Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեր սպառողը տեղեկացված չի, թե ինչ է ուտում, ինչպիսի ապրանք է ուտում». ԳՄՕ սննդամթերքի հարցը՝ ԱԺ-ում

Հունվար 26,2018 14:44

Այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովը խորհրդարանական լսումներ էր կազմակերպել՝ «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ՝ պարտադրա՞նք, թե՞ այլընտրանք» թեմայով:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանին հարցրեց՝ «Սերմերի շուկան մեզանում ասացիք չի կարգավորվում, այսինքն, գյուղատնտեսական մթերքը ուշադրությունից դո՞ւրս է, ես տեղյակ եմ, որ նույնիսկ անասունների խաչասերման համար վերահսկողություն կա՝ ինչ սորտ,որ ցեղատեսակը որի հետ մեզ համար միեւնո՞ւյն է, թե ինչ կցանեն»: Փոխնախարարը պատասխանեց, որ սերմերի մասին շուկան ազատականացված է, բայց դա չի նշանակում, որ շուկան չի կարգավորվում: Պարզապես օրենքը չի տարածվում ԳՄՕ սերմերի փոխադրման, տարածման, պահպանության, իրացման եւ օգտագործման վրա:

Խոսրով Հարությունյանը նաեւ հարցրեց՝ ես ԳՄՕ-ների հետ կապված լուրջ վերապահումներ ունեմ, միշտ արհեստականը առաջացնում է մտահոգություններ, երբ բնականը կա, բայց հարց է առաջանում՝ այսօր շատ տարածված ցորենի գենետիկ կոդը նո՞ւյնն է, ինչ տարիներ առաջ, կամ լոլիկինը, ունե՞նք վերլուծություններ, օրինակ, 100-200 տարի առաջ նո՞ւյն ցորենն ու լոլիկն են մարդիկ ստացել, թե՞ հիմա փոխվել է, գուցե ԳՄՕ-ները արագացնում են ուղղակի ընթացքը:

Փոխնախարարը պատասխանեց. «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմները գիտության զարգացման նվաճման ճյուղերից մեկը կարելի է համարել, դա նվաճման արդյունք է: Աշխարհի 29 երկրներում գենետիկորեն ձեւափոխված սերմերով 170 մլն հեկտար են մշակում, ԱՄՆ-ում՝ 69 մլն հա: Աշխարհում մշակվող հողերի 10 տոկոսը այդ սերմերի մշակաբույսերով է զբաղեցրած: Իսկ մենք ունենք հողային սահմանափակ ռեսուրս եւ մեր հիմնական նպատակն է ՀՀ-ում զարկ տալ օրգանիկ գյուղատնտեսությանը, որ շուկայում ունենանք մեր ուրույն տեղը որակով, համով, հոտով, որ կարողանանք մրցակցություն ապահովել: Մեր արտադրածը ինքնարժեքի տեսանկյունից մրցունակ չի, նշանակում է, մենք պետք է գնանք օրգանիկի: Պետք է հասկանանք՝ որտեղ ռիսկեր ու խնդիրներ ունենք»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ «Ինչու են որոշ երկրներ արգելում իրենց երկրներում այս սերմերի մշակումը: Ոլորտը ամբողջովին ուսումնասիրված չէ, մենք պետք է ուշադրություն դարձնենք ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա»:

Նա ասաց, որ Իտալիայում ԳՄՕ սերմերի օգտագործումը գյուղատնտեսության մեջ արգելված է, մեր մասնագետները գոնե պետք է Իտալիայի փորձն ուսումնասիրեն:

Աշոտ Հարությունյանը պատասխանեց, որ այն, թե մարդու առողջության վրա դա ինչ ազդեցություն է ունենում, դեռ ուսումնասիրում են եւ առողջապահության նախարարության մասնագետներին էլ են ընդգրկել հարցի քննարկման մեջ. «Կարեւորը մարդը զգուշացված լինի, թող ինքը որոշի գնի, թե չգնի: Եթե պարզվի, որ վտանգավոր է, վնասներ է հասցնում մարդու առողջության վրա, հո խելքից պակաս չի, որ զգա իր առողջությանը վնաս է ու օգտագործի այդ մթերքը: Աշխարհի շատ երկրներ ոչ միայն արտադրում են, այլ օգտագործում են այդ սննդամթերքը, ոչ միայն ԱՄՆ-ն, այլեւ Իսպանիան, Պորտուգալիան, եվրոպական երկրներ օգտագործում են սոյան, եգիպտացորենը եւ այլն: Այդ սննդամթերքը աշխարհում մարդկությանը փրկում է սովից: Արագաճ բարդիների տեսանկյունից, նրանց նույնպես գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ են, բայց տեսեք ինչ արդյունք է տալիս՝ շատ արագ բարդին աճում է: Որտեղ անհրաժեշտություն կա արագ ծառապատել՝ անտառապատել, հնարավորություն կա քիչ միջոցներով դա արագ անել»:

Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն էլ ասաց, որ սննդամթերքը հաճախ մեր շուկայում թերի մակնշված է լինում կամ առհասարակ չմակնշված. «Լինում են պիտակներ՝ անընթեռնելի, մեր սպառողը տեղեկացված չի, թե ինչ է ուտում, ինչպիսի ապրանք է ուտում, շատ ժամանակ փակցնում են այն տեղում, որտեղ ռուսերեն տեղեկատվություն կա, ռուսերենի վրա են փակցնում եւ սպառողը չի կարողանում տեղեկատվություն ստանալ, ո՞վ է դրա համար պատասխանատու, արդյոք պատժամիջոցներ կիրառվո՞ւմ են»:

Գյուղատնտեսության փոխնախարարը պատասխանեց, որ «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը» այդ դաշտը կարգավորում է, բացի այդ, կա Սպառողների շահերի միություն ՀԿ, որոնք տեսնում են, արձագանք է ստանում. «Երբ որ դուք խանութում գնում եք մեկ ապրանք, որի պիտակը կպցրած է այլ տեղ, պիտակը պոկում են, կարդում են: Եթե ռուսերենի վրա է, եթե գտնում եք, որ դա դիտավորություն է, չեմ կարծում, արագության հետ է կապված, տեխնիկական խնդիր է: Կարող եմ պոկել ու չգնել, դնել տեղը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031