Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԱԱԾ-ն օրենքի խախտումներով է չեզոքացրել ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանին». փաստաբան

Հունվար 26,2018 12:39

«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստում այսօր շարունակվեց գործում առկա փաստաթղթերի հրապարակումը, ասել է թե՝ հետազոտումը: Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանը դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին ասաց՝ քանի որ հրապարակելու են Սեֆիլյանին առնչվող փաստաթղթեր, անհրաժեշտ է նրա ներկայությունը:

Հիշեցնենք, որ նախորդ նիստում Սեֆիլյանը հերթական անգամ խախտել էր նիստի կարգը եւ որոշակի ժամանակով հեռացվել նիստերի դահլիճից:

Պաշտպանի այս միջնորդության դեմ առարկեցին մեղադրող-դատախազները: Հակոբ Ենոքյանը նշեց, որ Սեֆիլյանը միտումնավոր տապալել է նիստը, ուստի նրա հանդեպ կիրառված սանկցիան իրավաչափ է: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը մերժեց Սեֆիլյանին նիստերի դահլիճ վերադարձնելու միջնորդությունը, ինչից հետո Արայիկ Պապիկյանն ընթերցեց նշյալ փաստաթղթերը, մասնավորապես՝ ԱԱԾ կողմից Սեֆիլյանի հեռախոսահամարների եւ էլեկտրոնային փոստի նամակագրության վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ որոշակի տվյալներ:

Ըստ պաշտպանի՝ ԱԱԾ-ն Սեֆիլյանի հանդեպ հետապնդում է իրականացրել օրենքի խախտումներով: «Օրենքով՝ ՕՀԳ (օպերատիվ հետախուզական գործողություն) իրականացնելու համար գաղտնալսումների առավելագույն ժամկետը 12 ամիս է, մինչդեռ ԱԱԾ-ն 2014թ. սկսած է գաղտնալսել Սեֆիլյանին, այսինքն՝ խախտում է եղել: Բացի այդ, դատարանից գաղտնալսումներ կատարելու թույլտվությունը ստանալու համար ԱԱԾ-ն մատնանշել է, թե օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Ժիրայր Սեֆիլյանը կազմակերպում է հավաքներ եւ քննարկումներ, որոնց ժամանակ նախապատրաստում է գործողություններ՝ տիրանալու համար նախագահի եւ կառավարության լիազորություններին: Մինչդեռ 2015թ. փետրվարին ԱԱԾ-ից գործի նյութերն ուղարկվել են գլխավոր դատախազ Կոստանյանին, որն էլ դրանք ուղարկել է քննչական կոմիտեին, որտեղ որոշվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու առթիվ հարուցել քրեական գործ եւ կատարել նախաքննություն: Նշանակում է, որ խաբել են դատարանին եւ փոխել հոդվածը»,-նման հայտարարությամբ հանդես եկավ Արայիկ Պապիկյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ Ժիրայր Սեֆիլյանը քաղաքական հայացքների համար է հաշվեհարդարի ենթարկվում. «ԱԱԾ-ի համար ընդդիմադիր գործչին չեզոքացնելու համար օրենք չի գործում: Նա քրեական հետապնդման է ենթարկվում, որովհետեւ պետք է մեկուսացվեր, ու կարեւոր չէ, թե ինչ կերպ»:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031