Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ քննչական վարչության պետը՝ Նորք-Մարաշի զինված խմբի եւ Սամվել Բաբայանի գործերի մասին. «Ժողովուրդ»

Հունվար 26,2018 11:00

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԱԾ գործունեության մասով հարցեր էր ուղղել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության   ծառայության քննչական վարչության պետ, գնդապետ Միքայել Համբարձումյանին։

– Նորք-Մարաշի առանձնատներից մեկում հայտնաբերված զինված խմբին  վնասազերծելուց հետո Դուք մամուլի ասուլիս տվեցիք ու հայտարարեցիք, որ նախաքննությամբ անհերքելի ապացույցներ են ձեռք բերվել, թե խումբը ինչ զազրելի հանցանքներ է նախաձեռնել։ Մինչդեռ գործի դատաքննության ընթացքում սկսեց գերիշխել կարծիքը, որ գործը փլվում է, քանի որ փաստերը, մեղմ ասած, քիչ են կամ չկան։

– Նորքի գործով ես ձեռնպահ կմնամ գնահատականներ հնչեցնելուց եւ կոնկրետ ապացույցների մասին խոսելուց, քանի որ այս փուլում արդեն իսկ ընթանում է դատաքննություն, ընդամենը խորհուրդ կտամ ավելի ուշադիր հետեւել գործի դատաքննությանը, եւ երբ կհրապարակվեն ապացույցները, ցուցմունքներ կտան մեղադրյալները, կամ կհրապարակվեն նրանց նախաքննական խոստովանական ցուցմունքները, խնդրում եմ՝ վերլուծեք դրանք, համադրեք միմյանց հետ, եւ կարծում եմ՝ Դուք՝ որպես անաչառ դիտորդ ու լրագրող, կփոխեք Ձեր կարծիքը եւ ճիշտ գնահատական կտաք գործին եւ մեր իրականացրած աշխատանքին, իրապես կլուսաբանեք պարզված փաստերը, ինչը կնպաստի, որ հետագայում բացառվեն նմանօրինակ դեպքերը։ Ընդամենը մեկ փաստ կուզենայի հիշատակել.  այն, որ խմբին զենք իրացրած թվով 5 անձանց վերաբերյալ առանձին գործերով արդեն իսկ դատավճիռներ են կայացվել, նրանք ընդունել են մեղքը եւ խնդրել են արագացված դատաքննություն իրականացնել։

– Հասարակության լայն շերտերի կողմից չընկալվեց նաեւ Արցախի հերոս Սամվել Բաբայանի կալանավորումը եւ նրան մեղսագրվող արարքը։ Եթե չկար քաղաքական հրահանգ, արդյո՞ք նա այն վտանգավոր քրեական հանցագործն էր, որին պետք էր անհապաղ մեկուսացնել ապրիլյան ընտրություններից առաջ։ Ի վերջո, նրա «Իգլայի գործ»-ը եւս քչերի մոտ հավատարժան եղավ։

– Սամվել Բաբայանի եւ մյուս 6 մեղադրյալների վերաբերյալ քրգործով արդեն իսկ կայացվել է մեղադրական դատավճիռ։

Ս. Բաբայանի նկատմամբ խափանման միջոցի տեսակ ընտրելիս նախաքննական մարմինը եւ վերջինիս ներկայացրած միջնորդությունը քննարկած դատարանն առաջնորդվել են բացառապես քրեադատավարական օրենքով սահմանված հիմքերով, այն է՝ բավարար հիմքեր են եղել ենթադրելու, որ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ այլ ճանապարհով։ Նախաքննական մարմինը նպատակ չի հետապնդել, Ձեր խոսքով՝ «մեկուսացնել» Սամվել Բաբայանին ապրիլյան ընտրություններից առաջ, քրեական հետապնդում իրականացնող մարմինն ընդամենն իրականացրել է իր պարտականությունը՝ անկախ այն հանգամանքից, թե հանցագործությունն ով եւ երբ է կատարել։ Այսինքն՝ դա ընդամենը պարզ համընկնում է՝ պայմանավորված դեպքի հանգամանքներով, դրանում համոզվելու համար բավարար է վերհիշել միայն այն փաստերը, որ «Իգլա»-ի ձեռք բերման հետ կապված խոսակցությունները, բանակցությունները Բաբայանը եւ մյուսները վարել են այդ նախընտրական շրջանում, նույնիսկ մարտական հրթիռով «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակի՝ ՀՀ տեղափոխված լինելու փաստը հաստատող լուսանկարը հանցագործության մեջ մեղադրվող անձինք կատարել են «ՕՐՕ» դաշինքի նախընտրական բուկլետի ֆոնին։ Մենք չէինք կարող սպասել, որ ի կատարումն Ս. Բաբայանի խորհրդի՝ ռազմամթերքը տեղափոխվեր եւ թաքցվեր ինչ-որ վայրում, ինչը կարող էր հանգեցնել առնվազն նրան, որ այն կշարունակեր մնալ ապօրինի շրջանառության մեջ։

Այս կապակցությամբ, ի պատիվ Սամվել Բաբայանի, ուզում եմ հիշեցնել նաեւ, որ վերջինս նույնպես չքաղաքականացրեց քրգործը, այլ այն գնահատեց զուտ քրեաիրավական հարթությունում։ Կարծում եմ, որ այդ իմաստով կասկածի տակ չեք դնում Ս. Բաբայանի կողմից տրված գնահատականը, քանի որ վերջինս այն անձը չէ, ով կարող էր ինչ-ինչ ազդեցության տակ գնահատական տալ նման նուրբ հարցի առնչությամբ։

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031