«Բանակի սկիզբը դրվեց ջոկատներ ձևավորվելով, որոնք իրականացնում էին պաշտպանությունը և՛ Հայաստան-Ադրբեջան սահմանին, և՛ Ղարաբաղում: Կարելի է ասել, որ ղեկավարման առաջին մարմինն այն էր, երբ 1990 թ.-ին ընտրվեց գերագույն խորհուրդը և ձևավորվեց պաշտպանության հանձնաժողով, որը ղեկավարեց Վազգեն Սարգսյանը: Նույն տարվա սեպտեմբերին ձևավորվեց հատուկ գունդը, այն կարելի է համարել առաջին ստորաբաժանում, որը եղել է բանակի ձևավորման հիմքում, իսկ սեպտեմբերի 14-ին հատուկ գունդը մտավ ներքին գործերի կազմ»,- այսօր «Հենարան» ակումբում անդրադառնալով հունվարի 28-ին նշվող հայոց բանակի հիմնադրման օրվան՝ ասաց ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Ըստ նրա՝ հայոց բանակի հիմքը դրվել է դեռևս 1988 թ.-ին, երբ սկսեց Ղարաբաղյան շարժումը, իսկ արդեն 1991 թ. մայիսի 5-ին արդեն ձևավորվեց պաշտպանության կոմիտեն, որը ղեկավարում էր մարտական գործողությունների մարմինը. «Սա դարձավ մեր կառավարման պաշտոնական մարմինը, և դա տևեց մինչև 92 թիվը»:
Վաղարշակ Հարությունյանը պատմեց, որ խորհրդային փլուզումից հետո, որոշվեց, որ ում տարածքում ինչ զենք կա, այն էլ կմնա այդ պետությանը. «Զրահատեխնիկա Ադրբեջանն ուներ տարբեր տեսակի և այն 5-6 անգամ ավելի էր, 25 անգամ իրենք գերազանցում էին: Այստեղ բալանսը հօգուտ իրենց է, եթե մենք գնահատենք նաև իրենց մարդկային ռեսուրսները, ապա իրենք 3 անգամ մեզանից ավելի էին: Իրենց տնտեսական ներուժն էլ Հայաստանից մի 4 անգամ ավելի էր, օրինակ՝ Ադրբեջանն ուներ 60 ինքնաթիռ, իսկ Հայաստանը՝ 2, տանկ՝ 400, իսկ հայերը՝ 100»:
Բանախոսը վերջում հավելեց, որ կարեւորը ոչ թե զինտեխնիկա ունենալն է, այլ այն ճիշտ կիրառելու հմտություններին տիրապետելը, ինչին Ադրբեջանը չէր տիրապետում. «Կարևորագույն պայմաններից մեկն այն է, որ մեր ժողովուրդը դարերի ընթացքում հաղթանակի պահանջարկ էր ձևավորել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ