Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը նախօրեին հայտարարել է, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև տրանսպորտային միջանցքների գործարկման վերաբերյալ 2011 թվականի համաձայնագիրը կարող է մոտենալ իրականացվելուն: Կարասինը հայտարարել է, որ Պրահայում սպասվում է բանակցության հերթական փուլը, և հնարավոր է առաջընթաց այդ հարցում:
Հայաստանի համար սա կարևոր է այն առումով, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով անցնող ճանապարհների գործարկումը Հայաստանի համար կարող է լինել այլընտրանք Վերին Լարսին: Ռուսաստանի և Վրաստանի միջև համաձայնագիրը կնքվել է 2011 թվականին, սակայն առ այսօր չի իրականացվում, քանի որ չեն հարթվում քաղաքական տարաձայնությունները: Համաձայնագրով նախատեսվում է, որ չնայած քաղաքական հակամարտությանը, տրանսպորտային հաղորդակցությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով վրաց-ռուսական ուղղությամբ վերականգնվում է, շվեյցարական ընկերության մոնիտորինգի ներքո:
Վերջին տարվա ընթացքում հայտարարվել է առաջընթացի մասին, սակայն գործնականում ամեն ինչ նույնն է: Կիրականանա՞ Կարասինի ազդարարած առաջընթացը այս անգամ: Սակայն առաջին հայացքից հուսադրող թվացող այդ հայտարարությունն իրականում ունի Հայաստանի համար մռայլ շարունակություն: Կարասինը հայտարարել է, որ Հայաստանն, իհարկե, դիմել է, սակայն համաձայնագիրը երկկողմ է և երրորդ երկրների հետ կապված ոչինչ չի նախատեսում, այդ թվում Հարավային Օսիայի և Աբխազիայի մասով: Ահա այստեղ է Հայաստանի համար մռայլը, քանի որ ակնհայտ է՝ Կարասինը հայտարարում է, թե Հայաստանն ինչ պայմանով կարող է միանալ համաձայնագրին:
ՌԴ փոխարտգործնախարարը նշում է, որ երրորդ երկրների հետ կապված որևէ բան համաձայնագրով նախատեսված չէ: Հայաստանի հետ մեկտեղ, նա թվարկում է Աբխազիան և Հարավային Օսիան: Բանն այն է, որ վրաց-ռուսական համաձայնագիրը ստորագրվել և բանակցվում է Վրաստանի պայմանով, որ Աբխազիան և Հարավային Օսիան համաձայնագրում որևէ կերպ չկան, համաձայնագիրն իրականացվելու է այդ տրամաբանությամբ, այսինքն՝ սահման դիտարկվելու է Ռուսաստանի, ոչ թե Աբխազիայի և Օսիայի սահմանները: Այդպիսով, Կարասինը Հայաստանի մասին խոսելով՝ ակնարկում է, որ Հայաստանը մի տարբերակ ունի համաձայնագրից օգտվելու՝ եթե Վրաստանը «երրորդ կողմ» կճանաչի հավասարապես նաև Աբխազիան և Հարավային Օսիան:
Արամ Ամատունի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում