Արդեն 18 տարի է, ինչ հրապարակախոս, գրող, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանը միջազգային հետախուզման մեջ է:
Հետաքրքրական է, որ, չնայած դրան, ոստիկանության կայքի «Հետախուզվում են» բաժնում նրա անունը չգտանք, ինչպես չգտանք նաեւ մետրոյի կայարաններից մեկում փակցված հետախուզվողներին վերաբերող պաստառում։
Ոստիկանությունից փորձեցինք ճշտել՝ ինչո՞ւ է այնպես ստացվել, որ Սիրադեղյանը տեղ չի գտել հետախուզվողների ցանկում։ Կառույցի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պատասխանեց․ «Հետախուզվողների ահավոր մեծ քանակ կա, եւ հատկապես, եթե մենք տեղադրում ենք, եւ դա հայերեն է, տեղադրում ենք այն մարդկանց, ովքեր տեսնեն, ճանաչեն եւ ասեն՝ հետախուզվող կա, դա ճանաչման է ներկայացվում, ոչ թե որպես ի գիտություն է։ Մեր հաղորդման ժամանակ էլ ենք մենք ցույց տալիս, մենք ցույց ենք տալիս մարդկանց, ովքեր տեսել են, գիտեն՝ ասեն, իսկ ձեր կողմից նշված մարդուն բոլորը գիտեն»։
Այս ընթացքում մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, որ Վանո Սիրադեղյանի նկատմամբ չի կարող կիրառվել «վաղեմության ժամկետ» հասկացությունը, քանի որ այն հետախուզման պահից կասեցվում է: Փաստաբան Տիգրան Աթանեսյանից ճշտեցինք՝ ի վերջո նրա նկատմամբ «վաղեմության ժամկետ» կարո՞ղ է կիրառվել։
«Կարող է, ես ինչքան հասկանում եմ՝ մեղսագրվող արարքները մինչեւ 1998 թվականն են կատարվել, արդեն լրացել է «վաղեմության ժամկետը», 20 տարի է « վաղեմության ժամկետն» այս դեպքում, ընդ որում՝ կա մի խնդիր, երբ արարքները կատարվում էին, մենք ունեինք Քրեական օրենսգիրք, որտեղ կար մահապատիժ, այնուհետեւ՝ 2001-ից հետո մահապատիժը 2004 թվականի օրենսգրքով չունենք։ Եթե մահապատիժ էր սահմանվում արարքի համար, ապա «վաղեմության» կիրառումը մնում էր դատարանի հայեցողությանը, հիմա մոռանանք մահապատժի առկայությունը, նայենք առանց մահապատժի հոդվածը, ըստ այդմ՝ 20 տարին լրացել է, եւ «վաղեմության ժամկետը» պետք է կիրառվի։ Վանո Սիրադեղյանը, վերադառնալով Հայաստան, պատասխանատվության չի կարող ենթարկվել, բացառությամբ մի դեպքի, երբ ինքը գալիս է եւ առարկում է «վաղեմության» կիրառման դեմ, այդ դեպքում ընդհանուր կարգով գործի քննությունը շարունակվում է»,- ասաց փաստաբանը։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում