Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սերժ Թանկյանի զգուշացրած «Մոնսանտո» ընկերության ԳՄՕ վտանգավոր սերմերից անցյալ տարի Հայաստան է ներկրվել 128 կգ

Հունվար 26,2018 14:24

Էկոսննդի պաշտպանների եւ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կողմնակիցների միջեւ այս օրերին տեղեկատվական պատերազմ է ընթանում: Այսօր ԱԺ տարածքային եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովը խորհրդարանական լսումներ էր կազմակերպել՝ «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ՝ պարտադրա՞նք, թե՞ այլընտրանք» թեմայով:

Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանն իր զեկույցում հիշեցրեց, որ «System of a Down» ռոք խմբի երգիչ, Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ էր արել Հայաստանին հեռու մնալ «Մոնսանտո» ընկերությունից, որը բույսերի բիոտեխնոլոգիաների համաշխարհային առաջատար է համարվում: Նա գրել էր, որ «Monsanto-ն թունավորել է մեր շրջակա միջավայրը՝ մեծապես նպաստելով մեղուների ոչնչացմանը: Նրանց կողմից մշակված գենետիկորեն մոդիֆիկացված մթերքներն օրգանիկ սննդի վերջն են նախանշում: ԱՄՆ-ում եւ Եվրոպայում Monsanto-ն հայտնի է որպես չարիքի կորպորացիա: Երբ ես Հայաստան եմ այցելում եւ այնտեղ խնձոր եմ ուտում, այն մաքուր է, խրթխրթան եւ համեղ, քանի որ հանդիսանում է հազարավոր տարիների գյուղատնտեսական աշխատանքի արդյունք: Խնդրում եմ, թողեք դա այդպես էլ մնա: Շնորհիվ Մոնսանտոյի՝ ես չեմ կարող այդպիսի խնձոր գտնել ԱՄՆ-ում»:

Գյուղատնտեսության փոխնախարարն ասաց, որ մամուլում հրապարակումներ եղան, որտեղ «Մոնսանտոյի» ներկայացուցիչը հայտնել է, որ արդեն 20 տարի է, իրենց ընկերությունը ՀՀ-ում ներկայացված է՝ միջնորդների տեսքով: Գյուղնախարարությունը պարզել է, որ «Մոնսանտոն» ՀՀ-ում ներկայացնում է «Ագրոլայն» ՍՊԸ-ն, որը 98-ից ՀՀ-ում գործում է: Փոխնախարարը նշեց, որ Մոնսանտոն Հայաստան ներմուծել է բանջարբոստանային մշակաբույսերի սերմեր՝ շուրջ 128 կգ՝ 2017-ին:

Նա ասաց, որ ՀՀ-ում սերմերի շուկան ազատականացված է եւ այս պահին չկա որեւէ օրենսդրական ակտ, որը կարգելի այդ սերմերի ներմուծումը, «Սերմերի մասին» օրենքը դրա վրա չի տարածվում:

ԳՄՕ-ների կապակցությամբ փոխնախարարն ասաց, որ 90-ականներից ՀՀ են ներկրվել մարդասիրական օգնության խողովակով, այդպես ներկրվել են որոշ սերմացուներ, հետո եկան տոմատներ, բարդիների տնկի, եգիպտացորեն եւ այլն: Ավելի ուշ Սննդամթերքի անվտանգության մասին օրենք ընդունվեց, որը սահմանում է ՀՀ-ում իրացվող սննդամթերքի անվտանգության հետ կապված խնդիրները: ՀՀ-ում իրացվող սննդամթերքի բաղադրության մեջ եթե ԳՄՕ-ների պարունակությունը 0.9 տոկոսից բարձր է, պետք է այդ մասին մակնշվի:

2013-ին «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործունեության մասին» օրենքի նախագիծը ԱԺ էր ներկայացվել, բայց հետո բնապահպանության նախարարությունը այն հետ կանչեց ու հիմա օրենքի բաց կա:

«Տապան էկոակումբ» ՀԿ ներկայացուցիչ Հրանտ Սարգսյանը դժգոհեց, թե ինչի՞ էր մեզ պետք նորից հավաքվել եւ այս օրենքը ազգովի քննարկել, երբ այն արդեն քննարկվել է, անցել է լսումների փուլը, որեւէ մեկը կասկածո՞ւմ է նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կարողությունների եւ արած գործերի վրա. «Ազգովի քննարկել ենք, մտել է ԱԺ, առաջին լսումերը անցել է, ԱԺ-ում պատգամավորների մի հզոր, բայց փոքր խումբ 3 տարի ոչինչ չի արել ԱԺ-ում, պետականության վտանգի մասին օրենքի նախագիծ էր՝ չարեցին: Ինչի համար է նախարարությունը հետ կանչել, ում վրա են կասկածում»:

Փոխնախարար Հարությունյանը պատասխանեց, որ ոչ ոք չի կասկածում նախկին ղեկավարների պրոֆեսիոնալիզմի վրա, բայց գյուղնախարարությունը գտնում է, որ հարցը պետք է բազմակողմանի ուսումնասիրվի, որ ստեղծենք այնպիսի փաստաթուղթ, որը ոչ միայն կկանոնակարգի,այլեւ կդառնա կիրառելի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031