‹‹Իմ խորին համոզմամբ՝ Արցախյան շարժումը ոչ թե սկզբնավորվել է 1988 թվականին, այլ սկսվել է այն օրը, երբ Ղարաբաղն անարդարացիորեն բռնակցել են Ադրբեջանին, այսինքն՝ 1921 թվականից սկսած: Բոլոր այդ 70 տարիներին շարժումը ունեցել է տարբեր դրսևորումներ, ունեցել է և ՛ ակտիվ շրջան, և ՛ պասիվ շրջան: Բայց շարժման անթեղված կրակը երբեք չի մարել: Պարզապես 1988-ին այդ շարժումը կրել է համաժողովրդական բնույթ և դարձել ազգային-ազատագրական պայքար: Եվ այս դեպքում արդեն ոտքի է կանգնել նաև Մայր Հայաստանի և աշխարհի ամբողջ հայությունը: Հենց դրանով է առանձնանում Ղարաբաղյան շարժման այդ փուլը: Դա բացառիկ մի երևույթ էր, դա այն ազգային զարթոնքն էր, որի նմանը ես չգիտեմ երբևէ ունենալու ենք, թե ոչ››,- Aravot.am-ի հետ զրույցում խոսելով Արցախյան շարժման սկզբնավորման վերաբերյալ, ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, հեռուստալրագրող Վարդգես Բաղրյանը:
Նա գտնում է, որ այդ ամենում առանքայինը ժողովուրդն էր, ով իր մեջ սպանեց վախը և ‹‹լեթարգիական քնից›› արթնացնելով ազատատենչ հոգին:
‹‹1987 -ից արդեն ստորագրահավաքներ էին կազմակերպվում, ընդհատակյա շարժում կար, իսկ1988-ին այդ զարթոնքը հասավ գագաթնակետին: Այստեղ նաև իր դերակատարությունն է ունեցել Մ.Գորբաչովի հռչակած քաղաքականությունը և օգտվելով դրանից` արցախահայությունը բարձրացրել է այն խնդիրները, որոնք հուզում էին արդեն շատ վաղուց: Սակայն թե՛ Մոսկվան և թե՛ Բաքուն չընդունեցին ժողովրդի կամքը և հազար ու մի սադրանքների դիմեցին, որպեսզի ամեն ինչ խեղաթյուրեն պահանջը և տանեն նացիոնալիստական ուղով››,- նշեց ԱԺ պատգամավորը:
Մինչ 1988-ի փետրվարի 20-ը կազմակերպվում էին մեծամասշտաբ հանրահավաքներ և այսօր էլ անհամաձայնություն կա, թե որ շրջանն է առաջինը կազմակերպել հանրահավաք և որտեղից է սկիզբ առել Շարժումը. ‹‹Կարծում եմ անհարկի է. այստեղ դափնիների խնդիր չկա: Ամբողջ ժողովուրդն էր ոտքի կանգնել: Փաստ է և այն, որ թեև Ստեփանակերտում մի օր ուշացումով եղավ հանրահավաքը, սակայն դա պայմանավորված էր փետրվարի 12-ին տեղի ունեցած ակտիվի նիստով, որտեղ ժամանել էին Բաքվից ներկայացուցիչներ: Կարծում եմ, որ բոլոր շրջաններում էլ պետք է ընդունեն, որ ամեն դեպքում այն ղեկավարվում էր կենտրոնից` Ստեփանակերտից››:
Վարդգես Բաղրյանը, որն այդ օրերին զբաղվում էր հեռուստալրագրությամբ, նշում է, որ շատ դժվարին պայմաններում էին աշխատում: ‹‹Նկարահանումների մեկնելու համար կար տրանսպորտի խնդիր` մեկնում էինք պատահական ավտոմեքենաներով, կար տեսաժապավենի խնդիր և շատ ժամանակ օգտագործված ժապավենի վրա նորից էինք տեսանկարահանում, կային շատ այլ խնդիրներ: Սակայն այս ամենից բացի, հենց առաջին օրերից, հեռուստատեսությունում նշանակվեց պարետ, որպեսզի վերահսկեր մեր աշխատանքը: Այժմ պարետներից միայն մեկին եմ հիշում` Իշուկ ազգանունով, որը հասկանալով մեզ` նպաստում էր, որպեսզի կարողանայինք նկարահանումներ կատարել: Իսկ մյուսների պարագայում, որպեսզի ստանայինք թույլտվություն` մեկնելու նկարահանումների, մեզ օգնության էր գալիս ամենահաս թթի օղին››,-հիշում է Վ. Բաղրյանը:
Ըստ Վարդգես Բաղրյանի, երբ խորհրդային բանակը դուրս բերվեց Ղարաբաղից`1992 փետրվար ամսին (մինչ այդ 1991-ի նոյեմբեր-դեկտեմբերին էլ դուրս էր բերվել ներքին զորքերը) պատերազմը, որպես այդպիսին, սկսվեց հենց այդ ժամանակ. ‹‹Մենք այլևս չէինք հավատում, որ օտարը պետք է մեզ օգնի, չունեինք այլընտրանք, որովհետև մեր աչքի առաջ ԽՍՀՄ-ը զինում էր Ադրբեջանին: Իսկ երբ խորհրդային բանակը դուրս եկավ Ղարաբաղից, մենք հասկացանք մի պարզ ճշմարտություն. մենք ենք ու մեր հակառակորդը››:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ