Հայաստանի կարագի շուկան դեռ չի շտապում արձագանքել միջազգային գներին։ Թեեւ միջազգային շուկայում կարագի մեկ կիլոգրամն արժի 4.8 դոլար, այնուամենայնիվ, մեր հանրապետությունում այն վաճառվում է ավելի քան 9.2 դոլարով՝ մոտ 4.4 դոլարով ավելի։
Նկատենք, որ միջազգային շուկայում կարագի գները սկսել են նվազել անցած տարվա նոյեմբեր ամսից։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նոյեմբերի 21-ի դրությամբ միջազգային շուկայում կարագի մեկ կգ-ը վաճառվել է 5.1 դոլարով, դեկտեմբերի 17-ին՝ 4.5 դոլարով, դեկտեմբերի 19-ին՝ 4.4 դոլարով, հունվարի 2-ին՝ 4.5 դոլարով, հունվարի 16–ին՝ 4.8 դոլարով։ Բայց կարագի միջազգային այս գնանկմանը անհաղորդ է մեր ներքին շուկան։ Հակառակը՝ մեր հանրապետությունում կարագի տեսակ կա, որը, չնայած միջազգային շուկայում արձանագրված գնանկմանը, թանկանում է։ Իսկ կարագի տեսակ էլ կա՝ էժանանում է, բայց չնչին։ Օրինակ՝ «Անքոր» տեսակի կարագի մեկ կիլոգրամը այսօր վաճառվում է 4680 դրամով՝ 9.75 դոլարով։ Մինչդեռ օրեր առաջ այս տեսակի կարագի մեկ կիլոգրամն արժեր 4510 դրամ՝ 9.4 դոլար։ Իսկ ահա նոր զելանդական տեսակի կարագի մեկ կգ-ը, հակառակը, 20 դրամով էժանացել է, եւ այն հիմա վաճառվում է 4410 դրամով՝ 9.2 դոլարով։
Ստացվում է, որ մեր ներքին շուկան միջազգային գների բարձրացմանն արագ է արձագանքում, եւ տվյալ ապրանքատեսակը մեկ-երկու օրվա մեջ թանկանում է, իսկ գնանկման դեպքում ամիսներ անց է միայն արձագանքը հասնում տեղ։ Ըստ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ կարագի գների միջազգային անկումը չի կարող անմիջապես անդրադառնալ տեղական շուկայի գների վրա այնպես, ինչպես թանկացումը եւս անմիջապես չի անդրադարձել մեր շուկայի վրա։
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում