական հարաբերությունների խախտումներին, իրավունքների խախտման բողոքարկման արդյունավետ մեխանիզմներին, կոռուպցիային. «ՊՆ նախարարի, գերատեսչության կողմից որեւէ հղում ԵԽ փորձագիտական խմբի կողմից մշակված նկատառումներին չի արվել: Մենք չենք տեսնում ՊՆ-ի ղեկավարության կողմից ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ մտահոգվածություն կամ կարեւորում՝ որպես առանցքային խնդիրներից մեկը»:
«Լրագրողներ՝ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը անդրադարձավ բանակում միջադեպերի առնչությամբ ֆեյսբուքյան քննարկումներին. «Երբ օգտատերը գրել էր, որ 8 օրվա նորակոչիկը բանակում պատուհանից իրեն նետել է ցած, Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց, որ քննություն է կատարվում, մենք արձագանքեցինք եւ այցելեցինք այդ ընտանիքին: Մինչեւ մեր այցելությունը պաշտոնական խողովակներով իշխանամետ թերթեր գրեցին, որ այդ տղան չի ուզել ծառայել: Վստահ եմ, որ դա ՊՆ-ի կողմից էր ուղղորդված: Մեր այցելությունը ցույց տվեց բոլորովին հակառակ պատկերը՝ տղան շատ մեծ ուրախությամբ է գնացել ծառայության, քեֆ-ուրախություն են արել: Ծնողները չեն հավատում, որ տղան իրեն պատուհանից ցած է գցել, որովհետեւ մեկ շաբաթ ընտանիքի հետ կապ է ունեցել այդ տղան՝ Էռնեստ Հովհաննիսյանը: Հետո ծնողներին ցույց են տվել պատուհանի տակ արյան հետքեր եւ ասել՝ այստեղ է ընկել ձեր տղան: Ծնողները չեն պատկերացնում: Այսինքն, ՊՆ-ն, ես չգիտեմ մի օրինակ, որ նրանք հակված են բացահայտել դեպքը, ոչ թե փակել, այլ հանրային քննարկում սկսել, պարզել՝ ի՞նչը կարող էր այդ նորակոչիկին հասցնել այն վիճակին, որ նա զորամասում նետվեր: Իբր թե նա ասել է, թե չեմ ուզում ծառայեմ, դրանք կեղծ տեղեկություններ են: Դա անպատժելիության մթնոլորտ պահպանել է՝ բանակի ներսում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի