Հայ հոգևոր երգի անզուգական կատարող Լուսինե Զաքարյանի ու նրա ամուսնու՝ Խորեն Պայլանի մահից հետո Երևանի Կողբացի 42 հասցեում գտնվող նրանց տունն անցել էր Պալյանի զարմիկներին, որոնք ժառանգած սեփականությունը թանգարանի վերածելու հարցում երկար տարիներ համաձայնության չէին գալիս:
Զաքարյանի տունը թանգարանի վերածելու ցանկությունը կյանքի կոչելու հնարավորության մասին օրերս հայտարարեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Փոխնախարար Արև Սամուելյանի պարզաբանմամբ, հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ Լուսինե Զաքարյանի ու Խորեն Պալյանի՝ մի քանի ճյուղով ժառանգների հետ:
«Ուզում եմ ընդգծել և շնորհակալություն հայտնել Խորեն Պալյանի եղբորորդիներին, որոնք կարողացան լուծել այս խնդիրը, և արդյունքում՝ Լուսինե Զաքարյանի տունը կվերածվի թանգարանի: Սա եղել է ոչ միայն հանրության ու մշակույթի նախարարության, այլև այդ հրաշալի զույգի՝ Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի մեծ ցանկությունը: Մշակութային այս օջախը կունենա հիմնադրամ-թանգարանի կարգավիճակ: Ցուցադրության գիտական հայեցակարգը կմշակի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը: Բնակարանի վերանորոգումը ստանձնել է Րաֆֆի Պալյանը՝ Խորեն Պալյանի եղբորորդին: Աշխատանքը հրաշալի առաջ է գնում»,-ասաց փոխնախարարը:
Թանգարանի վերանորոգման աշխատանքը նախատեսում են ավարտել մինչև հունիսի մեկը՝ երգչուհու ծննդյան օրը: Հենց այդ օրն էլ տեղի կունենա Լուսինե Զաքարյանի թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը:
Ալիսա Գևորգյան