Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի հայկական ջարդերը կազմակերպվել է Հեյդար Ալիևի հրահանգով. Արիֆ Յունուս (Տեսանյութ)

Հունվար 26,2018 16:02

Ադրբեջանցի իրավապաշտպան և պատմաբան Արիֆ Յունուսը, որն այժմ քաղաքական վտարանդիության մեջ է գտնվում Հոլանդիայում, օրերս հարցազրույց է տվել ադրբեջանական «Օբյեկտիվ TV» առցանց հեռուստաալիքին, որում պնդում է, որ 1990թ. հունվարի հայկական ջարդերը Բաքվում և «Սև հունվարը» կազմակերպվել էին Հեյդար Ալիևի կարգադրությամբ՝ նրան իշխանության բերելու նպատակով:

«Հունվարի 20-ի իրադարձությունների մասին Ադրբեջանում բազմաթիվ լեգենդներ կան, ընդ որում, դա ընկալում են գրեթե որպես հերոսական պայքարի փառավոր էջ և ազգային-ժողովրդավարական շարժման դրվագ, որի արդյունքում Ադրբեջանը դարձավ անկախ: Բայց իրականում 1990թ. հունվարի իրադարձությունները կապված են Հեյդար Ալիևի դերակատարության հետ»,- ասել է Յունուսը:

Նրա խոսքով՝ 1988թ. Ադրբեջանում իշխանության գալով՝ Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Աբդուռահման Վեզիրովը Գորբաչովի հետ համաձայնությամբ քննություն սկսեց Հեյդար Ալիևի նկատմամբ: Քննությունը ներառում էր ոչ միայն նրա կառավարման ամբողջ շրջանը՝ 1969-1982թթ.- այլև ավելի վաղ շրջաններ՝ ինչպես է նա փոխել իր փաստաթղթերը (ծննդյան ամսաթիվը), որպեսզի ռազմաճակատ չմեկնի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ինչպես նաև ԿԳԲ կին աշխատակիցներից մեկի հետ կապված սկանդալը:

Յունուսի պնդմամբ՝ 1989թ. դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Բաքու են ժամանել ամբողջ ԽՍՀՄ-ից լավագույն և փորձառու քննիչներ, որոնք տեղավորվել են «Ափշերոն» հյուրանոցում: Միաժամանակ, հայտնի դարձավ, որ 1990թ. հունվարի 15-ին ԽՍՀՄ Գլխավոր դատախազությունը պատրաստվում է ամփոփել քննության արդյունքները, և դրանով պետք է որոշվեր Հեյդար Ալիևի ճակատագիրը: Բնականաբար՝ ոչ հօգուտ նրա: Իսկ հունվարի վերջին պետք է տեղի ունենար Ադրբեջանի ԿԿԿՄ պլենումը, որտեղ Ալիևը և նրա ամբողջ թիմը պետք է ենթարկվեին աքսորի և հեռացվեին կուսակցության շարքերից, հետո էլ անհետանային քաղաքական թատերաբեմից: Հեյդար Ալիևը, բնականաբար, տեղյակ էր այդ ամենից և Ադրբեջանի ազգային ճակատի իր մարդկանց միջոցով ակտիվ հակագործունեություն սկսեց: Նախիջևանում նրա մարդիկ էին Աբուլֆազ Էլչիբեյը և Նեմաթ Փանահլին: Նրանց օգնում էին նաև Ալիևների կլանի այլ ակտիվ անդամներ՝ Էթիբար Մամեդովը, Ֆազայիլ Աղամալին, Բեջան Ֆարզալիևը:

Ադրբեջանի ազգային ճակատում առաջատար դերակատարություն ուներ Նեմաթ Փանահլին, որը 1989թ. մեծ ժողովրդականություն էր վայելում ցուցարարների շրջանում: Նրա հետ հանդիպումներից մեկում Հեյդար Ալիևն ասել է. «Մեզ պետք է մեծ արյուն, շատ արյուն»: Եվ Նամաթ Փանահլին ժամանակին անկեղծորեն այդ մասին պատմել է «Մոնիթոր» պարբերականին տված հարցազրույցում: Եվ հենց Նեմաթ Փանահլին էլ 1989թ. դեկտեմբերի 31-ի սկզբին կազմակերպեց Նախիջևանում պետական սահմանի քանդումը, չնայած Մոսկվան արդեն ստորագրել էր համաձայնագիրը (ադրբեջանական կողմից այն ստորագրել էր արտգործնախարար Հուսեյնաղա Սադիխովը), որով թույլատրել էր բացել սահմանը և խոստացել, որ ԿԳԲ սահմանապահները կրակ չեն բացի: Բայց Բաքվում այդ մասին գիտեր միայն Նեմաթ Փանահլին, որը կազմակերպեց սահմանի թատերական քանդում, որպեսզի հանդես գա որպես ազգի հերոս: Իսկ 1990թ. հունվարի սկզբին Փանահլին դարձավ հայկական ջարդերի կազմակերպիչը:

Արիֆ Յունուսը պատմում է, որ 1992թ. ինքը հատուկ զբաղվել է 1990թ. հունվարի արյունալի իրադարձությունների քննությամբ և ադ կապակցությամբ իր մոտ՝ նախագահի աշխատակազմ է հրավիրել (1992-1993թթ. Յունուսը գլխավորում էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ տեղեկատվական-վերլուծական բաժինը) Ադրբեջանի ԿԳԲ փոխգնդապետ Օլեգ Ալիևին: Եվ վերջինս ասել է, որ Նեմաթ Փանահլիի գրասենյակն այդ ժամանակ գտնվում էր մայրաքաղաքում՝ Շմիդտի անվան գործարանում, որտեղ մարդիկ այդ արյունոտ օրերին բերում էին հայերի բնակարաններից կողոպտած իրերն ու թանկարժեք զարդերը: Արդյոք անձամբ Փանահլին սպանել է հայերի՝ Յունուսը չի պնդում, բայց այն, որ Փանահլին ինքն է կազմակերպել այդ ջարդերը և նրա ուսերին է Բաքվի անմեղ հայերի սպանությունը, Յունուսը կասկած չունի:

Այս ամենի մասին Մոսկվան իմացել է, բայց ոչ միայն չի խանգարել ջարդերին, այլև օգտագործել է դրանք՝ հունվարի 20-ին Բաքու զորք մտցնելու համար: Ընդ որում, Օլեգ Ալիևն այդ ժամանակ ուղիղ ձևով իրեն ասել է, որ հունվարի 20-ից հետո ԿԳԲ-ում քաջատեղյակ էին, որ Փանահլին թաքնվում է: Բայց ո՛չ Մոսկվան, ո՛չ Ադրբեջանի ԿԳԲ ղեկավարությունը թույլ չտվեց նրան ձեռք տալ: Իսկ Էլչիբեյն արեց ամեն բան, որպեսզի Հեյդար Ալիևի դեմ քննությունն ավարտվի, և նա գա իշխանության:

Լրագրողի հարցին՝ ինչ դերակատարություն ուներ Ադրբեջանի ազգային ճակատը, Յունուսը պատասխանել է, որ այդ կազմակերպությունը 1990թ. հունվարի 6-ին բաժանվեց «ծայրահեղականների» (Նեմաթ Փանահլի և այլոք), «կենտրոնամետների» (Իսա Ղամբար, Հիքմեթ Հաջիզադե և այլք) և «լիբերալների» (Զարդուշտ Ալիզադե, Լեյլա Յունուս): Հարցին՝ ով էր ԿԳԲ գործակալ, և ինչու 1992թ. չբացվեցին այդ կազմակերպության արխիվները, ԱրիՖ Յունուսը պատասխանում է, որ ինքը՝ Փանահլին գործակալ չէր, այլ պարզապես կատարում էր Հեյդար Ալիևի կամքը: Իսկ արխիվները չբացվեցին Էլչիբեյի և խորհրդարանի խոսնակ Իսա Ղամբարի դիրքորոշման պատճառով: Նրանք դեմ էին ԿԳԲ արխիվների բացմանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031