Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայ գիտնականը վստահեցնում է, որ ԳՄՕ պարունակող սնունդը մարդու օրգանիզմի համար վտանգավոր չէ, մարսվում է գնում

Հունվար 26,2018 16:05

«Դեմետրա էկո» ՀԿ փոխնախագահ, կենսատեխնոլոգ Վահագն Հակոբյանն այսօր գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասին ԱԺ լսումների ժամանակ հայտարարեց. «Իմ կարծիքով, ԳՄՕ պրոդուկտները մարդու օրգանիզմի համար բուսական մթերքի տեսանկյունից վտանգ չեն ներկայացնում, այլ հարց է բնապահպանական տեսանկյունից: ԳՄՕ բույսերը կարող են խաչասերվել տեղական վայրի բույսերի հետ, սորտերի հետ՝ փոխանցելով իրենց հատկանիշները, մուտացիայի ենթարկվեն, տեղական գենետիկ բազան փոփոխության ենթարկեն»:

Սա արժանացավ հակադարձման բնապահպանների կողմից: «Տապան էկո-ակումբ» ՀԿ նախագահ Հրանտ Սարգսյանն ասաց. «Հարգելի գիտնականն ասում է, թե գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմ հանդիսացող նյութով սնվելը վտանգ չի ներկայացնում: Ես գիտնական չեմ, գիտեմ, որ եթե դեղը ինչ-որ մի տեղ արտադրվում է, տասնյակ տարիների փորձարկում է գնում, 4-5 սերունդների վրա պետք է փորձեիք այդ ամեն ինչը, հետո նոր ասեք՝ վտանգավո՞ր է, թե՞ չէ: Եթե գիտականորեն ապացուցված փաստարկներ ունեիք, այստեղ բերեիք, մենք էլ ասեինք՝ լավ, գնացինք սնվելու, եթե չունեք, ինչո՞ւ եք ասում, թե վտանգ չէ»:

Գիտնականն արձագանքեց. «Գիտական տեսանկյունից ԳՄՕ պրոդուկտները համարվում են վտանգավոր հիմնականում բույսերը՝ այն տեսանկյունից, իբր որ գենետիկորեն կարող են մարդու մոտ առաջացնել ռակ՝ քաղցկեղ, տարբեր տիպի հիվանդություններ՝ փոխանցվելով մարդու գենի մեջ: Ես վստահեցնում եմ ձեզ՝ այդ տեսանկյունից բուսական վիրուսները մարդու համար անվտանգ են, որովհետեւ ընդունվելով սննդի ձեւով՝ մարսվում են ամբողջությամբ ստամոքսում: Այլ բան է բույսերի հետ խաչասերումը, այդ տեսանկյունից վտանգը մնում է բաց»:

Առողջապահության նախարարության բուժօգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանն էլ ասաց, որ այս պահին նախարարությունը չունի փաստական ապացույցներ, որ Հայաստանում ԳՄՕ-ների կիրառման հետեւանքով առաջացել է որեւէ առողջական խնդիր:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանն էլ ասաց, որ ՄԱԿ-ի գագաթաժողովին ԱՄՆ պետքարտուղարը զարմանք է հայտնել, թե ինչու հսկայական քանակությամբ սնունդ են տրամադրում աֆրիկյան պետություններին, նրանք մերժում են, չեն ընդունում. «Ամբողջ Աֆրիկան վեր կացավ եւ ասաց՝ ձեր ԳՄՕ պարունակող սնունդը մենք երբեք չենք ընդունի: Դա հետամնացությո՞ւն է, թե՞ մարդիկ բնությանը ավելի մոտ են»:

Նախարարության մասնագետն էլ ասաց, որ որեւէ ազգի չի պիտակավորի, հետամնացության մասին խոսք լինել չի կարող:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031