Ուշագրավ էր «Ելք» դաշինքի երթին հասարակության արձագանքը։ Գուցե այս անգամ սպասումները հասարակությունից փոքր-ինչ շատ էին, քանի որ թվում էր, թե բավականին զգացմունքային թեմա է ընտրվել, թեմա, որն առնչվում է յուրաքանչյուրին, թեմա, որ հացի խնդիր է, սուր սոցիալական հարց։ Սակայն հասարակությունն ինչպես կար ապատիայի մեջ, պասիվ կարգավիճակում, այդպես էլ շարունակում է մնալ։ Երթին մասնակցում էր առավելագույնը 1500-2000 մարդ` իրավապահ համակարգի պաշտոնական և ոչ պաշտոնական աշխատակիցները, լրագրողները ներառյալ։ Սա շատ վերլուծաբանների, այդ թվում` օտարերկրյա դիտորդների զարմանքն առաջացրեց։ Իրավիճակը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք բավականին լուրջ հասարակական ճգնաժամի հետ, ինչը վերածվում է մենթալիտետային ճգնաժամի։ Դեգրադացիան հասել է այն աստիճանի, որ, ամենայն հավանականությամբ, հասարակությունն սկսել է չհավատալ ոչ միայն քաղաքական ուժերին, այլև, որքան էլ տարօրինակ է, ինքն իրեն։ Եվ դա, որոշ վերլուծաբանների կարծիքով, պայմանավորված է նախ և առաջ նրանով, որ տարիներ շարունակ հասարակության մի ստվար զանգված ընտրական պրոցեսներում ներգրավված է եղել հիմնականում ձայների առուծախի մեջ։ Ընտրությունից ընտրություն այդ զանգվածն ավելանում էր, որոնք 5 կամ 10 հազար դրամով ընտրում էին նրան, ով այդ գումարը տալիս էր, տվյալ դեպքում խոսքը փող ունեցող իշխանական ուժերի կամ իշխանության կողմից գումար բաժանելու թույլտվություն ունեցող, օրինակ, ԲՀԿ-ի կամ «Ծառուկյան» դաշինքի հետ շաղկապված գործիչների մասին է։ Հասարակությունը, կարծես, կորցրել է ինքն իր նկատմամբ վստահությունն ու անգամ հարգանքը։ Հասկանում է, որ եթե նույնիսկ դուրս գան ցույցերի, և ցանկացած պահի ինչ-որ մեկն ինչ-որ բանով գայթակղի իրենց, ապա պատրաստ են դադարեցնելու պայքարը հանուն այդ նույն պայմանական 5 կամ 10 հազարների։ Հասարակության դեգրադացիան վերածվել է հոգեբանական, մենթալիտետային խնդրի։ Ընդ որում` այդ դեգրադացված զանգվածը նույնպես ակտիվ է, այն իր քաղաքական դիրքորոշումներին մշտապես փնտրում է գումարի այլընտրանք։ Մյուս կողմից, հասարակության մեջ կա նաև զանգված, որը որոշակի փուլերում չի գայթակղվել գումարային առաջարկներով, այլ, մասնակցելով ընտրություններին, իր բողոքն արտահայտում էր ընդդիմությանը ձայն տալով։ Սակայն այդ դեպքում արդեն ընդդիմություն կոչեցյալը, որ բավականին շատ ձայներ էր ստանում, հետընտրական զարգացումներում այդ ձայները վերածում էր ոչ թե քաղաքական, այլ ֆինանսական կապիտալի։ Այս ամենը տեսնելով՝ հասարակության ակտիվ զանգվածը, հիասթափվելով ընդդիմություն կոչվածից, ըստ էության, այժմ իր գործողություններով հասկացնում է, որ իրեն միջնորդ պետք չէ իշխանության հետ շուկայական հարաբերություններում։ Եթե ձայները, ի վերջո, պետք է փաստացի վաճառվեն, ապա կվաճառեն հենց իրենք։
Այս ամենի համատեքստում նորից գալիս ենք այն եզրահանգման, որ եթե այսօր իշխանության որևէ թև, իր սեփական նպատակները հետապնդելով, շահագրգիռ չէ, որ բողոքի ակցիաները լինեն երկարատև ու զանգվածային, ինչպես «Էլեկտրիկ Երևանի», տրանսպորտի սակագնի բարձրացումների դեպքում էր, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ էլ հասարակությունը նման հնարավորություն, իսկ երբեմն նաև ցանկություն չունեն:
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում