Այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովը խորհրդարանական լսումներ էր կազմակերպել՝ «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ՝ պարտադրա՞նք, թե՞ այլընտրանք» թեմայով:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանին հարցրեց, թե արդյոք ԳՄՕ սննդամթերքը չե՞ն ուզում մտցնել Հայաստան, որ մեր աղքատ բնակչությունն ի վիճակի լինի սնվել, որովհետեւ դրանք գնային տարբերություն ունեն օրգանիկ մաքուր սննդամթերքի հետ համեմատ. «Չե՞ք կարծում, որ սա խոցելի խավի համար դառնալու է մի նոր պատմություն, խոցելի խավը կսնվի, նաեւ կկորցնի իր առողջությունը»:
Փոխնախարարը պատասխանեց, որ աշխարհի 29 երկրներում մշակում են ԳՄՕ սննդամթերք, աշխարհի շատ երկրներ են օգտվում դրանցից. «Ես մեր քաղաքացիներին կոչ կանեի գնել մեր տեղական ծագման, տեղական արտադրության սննդամթերքը: ՀՀ-ում ունենք տեղական ծագման լավագույն մշակաբույսերի սերմեր՝ աշնանացան ցորենի, բանջարաբոստանային մշակաբույսերի հետ կապված, մեր ժողովուրդը, որ ասում է՝ «Անահիտ» պոմիդորը…Կա, ժողովուրդը կամաց-կամաց գնում է դրա մշակմանը: Բայց քանի որ բերքի բարձրացման, փոխադրունակության վրա ԳՄՕ սերմերն ազդում են, բնական է, ինքնարժեքով էժան կլինեն, բերքատվությունը բարձր է: Իսկ ՀՀ-ի համար ես կոչ կանեի՝ մեր կանայք թող մտածեն ազգի ֆիզիկական ավելացման, տվյալների աճի մասին, այդ ուղղությամբ թող մտածեն, իսկ սննդամթերքի տեսանկյունից այս պահին ինձ թվում է Հայաստանում որեւէ վտանգ չկա…Սոցիալապես անապահով խավը, հաստատ համոզված եմ, որ սնվում է ՀՀ արտադրած մաքուր հացով, մաքուր պանրով, մաքուր կաթով, մաքուր մսով»:
Լուիզա Սարգսյանն արձագանքեց. «Էկոմթերքներով Հայաստանում սնվելու են միայն հարուստների երեխաները, ոչ թե նրա համար, որ մթերքը պակաս է ՀՀ-ում եւ սով է, այլ աղքատությունն է շատ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ