Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեֆիլյանի գործով» կհարցաքննվեն Պավել Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը

Հունվար 26,2018 14:18

«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստում այսօր Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպանները միջնորդեցին որպես վկա դատարանում հարցաքննել «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալներ Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին եւ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանին:

Սեֆիլյանի պաշտպաններից փաստաբան Արայիկ Պապիկյանը դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ մասնավորապես Վարուժան Ավետիսյանը հստակ տեղեկություններ ունի Սեֆիլյանի իրականացրած գործողությունների, միջոցառումների, հետագա ծրագրերի մասին: «Նա սպառիչ տեղեկություններ կարող է տրամադրել դատարանին: Դա կարող է էական ազդեցություն ունենալ թե Սեֆիլյանի եւ թե Վարուժան Ավետիսյանի համար»,-նշեց Արայիկ Պապիկյանը: Հիշեցնենք, որ Ավետիսյանին եւ Մանուկյանին եւս առաջադրված է զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանք, ինչպես եւ Սեֆիլյանին:

Մեղադրող-դատախազներն այս միջնորդության դեմ չառարկեցին՝ գտնելով, որ նշյալ անձինք պետք է հարցաքննվեն դատարանում: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը Պավել Մանուկյանին եւ Վարուժան Ավետիսյանին որպես վկա հարցաքննելու միջնորդությունը բավարարեց, իսկ Գարեգին Չուգասզյանի մասով՝ մերժեց, քանի որ վերջինս հետախուզման մեջ է, նրա գտնվելու վայրը պարզ չէ, ուստի նրան որպես վկա դատարան բերելու հնարավորություն չկա:

Նշյալ միջնորդության բավարարումը ենթադրում է, որ առաջիկա նիստում՝ մեկ շաբաթ անց, Ավետիսյանը եւ Մանուկյանը կհարցաքննվեն որպես վկաներ:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031