Այս շաբաթ ԱԺ-ում թանկացումների թեմայով տեղի ունեցած լսումները, մեղմ ասած, «ժամկետանց» էին, որովհետև տնտեսավարողներն արդեն հասցրել են գերշահույթ ստանալ, իսկ առկա թանկացումները մեղմելու անհրաժեշտություն կառավարությունը ինչպես ավելի վաղ չուներ, այդպես էլ լսումների ժամանակ նման ցանկություն, կարծես, չհայտնեց: Տնտեսագետ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ ՄՈՎՍԵՍ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում ևս փաստեց, որ այդ լսումներն ուշացած էին:
-Այս մաքսային օրենսգիրքն ընդունելուց հետո ու՞մ են պետք այդ լսումները,- ասաց տնտեսագետը:- Տնտեսական բլոկը կանոնակարգելու կոչված պատկան մարմինները բավական ժամանակ ունեին (ԵԱՏՄ համաձայնագրով նրանց երեք տարի ժամանակ էր տրված), որպեսզի ակնկալվող մաքսային դրույքաչափերի կիրառմամբ տնտեսական քաղաքականությունը կարգի բերելու միջոցներ ձեռնարկեին ու զսպեին գնաճը: Առնվազն 2016-ի հունիսին իշխանությունները հնարավորություն ունեին պատրաստվելու և գնաճը մեղմելու:
-Ինչու՞ այդ քայլերը նախապես չարեցին, և գնաճը չզսպվեց:
-Մեր ՀԿ-ն առաջարկություններով նամակ հղեց դեռ այն ժամանակվա ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին: Նամակ ուղղեցինք նաև նոր վարչապետին՝ ասելով, որ նրա օրոք ընդունված Հարկային օրենսգիրքը մեծ հարված է հասցնելու իր ծրագրերին (այս մասին զգուշացրել ենք նաև տարբեր հրապարակային ելույթներով ու հայտարարություններով): Սակայն այդ ամենին ոչ մի ուշադրություն չդարձրին: Հիմա տնտեսական բլոկի պաշտոնյաները եկել են ու իրենց արդարացնող ինչ-որ զեկույցներ են ներկայացնում` մեկը մյուսին հակասող: Զարմանալի է, պետական մարմինները թանկացած ապրանքների համար տարբեր գներ են մատնանշում, տարբեր ապրանքախմբերից են խոսում, մի՞թե չէր կարելի ճիշտ տեղեկություններ հաղորդել: Ավելին, նրանց ելույթները հակատնտեսագիտական և հակապետական էին: Զորօրինակ, տրանսպորտի, կապի, ՏՏ ոլորտի փոխնախարարի այն հայտարարությունը, թե դիզվառելիքի ակցիզային գների բարձրացումից տրանսպորտային գներն իջնելու են: Նոնսենս: Այդ մարդուն պետք է հենց այսօր գործից ազատել: Քաղաքակիրթ և ժողովրդավար երկրում այդպես են անում, պաշտոնական նման հայտարարության համար պետք է պատասխան տան: Հակատնտեսագիտական էր նաև ՏՄՄՊՀ-ի նախագահի ելույթը, ըստ որի` ազատական շուկա է, և գնագոյացման կարգավորում չկա: Այդ մարդը հավանաբար չգիտի, թե ինչպիսի բարեփոխումներ են կատարվել ամենաազատական տնտեսություն ունեցող զարգացած երկրներում, օրինակ Գերմանիայում, որը հիմա ԵՄ-ի ամենաառաջատար երկրներից է: Իսկ մեր երկիրը հույսը դրել է վայրի շուկայական հարաբերությունների վրա ու ոչինչ չի անում: Ամենաազատական տնտեսություն ունեցող ԱՄՆ-ի նախագահն օրինագիծ է ներկայացրել, որ աշխատող ամուսինների մինչև 25 հազար դոլար եկամուտը չհարկվի, իսկ մեզ մոտ ամեն մի լուման հարկվում է: Մեր ՏՄՄՊՀ-ն չպատրաստվեց այս իրավիճակին, պետք է շուկան նախապատրաստեր, իր գործիքներն օգտագործեր գնաճը զսպելու և մեղմելու համար: Այս հանձնաժողովը պետք է վերափոխվի ու դառնա մենաշնորհի դեմ պայքարի հանձնաժողով:
-Կառավարությունն ի զորու չէ՞ տնտեսությունը կարգի բերելու:
-Կարծում եմ՝ ոչ, որովհետև օբյեկտիվ լուրջ բեռի տակ է: Պետական բյուջեն դեֆոլտի առջև է: Այն տնտեսական աճը, որ ներկայացվում է, ես չեմ տեսնում:
-Եթե դեֆոլտ է, վեց տոկոս տնտեսական աճն ինչպե՞ս բացատրել:
-Չգիտեմ, եթե տնտեսությունն աճում է, ինչու՞ է բյուջեն կրճատվում: Եթե տնտեսությունն աճում է, բյուջետային մուտքերը պետք է շատ լինեն: Այսինքն, այստեղ խնդիր կա: Խնդիրը մենաշնորհն է, կոռուպցիան, ստվերային շրջանառությունը։ Պետությունն իր կարգավորիչ դերը չի իրականացնում:
Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում