Այսօր գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասին ԱԺ լսումների ժամանակ ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը ուշագրավ տեղեկություն հայտնեց:
Նախ, Առողջապահության նախարարության բուժօգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանն ասաց, որ այս պահին նախարարությունը չունի փաստական ապացույցներ, որ Հայաստանում ԳՄՕ-ների կիրառման հետեւանքով առաջացել է որեւէ առողջական խնդիր:
Պիպոյանն էլ հակադարձեց, որ առանց լուրջ գիտական ուսումնասիրություններ անելու՝ հնարավոր չէ մարդու առողջության վրա հեռահար ռիսկերը գնահատել. «Մեր կենտրոնը հետազոտություններ է իրականացնում եւ շատ լավ տիրապետում ենք, թե Երեւանում եւ ՀՀ-ում որքան է կազմում ալրային հենքով մթերքների, ինչպես նաեւ կարտոֆիլի սպառումը: Միանշանակ, 400 գրամ եւ ավելի՝ 300 գրամ ալրային հիմքով մթերքներ եւ 100 գրամ կարտոֆիլ: Բոլորը շատ լավ գիտեն, որ գենետիկ մոդիֆիկացված սերմերից ստացված ալյուրը, ինչպես նաեւ կարտոֆիլը պարունակում են ֆիտոէստրոգեններ: Որպես ԱՆ մասնագետ, այսքան գրամ սպառման դեպքում մոտավորապես պատկերացնո՞ւմ եք, թե ազգի քանի տոկոսն է դառնալու իմպոտենտ, որովհետեւ էստրոգենները բոլորս շատ լավ գիտենք՝ ինչպես է ազդում վերարտադրողական ֆունկցիայի վրա»: Նա ասաց, որ ԱՀԿ փաստաթղթերն էլ կան, դրանք ալերգեն են ու պետք է ապրանքի վրա մակնշում արվի՝ որպես պոտենցիալ ալերգեն:
Նախարարության մասնագետը դժվարացավ պատասխանել: Ավելի ուշ նա նշեց, որ ՀՀ պոպուլյացիայում, թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մոտ անպտղության մակարդակի շեղումները էապես չեն տարբերվում մեր հարեւան երկրներից:
Պիպոյանն էլ ասաց, որ ՀՀ-ում կարտոֆիլն ու հացահատիկը դեռ գենետիկորեն ձեւափոխված չէ, բայց առողջապահության նախարարությունը պետք է մտահոգվեր, որովհետեւ մարդու առողջության վրա ազդեցության ռիսկ կա:
Նախարարության մասնագետն ասաց, որ չի կարող պատասխանել, ավելի ուշ կմոտենա Պիպոյանին եւ մանրամասները կուսումնասիրի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Բոլորը շատ լավ գիտեն», «բոլորս շատ լավ գիտենք»֊ը մանիպուլյացիայի ու սուտը առաջ հրելու ամենաառաջին գործիքն է։ Ոչ հարգելիս, շատ լավ չգիտենք, իսկ դու բացատրի, հղումներ տուր հեղինակավոր գիտական ամսագրերի վրա, ոչ թե լոլո կարդա։