Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նրանք հավատում են անորոշ ապագային. Cafebabel-ը արցախցիների մասին

Հունվար 26,2018 10:18

Cafebabel պարբերականը հոդված է հրապարակել Արցախի հակամարտության և այնտեղ ապրող մարդկանց մասին՝ զրուցելով իսպանացի լուսանկարիչ Պաբլո Գարիգոսի հետ, որը պարբերաբար այցելում է Արցախ:

Լեռնային Ղարաբաղը օդից կախված «երկիր» է: 6-ամյա պայքարը՝ Ադրբեջանից անկախություն ստանալու համար պաշտոնապես ավարտվել է 1994թ. հրադադարի ռեժիմով, սակայն հակառակորդներն այդպես էլ չեն կարողացել խաղաղության պայմանագիր կնքել: Այն ոչ պատերազմի, ոչ խաղաղության մեջ է: Նրա կառավարությունը «դե ֆակտո» վերահսկում է իր փոքրիկ տարածքը, սակայն ՄԱԿ-ի որևէ անդամ չի ճանաչում այն որպես երկիր: Դա Արցախի Հանրապետությանը (անցյալ տարի ընդունված նոր անունն է) թողնում է անորոշության մեջ: Այն միաժամանակ պետություն է և պետություն չէ:

Արցախում ապրող մարդիկ կարող են զգալ պատերազմի մթնոլորտը. հեռուստատեսությունը լցված է ռազմական շոուներով, իսկ հայրենասիրությունը ֆիլմերի, երաժշտության և թատերական խաղերի ընդունված թեման է:

Արցախը չճանաչելու թեման նույնպես ուղղակի ազդեցություն ունի առօրյայի վրա. Արցախի անձնագրերը չեն ընդունվում ոչ մի երկրում: Շատ մարդիկ ունեն ՀՀ անձնագիր, երկիր, որի հետ արցախցիները սերտ մշակութային կապեր ունեն: Առանց դրա՝ նրանց համար անհնար կլինի դուրս գալ տարածքով Բելգիայի մեկ երրորդը կազմող այդ երկրից:

Cafébabel Brussels-ը հանդիպել է ֆոտոլրագրող Պաբլո Գարիգոսի հետ, որը պատմել է, ինչպիսին է կյանքն այս մոռացված հանրապետությունում: Նա մի քանի անգամ ճանապարհորդել է Արցախ՝ պատկերելու լեռնային այս հողի փոքր գյուղերի մի խումբ երիտասարդների կյանքը. «Հակամարտության մասին տեղեկություններն իմաստ են ստանում, երբ տեսնում ենք՝ ինչպես է մարդկանց կյանքն առաջ գնում: Ոմանք ամուսնացել են, բիզնես հիմնել… », – բացատրում է նա:

26-ամյա Նանան Գարիգիոսի լուսանկարած երիտասարդ կանանցից մեկն է: Սովորել է քաղաքագիտություն Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Նրա կյանքը գլխիվայր շրջվել է, երբ Լեռնային Ղարաբաղի կրթության նախարարը խնդրել է նրան վերադառնալ հայրենիք` դառնալով երկրում քաղաքագիտության դոկտորի կոչում ստացած երկրորդ կինը: «Կարծում եմ, որ կարող եմ ավելի շատ անել իմ երկրի համար և ավելի արդյունավետ լինել, քան Երևանում: Բացի այդ, ինձ համար ոչինչ ավելի կարևոր չէ, քան օգնել իմ երկրին, և ավելի լավ բան չկա, քան դա անել այստեղից», – նրա խոսքերն է մեջբերում Գարիգոսը:

Գրիգորը մեկ այլ երիտասարդ է, որն ապրում է այդ մոռացված հակամարտության գոտում: Նա շինարարության ուսուցիչ է, վերապատրաստվել է Ֆրանսիայում՝ հայ-ֆրանսիական հիմնադրամի աջակցությամբ: Հայրենիք վերադառնալուց հետո որոշել է տուն գնել՝ երիտասարդական հոսթել բացելու համար: 2016 թ. ապրիլին ստիպված եղավ ամեն ինչ թողնել և հրացան վերցնել՝ կռվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև Ղարաբաղի շուրջ բռնկված քառօրյա պատերազմում: «Երբ դու գնում ես ճակատ, դու ժամանակ չունես մտածելու, թե ինչ ես թողնում: Առաջին օրը մտածում ես՝ արդյոք ողջ կմնաս: Երկրորդ օրը հասկանում ես, որ կարող էիր մահանալ նախորդ օրը: Երրորդ օրը մտածելակերպդ փոխվում է. դու արդեն սկսում ես ապրել քո երկրի համար, այլ ոչ թե քո», – ասում է նա:

Գարիգոսը լուսանկարել է նաև Ղարաբաղի «ազգային» թատրոնի տնօրենին: «Թատրոնի խաղերը լավն են՝ քաղաքացիների և զինվորականների ժամանցի համար: Այն նաև օգտակար է որպես հայրենասիրության փոխանցման միջոց », – բացատրում է նա: 2016 թ. բռնության կարճատև սրման պատճառով թատրոնը մի գիշերում կորցրեց իր բոլոր արական սեռի դերասաններին: «Ես հասկանում եմ պատերազմի հետևանքները, և մենք տեսնում ենք, որ այս հակամարտությունը դեռ չի ավարտվել մեզ համար: Չնայած դժվարություններին՝ դա չպետք է մեզ հետ պահի Ղարաբաղում ապրելուց: Անկեղծ ասած, ես մեծ ընտանիք ունեմ, և մենք պատրաստվում ենք այստեղ մնալ դեռ երկար: Մենք մեծ տներ ենք կառուցել: Չնայած շարունակվող պատերազմին՝ չենք դադարեցնում աշխատանքները», – ասում է թատրոնի տնօրենը:

Պաբլո Գարիգոսն ասում է, որ ինքն ամենաշատը տպավորված է մարդկանց համառությամբ. «Նրանք հավատում են անորոշ ապագային, մինչդեռ դա հեշտ չի լուծվելու»:

Գարիգոսը պատրաստվում է 2019թ. վերադառնալ Արցախ` տեսնելու, թե ինչպես է փոխվել իր պատմությունների հերոսների կյանքը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031