Հայկական ֆուտբոլային թիվ մեկ հարցը հանգուցալուծվեց ու Հենրիխ Մխիթարյանը… եթե «Արսենալ»-ում էլ չկարողացավ ամբողջովին ցուցադրել իր բարձր կարգը, ուրեմն իրականում բարձր կարգ չունի, ինչն, անշուշտ, այդպես չէ:
Մխիթարյանի այս պատմությունը, բացի բուն ֆուտբոլային հարց լինելուց, այլ, անհամեմատ ավելի նուրբ խորքեր ունի: Բանն այն է, որ Մխիթարյանը ցույց տվեց, թե որքան չտես ենք մենք ընդհանրապես, մեծ ֆուտբոլի առումովՙ մասնավորապես: Բանն այն է, որ մեծ թիմերում, ինչպիսիք են «Մանչեսթեր Յունայթեդը» եւ իհարկե «Արսենալը», իր տեղը մշտապես ունենալու համար պետք է մշտապես կամ գոնե հաճախակի լավ խաղալ: Իսկ Հենրիխը «Յունայթեդի» վերջին խաղերում, երբ դեռ խաղում էր, ամենեւին էլ լավ չէր խաղում:
Անշուշտ հնարավոր է, որ Հենոն լավ չէր խաղում, քանի որ «Մանչեսթերն» էր վատ խաղում, կամ սխալ մարզչական հրահանգներով էր խաղում, բայց փաստն այն է, որ վերջին խաղերում Լինգարդն, օրինակ գոլային փոխանցումներ արել է, Ռեշֆորդն ու Մատան, օրինակ, գոլեր խփել են, իսկ Հենրիխը ոչինչ չի արել:
Եվ Հենրիխին «Յունայթեդ» բերած Մոուրինիոն բնականաբար պետք է դժգոհեր, ընդ որում, երբ Հենրիխը Եվրոպա լիգա էր հաղթումՙ «Յունայթեդ»-ի հետ ու կարիճ գոլ էր խփումՙ Պրեմիեր լիգայում նույն Մոուրինիոն չէր թաքցնում իր հիացմունքը Հենոյի խաղի նկատմամբ:
Հիմա, մեր կարծիքով, մեր աշխատանքը (տվյալ պարագայում մենքՙ Հենրիխ Մխիթարյանն ենք) անթերի է, մենք միշտ լավն ենք, ճիշտն ենք, ամենալավն ու ճիշտն ենք ու մեզ չեն հասկանում, մեզ չեն գնահատում, մեզ չեն ընդունում, մեզ ճանապարհ չեն տալիս, մեզ… Իսկ մենք ամեն բան անում ենք: Ընդ որում` որևէ մեկն իրավունք չունի դժգոհություն հայտնել մեզանից, քանի որ այդ իրենք են մեղավոր, որ մենք լավ արդյունքներ ցույց չենք տալիս մեր աշխատանքում: Մենք կատարյալ ենք, այդ իրենք չեն ուզում կատարյալ դառնալ: Կատարյալ մարդ ենք, կատարյալ ընտանիքներ ունենք, կատարյալ թաղեր, գյուղեր, քաղաքներ, երկիր, հայրենիք, մշակույթ, ազգ… Կատարյալ ու հանճարեղ:
Միայն տնտեսությունը կատարյալ չէ, այն էլ ոչ թե մեր մեղքով, այլ իրենցՙ իշխանության, որի պատճառով էլ մենք վատ ենք ապրումՙ 1991-ից սկսած, չնայած մինչեւ այդ էլ առանձնապես լավ չէինք ապրում ու չնայած 1991-ից մինչեւ հիմա տարբեր տեսակի իշխանություններ ու իրարամերժ պաշտոնյաներ ենք ունեցել:
Հովիկ ԱՖՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում