«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստում այսօր ամբաստանյալ Սեֆիլյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատարանին ներկայացրեց նրա խափանման միջոց կալանքը փոխելու եւ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն, որը հիմնավորեց հետեւյալ կերպ: Նախ, ըստ պաշտպանի, դատավարությունն ընթացել է քրեական դատավարության օրենսգրքի խախտումներով, իսկ գործը քննող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն անաչառություն չի դրսեւորել: Հայրապետյանի պնդմամբ՝ Սեֆիլյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան:
«Մեղադրող կողմն էլ չի պարզաբանել Սեֆիլյանին առաջադրված անհիմն եւ արհեստական մեղադրանքը: Այս գործով բոլոր վկաները հարցաքննվել են, ուստի անհիմն են կասկածները, թե գտնվելով անազատության մեջ՝ Սեֆիլյանը կարող է ազդել նրանց վրա»,-նշեց փաստաբանը:
Ապա հավելեց. «Նա քաղբանտարկյալ է: Մեկ ու կես տարում, ինչ ընթանում է այս դատավարությունը, նա հնարավորություն չունեցավ հայտարարությամբ եւ միջնորդությամբ հանդես գալ: Հասարակությունը հնարավորություն չունեցավ նրան լսելու եւ իրականությունն իմանալու: Նա մեծ հեղինակություն է վայելում ՀՀ-ում եւ Արցախում: Ժիրայր Սեֆիլյանը վերջին տարիներին հանդես է եկել իշխանություններին ուղղված խիստ քննադատությամբ: Ոստիկանության եւ այլ պետական մարմինների կողմից նրա եւ նրա համախոհների հանդեպ իրականացվել են ահաբեկման գործողություններ, կոտրել են նրանց մեքենաները, հետապնդել, բայց մեղավորները չեն պատժվել»:
Մեղադրող դատախազները միջնորդության դեմ առարկեցին: Պետրոս Պետրոսյանը նկատեց՝ Սեֆիլյանը հնարավորություն ունեցել է հայտարարություններով հանդես գալու, բայց այլ է հարցը, որ դատավարական կարգը խախտելու համար պարբերաբար հեռացվել է նիստերի դահլիճից:
Ինչ վերաբերում է գրավի դիմաց ազատ Արձակելուն, Պետրոս Պետրոսյանը նկատեց. «Նրան մեղսագրված է ծանր հանցագործությունների նախապատրաստում, ինչը հանրային վտանգ է ներկայացնում: Ուստի հնարավոր է, որ ազատության մեջ գտնվելով՝ նա նոր արարք կկատարի, կխոչընդոտի գործի քննությանը եւ կխուսափի քրեական պատասխանատվությունից»:
Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ որոշեց միջնորդությունը մերժել, իսկ դա նշանակում է, որ Սեֆիլյանը շարունակելու է մնալ կալանքի տակ:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, զորամասը եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ