Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանեկան բռնության ենթարկված ավելի շատ երեխա է տեղափոխվել Երեխաների աջակցման կենտրոն (Տեսանյութ)

Հունվար 26,2018 13:39

Անցյալ տարի «Երեխաների աջակցության կենտրոնը» դժվար իրավիճակներում հայտնված ավելի շատ երեխաներ է ընդունել, քան նախորդ տարիներին: Հիմնականում կենտրոն են տեղափոխվում ընտանեկան բռնությունից տուժած երեխաներ: Այսօր այս մասին ասաց «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի նախագահ Միրա Անտոնյանը:
2017-ին կենտրոնը 215 երեխա է ընդունել:

«Մարդիկ փորձում են կոնֆլիկտ լուծել` երեխաներին դարձնելով միջոց»,-ասաց տիկին Անտոնյանը:

Գալիս են նաեւ այն երեխաները, որոնց ծնողներն, ըստ տիկին Անտոնյանի, չեն կարողանում համարժեք արձագանքել դեռահասության տարիքում ծագած խնդիրներին:

Միրա Անտոնյանն այդ բոլոր խնդիրների հիմքում տեսնում է աղքատությունը եւ ընտանեկան կազմալուծվածությունը:

Մանրամասները` տեսանյութում

Հակառակ Միրա Անտոնյանի պնդումների, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը վստահեցրեց, որ ընտանեկան բռնության ենթարկված երեխաների թիվը 2016 թվականի համեմատությամբ, անցյալ տարի նվազել է: Երեխաների նկատմամբ գրանցված բռնության 197 դեպքից 17-ը 2016 թվականին եղել է ընտանեկան բռնության դեպքեր, անցյալ տարի 190 դեպքից ընտանեկան բռնության դեպքերը եղել են 13-ը:

Նելլի Դուրյանի հրապարակած ցուցանիշների համաձայն, հանցագործություն կատարելու համար ընդհանուր առմամբ 2017-ին քրեական պատասխանատվության է ենթարկվել 341 անչափահաս, 2016 թվականին այդ թիվը տասով ավելի է եղել: Ըստ նրա, նվազել են ծանր հանցագործության դեպքերը: Եթե 2016-ին 5 անչափահաս է սպանություն կատարել, ապա անցյալ տարի` ոչ մի դեպք չի արձանագրվել: Անզգույշ սպանության դեպքերը 2016-ին մեկն է եղել, 2017-ին` զրո: Անչափահասների կողմից նվազել են ծանր մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի ու խարդախության դեպքերը եւս: Փոխարենն աճել են խուլիգանության դեպքերը:

Ըստ ոստիկանության ներկայացուցչի, սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները եւս նվազել են:

2016-ին անչափահասները վեց մարմնական վնասվածք են հասցրել դպրոցներում եւ հարակից տարածքներում, 2017-ին մեկ դեպք է արձանագրվել: Նելլի Դուրյանի խոսքով, այս հարցում իրենց ներդրումն ունեն տեսուչները, որոնք դասաժամեր ունեն եւ երեխաների հետ զրույցներ են վարում, հայտնաբերում են այն երեխաներին, որոնք ունեն հակահասարակական վարքագիծ եւ այլն: Հանցագործություն կատարած իգական սեռի երեխաների թիվը նույնպես նվազել է՝ 2016-ին արձանագրված 34 դեպքից դառնալով 28 դեպք:

Aravot.am-ի հարցին, թե պարբերաբար քննադատության թիրախում են հայտնվում համայնքներում գործող Խնամակալության եւ հոգաբարձության մարմինները, որոնք, ըստ ոլորտում գործող մասնագետների, սպառել են իրենց եւ անարդյունավետ են աշխատում, Երեւանի քաղաքապետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը պատասխանեց` մարդիկ, որոնք նման կարծիք են արտահայտում, հեռու են ոլորտից:
Ըստ Իդա Խաչատրյանի, պետք է շնորհակալ լինել այդ մարմնից, որի անդամները հասարակական հիմունքներով են աշխատում:

Մանրամասները` տեսանյութում

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031