Եվ այսպես, Արմեն Վարդանի Սարգսյան: ՀՀԿ-ն ու անձամբ նախագահ Սարգսյանը (դեռեւս չխառնելն Արմեն Սարգսյանի հետ), հենց Արմեն Սարգսյանին առաջադրեցին ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում: Չմոռանամ ասել, որ ՀՀԿ-ն իր այս դժվարին որոշումը կայացրեց կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի հետ խորհրդակցելուց հետո. ամեն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց Արմեն Սարգսյանի անունը, ՀՅԴ-ից Արմեն Ռոստամյանը նշեց, որ ՀՀԿ-ն իրենց հետ խորհրդակցել է 4-րդ նախագահի թեկնածության հարցում: Անկեղծ ասածՙ կդժվարանամ ասել, թե կոնկրետ որ օրը ու որ ժամին: Ինչեւէ, սրանք ներկոալիցիոն հարցեր են, եթե իհարկե նման հարցեր լինում են:
Արմեն Սարգսյանին ներկայացնելու կարիք թերեւս չկա: Մարդը երկար տարիներ, սակայն ընդմիջումներով, եղել է Մեծ Բրիտանիայում, 2014-ից համատեղության կարգով նաեւ Իռլանդիայում ՀՀ դեսպան, Եվրոպայում ՀՀ ավագ դեսպան, ՀՀ վարչապետ (ամենաքիչ պաշտոնավարածը), ապա հիվանդության պատճառով հրաժարվել է վարչապետի պաշտոնից ու նորից նշանակվել Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան: Իմիջիայլոց, ընդունելով դեսպանի հավատարմագրերը Սարգսյանից, թագուհի Եղիսաբեթն ասել է. «Արմեն, դու չեմպիոն ես դեսպանների շարքում. արդեն երրորդ անգամ ես վերադառնում մեզ մոտ»:
Մի խոսքով, քաղաքականությամբ զբաղվել է ու զբաղվում է: Մենք իհարկե գիտեինք, որ ՀՀ 4-րդ նախագահը քաղաքականությամբ զբաղված չի լինելու , ինչպես ասել էր Սերժ Սարգսյանը, բայց դիվանագիտությունը հավանաբար քաղաքականություն չի համարվում, ասենք Էդվարդ Նալբանդյանը արտաքին քաղաքականությամբ չի զբաղվում, ԼՂ հարցը քաղաքական հարց չէ… Մի խոսքով: Ինքըՙ Արմեն Սարգսյանը, նախքան հայտնի կդառնար, որ առաջադրվելու է նախագահի թեկնածու, ասել է, որ քաղաքականությամբ զբաղվելու հետաքրքրություն չունի : Հետաքրքրական է, թե ինչո՞վ են զբաղվում Լոնդոնում մեր դեսպանատանը, եթե ոչ քաղաքականությամբ… Ամեն դեպքում ասում են, որ Արմեն Սարգսյանը լուրջ գիտնական է, լուրջ գյուտեր ունի, լուրջ բիզնեսմեն է ու լուրջ փողեր ունի: Մի խոսքովՙ ՀՀ նախագահի լուրջ թեկնածու է: Լուրջ, բայց ժպտերես, ինչով էլ պարոն Սարգսյանը առանձնանում էր 90-ականներին Հայաստանում, երբ նշանակվեց ՀՀ վարչապետ ու առանձնանում է հիմա, երբ կընտրվի ՀՀ նախագահ: Ի դեպ ժպտերեսության մասին: Արմեն Սարգսյանի կինըՙ տիկին Նունե Սարգսյանը, որի մասին դեռ կխոսենք, ասում է. «Ես միշտ երջանիկ դեմք եմ ունեցել, տխուր դեմքը երբեք չի աշխատում»: Այնպես որ, անկախ նրանից կընտրվի՞ Ա. Սարգսյանը ՀՀ նախագահ, թե՞ ոչ, Սարգսյանները շարունակելու են ժպտալ:
Ընտրվելո՞ւ է, անշուշտ, բայց ինչպես մենք ենք ազգովին որոշել նոր Սահմանադրությանն «այո» ասելով, ոչ թե համապետական ընտրությունների արդյունքում, այլ ԱԺ-ի կողմից, որտեղ նրան առաջադրող ՀՀԿ-ն մեծամասնություն է, ՀՅԴ-ն մեծամասնության կողքին է, ԲՀԿ-ում «բոլորը Ծառուկյան են», իսկ Ելք-ը, չնայած առաջադրում է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը, բայց համապատասխան ստորագրություններ չի կարողանում հավաքել, եւ ըստ ամենայնի Արմեն Սարգսյանը մրցակից չի ունենա:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում