ԱԺ-ում շրջանառության մեջ են դրել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության մի նախագիծ, որ ոչ ուտես, ոչ խմես` միայն հիանաս այդ ստեղծագործությամբ:
Կարդում եմ, ու աչքիս առաջ Նիկոլ Փաշինյանն է` ԱԺ ամբիոնի մոտ. բարձրախոսն է ուղղում, կոստյումը հետ գցած՝ շրջվում ՀՀԿ խմբակցության կողմը, ձեռքերի ու դեմքի ժեստիկուլյացիայով բաներ ասում, որ քիչ է մնում ՀՀԿ-ականներին պայթացնի: Ասում է` դուք պետք է ընդունեք մի հայտարարություն, որտեղ ասվում է. «ԱԺ-ն հայտարարում է, որ խստորեն դատապարտում է 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ 2008 թվականի մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից բիրտ եւ ապօրինի ուժի գործադրումը, ինչպես նաեւ այդ դեպքերից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների նկատմամբ շինծու քրեական գործերի հարուցումն ու մեղադրական դատավճիռների կայացումը»:
Եվ մինչ Նիկոլ Փաշինյանն այս թուղթը թափահարելով խոսում է ամբիոնից, ես ինձ հարց եմ տալիս` տեսնես Նիկոլը հույսն ինչի՞ վրա է դրել, չէ՞ որ այսօր ԱԺ դահլիճում այն նույն մարդիկ են նստած, որոնք 2008 թվականի նախագահական ընտրություններում ղեկավարել են իշխանական շտաբը, նույն մարդիկ, որոնց ժամանակին մեղադրել են խաղաղ ցուցարարների դեմ թիկնապահների զինված խմբեր հանելու մեջ, այն նույն մարդիկ, որոնք այդ օրերին մեռան ասելով, որ պետության հետ չի կարելի չար կատակ անել:
«Ելքն» իր նախագծով ԱԺ-ից պահանջում է ընդունել եւ հայտարարել, որ 2008-ի նախագահական ընտրությունները կեղծվել են, արդյունքները խեղաթյուրվել: Դարձյալ նույն հարցն է տանջում ինձ` ո՞ւմ վրա է հույս դրել Նիկոլ Փաշինյանը, երբ դահլիճում հանրահայտ ընտրակեղծարարներ կան նստած, իսկ խոսքն էլ նրանց ընտրած նախագահի մասին է, որի համար կյանքներն էլ չեն խնայի:
Շրջանառության մեջ դրված նախագծի ամենահուզիչ դրվագը, սակայն, «Ելքի» հավաքական հավկուրությունը չէ: «Փաստաթղթի» հիմնավորումներում կա մի կետ, որով այն օրերի գլխավոր գործող անձերից մեկը` Նիկոլ Փաշինյանը, հաստատել է, որ «խաղաղ ցույցը» շարունակելու համար Մյասնիկյանի հրապարակն ընտրելը պայմանավորված է եղել հարեւանությամբ օտար պետությունների դեսպանատների առկայությամբ:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում