Ելույթ ԵԽԽՎ-ում՝ Արցախյան շարժման 30-ամյակի, 80-ական թթ վերջին և 90-ական թթ. սկզբին ժողովրդավարական աշխարհի կողմից Ղարաբաղյան շարժման հանդեպ ցուցաբերած ընդգրկուն աջակցության ու համակրանքի, Ադրբեջանի կողմից ոչ հեռավոր անցյալի պատմական փաստերի խեղաթյուրման մասին:
Տիկին Նախագահ, հարգելի գործընկերներ,
Գալիք փետրվարը կնշանավորի մի ժողովրդավարական շարժման 30-ամյակ, որը պատմության մեջ ստացավ Ղարաբաղյան շարժում անվանումը. միլիոնավոր հայերի խաղաղ և ժողովրդավարական մի աննախադեպ համախմբում խորհուրդների հսկայական կայսրության հարավային սահմանին: Բալթյան երկրների անկախության շարժումների, լեհական «Սոլիդարնոստ» -ի և Արևելյան Եվրոպայի այլ երկրներում ծավալվող համանման ժողովրդավարական ընդվզումների հետ միասին, Ղարաբաղյան շարժումը և Խորհուրդների անընդունակությունը՝ որևէ տրամաբանական արձագանք տալու ծավալվող ժողովրդավարացման ալիքին, եկան ցնցելու Խորհրդային միության և սոցիալիստական ճամբարի բուն հիմքերը՝ ի վերջո, 1991 թ. վերջում, հանգեցնելով Խորհրդային միության փլուզմանը:
Պատմական այս իրադարձության հոբելյանին ընդառաջ ոչ միայն պատմաբանների, այլ նաև քաղաքական գործիչների համար օգտակար կլիներ հետադարձ հայացք նետել 1980-ական թվականների վերջին և 1990-ական թվականների սկզբին համաշխարհային մամուլում և քաղաքական հաստատություններում առկա ժողովրդավարական այդ համախմբման շուրջ եղած արձագանքներին: Պատմության վկայակոչումը օգտակար է ոչ միայն փաստերը մեկտեղելու, երբ քննարկվում է առկա հիմնախնդրի համապարփակ կարգավորման հնարավորությունը, բայց նաև այդ ժամանակաշրջանի շունչը զգալու տեսանկյունից: Այն էլ ավելի մեծ կարևորություն է ստանում՝ հաշվի առնելով պատմության զանգվածային խեղաթյուրման Ադրբեջանի պետական քաղաքականության անարդյունավետ փորձերը, ինչպես նաև սեփական անցյալը, իրականության մեջ՝ մեկ դարի պատմություն ունեցող անցյալը « վերագտնելու» ջանքերը, իբրև ազգային ինքնության կերտման շարունակվող գործընթացի մի բաղադրիչ, գործընթաց, որը, ցավոք սրտի, խարսխվում է հակահայկական ատելության պլատֆորմի վրա:
Ինչպես մեկ այլ առիթով արտահայտվել եմ՝ երբ սուտն այս դահլիճում դեռ լսելի է, ճշմարտության ձայնը ժողովրդավարության այս օջախում պետք է լսվի ավելի բարձր:
Այսպես. Եվրոպական խորհրդարանի 1989 թ. հունվարի 12-ի բանաձևը Լեռնային Ղարաբաղն անվանում է մի տարածաշրջան, որը « Ստալինի կողմից կամայականորեն կցվել է Ադրբեջանին» : Նույն տարվա հունվարին ընդունված մեկ այլ բանաձևում Եվրոպական խորհրդարանը եզրակացնում է. «այժմ տեղի ունեցող հակամարտությունը մեծապես արդյունք է Լենինի կողմից Անդրկովկասի տարածքի բաժանման, մասնավորապես 1923 թ. Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանին բռնակցման» : 1994 թ. նոյեմբերի 10-ին ընդունված բանաձևում մեր կառույցը՝ ԵԽԽՎ-ն, կոչ է անում Ադրբեջանին՝ «անմիջապես վերջ դնելու Հայաստանի շրջափակմանը» : 1992 թ. հոկտեմբերի 24-ին ընդունված որոշմամբ, Միացյալ նահանգների Ներկայացուցիչների պալատը եզրակացնում է. « Միացալ նահանգների կողմից չի կարող աջակցություն տրամադրվել Ադրբեջանին, քանի դեռ Ադրբեջանի իշխանությունները տեսանելի քայլեր չեն ձեռնարկել դադարեցնելու Հայաստանի շրջափակումը և ուժի բոլոր հնարավոր կիրառումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ» :
Միջազգային տարբեր կազմակերպությունների ու ազգային խորհրդարանների, աշխարհահռչակ մտավորականների և Եվրոպայով մեկ ծավալվող ժողովրդավարական շարժումների ծագող առաջնորդների հարյուրավոր հայտարարություններ ու բանաձևեր, ինչպես նաև համաշխարհային առաջատար մամուլում տպագրվող հազարավոր հրապարակումներ գալիս են ապացուցելու 80-ականների վերջին և 90-ականների սկզբին ժողովրդավարական աշխարհի ընդգրկուն համակրանքն ու աջակցությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձգտումներին՝ ըմբոշխնելու իր ազատությունն ու անկախությունը:
Ուրախությամբ և երախտապարտությամբ պետք է արձանագրել, որ այդ հսկայական աջակցությունը շարունակվում է նաև այսօր, վստահաբար շարունակվելու է նաև վաղը՝ ի հեճուկս Ադրբեջանում շարունակվող ժողովրդավարության մղձավանջի և խորացող խավարի:
Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ