«Ամերիկայի Ձայն».Վեց շաբաթ անց «Ստալինի վախճանը» ֆիլմը կներկայացվի ամերիկյան հանրությանը, իսկ Ռուսաստանում այն դժվար թե տեսնեն՝ այդ երկրի Մշակույթի նախարարության հանրային խորհուրդը կատակերգությունը որպես վիրավորանք է ընդունել.
«Մասնագիտական առումով դա շատ վատ, չափազանց կեղծ կինոնկար է, որը մեր երկրի հետ գաղափարական պայքարի արտացոլումն է», – նշում է ռուսական կողմը:
ԱՄՆ-ում, Սանդենս կինոփառատոնին, որտեղ ներկայացված է կինոնկարը, բրիտանացի ռեժիսոր Արմանդո Իանուչին «Ամերիկայի Ձայն»-ն պատմել է, որ իր թիմը լուրջ նախապատրաստական աշխատանք է անցկացրել նկարահանումներից առաջ, այդ թվում՝ հետազոտել արխիվներն ու զրուցել պատմաբանների հետ.
«Մենք հարգանքով ենք վերաբերվում 1950-ականներին Խորհրդային Միությունում տեղի ունեցածին, եւ դա երեւում է ֆիլմում: Ավելին, ֆիլմը տեսած ռուսներն ասում են որ այն շատ ծիծաղելի է եւ իրականությանը մոտ»:
Ռուսաստանի մշակույթի նախարարության ներկայացուցիչներն իրենց կողմից նշում են, որ մարշալ Ժուկովը ֆիլմում ապուշի կերպարով է ներկայացված: Ժուկովի դերակատար Ջեյսոն Այզեկսին իշխանավորների կողմից նման արձագանքը չի զարմացնում: Դերասանի համար սակայն ավելի կարեւոր է իր ընկերոջ կարծիքը, ում ընտանիքին Ստալինը Գուլագ էր ուղարկել.
«Նրանք անհամբեր սպասում են, նրանց խոսքով միակ բանը, որ այն ժամանակ նրանց փրկեց ծիծաղն էր: Սարսափելի այդ տարիներին մարդիկ գաղտնի անեկդոտներ էին պատմում Ստալինի մասին»:
«Կատակերգությունը ծիծաղելի է միայն այն դեպքում, եթե հավատում ես դրա իրականությանը: Դա բավականին տարօրինակ է»:
Համաշխարհային կինոյի երիտասարդ աստղ Անդրեա Ռայզբորոն «Ստալինի վախճանը» ֆիլմում կերպարանավորել է վախճանված Ստալինի դուստր Սվետլանա Ալիլուեւային.
«Նա անհավատալի ուժեղ էր, անչափ ակտիվ: Չմոռանանք, որ այդ մթնոլորտում նրան հաջողվեց գոյատեւել: Նույնիսկ չեմ կարող պատկերացնել հոգեկան ճնշման աստիճանը, երբ ունես Ստալինի նման մի հայր: Դերի ամենաբարդ մասը կերպարի մեջ մտնելն էր»:
Անցյալ տարի Էմմի մրցանակի առաջադրված կոմպոզիտոր Քրիս Ուիլլիսը, ով աշխատել է «Փոխնախագահ» սերիալի 7 սեզոնների վրա, պատմում է, որ սկզբում փորձում էր վերստեղծել Շոստակովիչի եւ Վայնբերգի երաժշտությունը՝ ԽՍՀՄ-ում 50-ների ժամանակահատվածը ներկայացնելու համար, սակայն՝ ապարդյուն.
«Այս տեսակ կատակերգությունում կարեւոր է մնալ կերպարի մեջ, ինչպես դա անում են դերասանները, եւ չնահանջել, չթուլանալ: Տպավորություն կարող է ստեղծվել, որ երաժշտությունը փոքր-ինչ պերճ ու փառավոր է, ինչն իրականում ծիծաղելի է»:
Ռեժիսորի կարծիքով, իր կինոնկարի նկատմամբ բացասական վերաբերմունքն իրականում արդարացված է միայն կոմունիստական կուսակցության անդամների կողմից:
«Ես նկարահանեցի այս կինոնկարը, որովհետեւ նկատեցի, որ բազմաթիվ քաղաքական գործիչներ, ոչ միայն Պուտինն այլեւ Թրամփը, Էրդողանը Թուրքիայում, նույնիսկ Բերլուսկոնին Իտալիայում առաջ են քաշում «ուժեղ տղամարդու» կերպարը, որն ունի բացարձակ վերահսկողություն եւ բացարձակ իշխանություն»:
Ռուսաստանի մշակույթի նախարարության կողմից կինոթատրոններում ցուցադրումն արգելելու որոշումից հետո երկրում լայնածավալ քննարկում է սկսվել: Որոշման դեմ է կինոքննադատ, «Կինոարվեստ» հանդեսի գլխավոր խմբագիր Անտոն Դոլինը:
«Բոլոր նրանք, ովքեր աջակցում են «Ստալինի վախճանը» կինոկատակերգության արգելմանը միանշանակ ճանաչեցին՝ «Այո, մենք Ստալինի կողմնակիցներ ենք»: Հստակեցնեմ՝ Ստալինի կողմնակիցները բոլոր նրանք են, ով Ստալինին համարում են հերոս եւ ցանկանում են նմանվել նրան եւ անընդունելի են համարում նրան ծաղրելը», – գրել է Դոլինը:
Արմանդո Իանուչին հույս է հայտներ, որ արդյունքում «Ստալինի վախճանը» թույլ կտան ցուցադրել Ռուսաստանի կինոթատրոններում, ամենայն հավանականությամբ՝ նախագահական ընտրություններից ոչ շուտ: