ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակնկալում են տարածաշրջան կատարվելիք հաջորդ այցի և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման ընթացքում մոտեցնել կողմերի դիրքորոշումները: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:
Պոպովը նաև որոշ մանրամասներ է հայտնել Կրակովում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից:
«Կրակովում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը քննարկվել են հարցեր՝ կապված ռազմական ռիսկերի նվազեցման, այդ թվում հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման հետ: Նախարարները սկզբունքային համաձայնություն են տվել միջնորդների պատրաստած փաստաթղթին, որն առաջարկում է լրացուցիչ 7 դիտորդների գործունեություն»,- ասել է Պոպովը:
Համանախագահը հիշեցրել է, որ անցյալ տարվա հոկտեմբերին Շվեյցարիայում ԼՂ հարցով վերջին գագաթաժողովում որոշում կայացվեց ակտիվացնել բանակցային գործընթացը և լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ ուղղված շփման գծում լարվածության թուլացմանը: Դրանից հետո համանախագահները խորհրդակցություններ են անցկացրել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ, ինչպես նաև օգնել են կազմակերպել Կրակովի հանդիպումը:
«Մնացել են մի քանի տեխնիկական հարցեր, որոնք դեռ պետք է համաձայնեցնել՝ նախքան կգործարկվի ընդլայնման մեխանիզմը»,- ասել է նա:
Ռուսաստանի համանախագահը նաև նշել է, որ բանակցություններում առաջարկվել է քննարկել ԼՂ կարգավորման առավել բարդ ասպեկտներ, որոնք խոչընդոտում են խնդրի լուծմանը: «Դրանք նոր չեն, կողմերը դրանք բազմիցս բարձրաձայնել են և վերաբերում են կարգավիճակի որոշմանը և տարածքային խնդիրներին»,- ասել է Պոպովը:
Նա նաև նշել է, որ համանախագահները կփորձեն օգնել գտնել ընդունելի լուծում և ակնկալում ենք հստակեցնել կողմերի դիրքորոշումները փետրվարի առաջին տասնօրյակում տարածաշրջան նախատեսվող «եռյակի» այցի և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման ընթացքում:
«Որպես միջնորդներ՝ մենք հանես ենք գալիս բարձր մակարդակով քաղաքական երկխոսության շարունակության օգտին: Կարծում ենք, որ դա այլընտրանք չունի: Միայն իրենք՝ կողմերը, արտահայտելով քաղաքական կամք, կարող են հանգել փոխզիջումային լուծման, որը վերջ կդնի այս ձգձգվող հակամարտությանը… Մեր կողմից մենք ջանքեր ենք գործադրում՝ Բաքվին ու Երևանին առաջարկելու իրենց համար ձեռնտու տարբերակներ, և դրա մասին կխոսվի տարածաշրջանում: Երբ կողմերը պատրաստ լինեն հանդիպման, հնարավոր կլինի երկու երկրների առաջնորդներին, հաշվի առնելով նրանց աշխատանքային գրաֆիկը, առաջարկել համապատասխան տարբերակներ, այդ թվում՝ գագաթաժողովի անցկացման ձևաչափը և ժամկետները»,- ասել է Պոպովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ