Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմեն Սարգսյանի պես «աութսայդերներին» բերելը միշտ իրեն օգուտ է»

Հունվար 26,2018 15:30

Պատգամավորները՝ ՀՀԿ-ի ներսում Արմեն Սարգսյանի թեկնածության հետ կապված հնարավոր խնդիրների մասին

ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ կապված՝ այս օրերին տեսակետներ կան, որ ՀՀԿ-ի ներսում այդ թեկնածությունը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել:

Բանն այն է, որ այս էլ որերորդ անգամ Սերժ Սարգսյանը շատ կարեւոր պաշտոնների համար չի առաջադրում եւ անտեսում է մոլի ՀՀԿ-ականներին, իր թիմակիցներին: «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարծում է, որ դա առաջին հերթին նշան է հանրապետականների համար, որ ձեր մեջ չկա մի մարդ, որ կարող է հավակնել կամ համապատասխանել նախագահի պաշտոնին:

Այս առնչությամբ «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ է նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանատու պաշտոնների համար ընտրում, այսպես ասած, «դրսից բերված» մարդկանց, ՀՀԿ-ի թիմում չկա՞ր նախագահի հարմար թեկնածու, թե՞ նախագահը չէր վստահում նրանց, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ իշխանության ներսում դա որեւէ խնդիր չի առաջացնի. «Նոր Սահմանադրությամբ գործառույթներն այնպիսին են, որ նա ներկայացնում է ամբողջ հայությունը, եւ գտնվել է հարմար թեկնածու»: Այն, որ Արմեն Սարգսյանը հիմա ժամանակ է խնդրել՝ որոշելու համար, կա՞ ինչ-որ բան, որ նրան կարող է ստիպել չհամաձայնել, թե՞ դա զուտ ձեւական բնույթ է կրում, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ սխալ կլիներ, եթե նույն պահին ինքն ասեր՝ համաձայն եմ: Շատ ավելի բնական է, շատ ավելի ճշգրիտ ու լուրջ է այս հանդիպումների շարքը նախաձեռնել, հանդիպել, քննարկել, աջակցությունը տեսնել»:

Թե ինչու Սերժ Սարգսյանը Արմեն Սարգսյանին որոշեց նախագահ դարձնել՝ «Ելք»-ի անդամ Գեւորգ Գորգիսյանը պատասխանեց. «Հասարակությունը ՀՀԿ-ի նկատմամբ որեւէ վստահություն չունի, ՀՀԿ-ն ամբողջությամբ սպառել է վստահության պաշարը եւ ամեն անգամ՝ ԱԺ նախագահ էլ նշանակելիս փորձում է հնարավորինս չեզոք, հնարավորինս քիչ հանրապետականացված մարդկանց դնել: Կարծես թե իրենք ժողովրդավարական ճանապարհով են գնում, բայց այստեղ մեդալի հակառակ կողմն էլ կա՝ Սերժ Սարգսյանի իշխանության հարատեւման համար վտանգ է ներկայացնում ցանկացած հզոր հանրապետական, ով ունի թիմ: Արմեն Սարգսյանի պես «աութսայդերներին» բերելը միշտ իրեն օգուտ է, որովհետեւ Կարեն Կարապետյանի օրինակը բերենք՝ նա կարող էր մնալ վարչապետ, եթե քաղաքական հենարան ունենար: Նա չունի քաղաքական հենարան, նույնը Արմեն Սարգսյանի պարագայում է, նա չունի հենարան ՀՀ-ում, դա շատ ընդունելի է Սերժ Սարգսյանի համար՝ բերել ինչ-որ մարդիկ, որոնք ներկայանալի են, ինչ-որ դրական իմիջ կարող են հաղորդել նաեւ իրենց իշխանությանը, բայց այդքանով հանդերձ մնան անմասն եւ վտանգ չներկայացնող ինչ-որ չեզոք մարմին»:

Գորգիսյանն ասաց, որ Սերժ Սարգսյանն իր թիմակիցներից վտանգ է տեսնում, որովհետեւ քաղաքական հեղաշրջումները լինում են թիմում այլ բեւեռի ձեւավորման հետեւանքով:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը այդ «մտահոգությանը», որ Արմեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀԿ-ի ներսում խնդիրներ կառաջացնի, պատասխանեց. «Մեր գործընկերներին ես խնդրում եմ զբաղվել իրենց թեկնածուներով: Մենք գիտենք՝ ում ենք ներկայացնում, ինչի համար ենք ներկայացնում եւ ով ավելի ընկալելի ու ընդունելի կլինի քաղաքական ուժերի եւ հանրության կողմից: Թող հանգիստ լինեն»:

Թե որն է Արմեն Սարգսյանի գլխավոր առավելությունը Արտակ Զեյնալյանի նկատմամբ՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ չհամեմատենք. «Մեր առաջադրած թեկնածուն բավականին լայն կապեր ունի, բավականին ազդեցիկ անձնավորություն է Սփյուռքում, բավականին ինտելեկտուալ անձնավորություն է, ունի դիվանագիտական մեծ փորձ, գիտական մեծ փորձ, գերազանց տիրապետում է 4 լեզուների, շփումների մեջ բավականին անմիջական է, եւ արդեն իսկ դրա արդյունքը դուք կտեսնեք, երբ որ նա հանդիպումներ ունենա հանրության հետ, քաղաքական ուժերի հետ: Այն չափորոշիչներին, որը բխում է Սահմանադրությունից, մեր առաջադրած թեկնածուն լիովին համապատասխանում է: Արմեն Սարգսյանը դրսի թեկնածու չէ, նա մեր դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչն է»:

Հարցին՝ Սերժ Սարգսյանն իշխանական բուրգի ներսում խնդիրնե՞ր ունի, նա չի՞ վստահում իր թիմակիցներին, ինչո՞ւ ՀՀԿ-ի ներսից չընտրեց որեւէ թեկնածուի, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք նշում էինք որեւէ կուսակցության չպատկանելու մասին, եւ ընդհանրապես ցանկալի է, որ մեծ քաղաքականության մեջ չլինող մարդ լինի, որն ավելի ընկալելի լինի: Եթե դա լինում է ձեր նշած բուրգի ներսից, բնականաբար, մնացած քաղաքական ուժերի կողմից դա բավականին քննադատության առարկա կարող էր դառնալ: Եթե մենք առավելագույնս քաղաքական չեզոք անձնավորություն ենք ներկայացնում, որն ունի բավականին կարողություններ եւ հնարավորություններ, դա ավելի ընկալելի է հանրության կողմից եւ ավելի ընկալելի կարող է լինել քաղաքական ուժերի կողմից:

Մեր ներկայացրած թեկնածուն բավական ընկալելի թեկնածու է»:
Հարցին՝ վարչապետի պաշտոն զբաղեցրած մարդը մեծ քաղաքականությամբ չի՞ զբաղվել, Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք լայն քաղաքականության մասին ասելով՝ նկատի ունենք կուսակցական պատկանելությունը, քաղաքական ցուցակներում լինելը, իսկ գործադիր մարմնում աշխատանքը, բնականաբար, նաեւ քաղաքական պաշտոն է: Չեք կարող գտնել մի թեկնածու, որն ունի նրա նման հնարավորություններ, լայն ներկայացված լինի ե՛ւ արտերկրում, ե՛ւ Սփյուռքում, ե՛ւ մեր հանրությանը, եւ որեւէ մասով նա քաղաքականությամբ զբաղված չլինի: Սերժ Սարգսյանի ասածը լայն քաղաքականության մասին է, կուսակցական պատկանելության մասին է: Մեր թեկնածուն զերծ է այդ ձեւակերպումներից: Նախագահի դեպքում պետք է ապակուսակցականացված, ապաքաղաքականացված անձնավորություն լինի»:

Գեւորգ Գորգիսյանը հակադարձեց. «Մենք մի քանի փորձ ունենք, երբ ապաքաղաքական մարդիկ մտնում են քաղաքականություն եւ ամեն ինչ խառնում են իրար, չեն հասկանում իրենց խոսքի կշիռը, իրենց զբաղեցրած պաշտոնի կշիռը, չեն հասկանում քաղաքական իրավիճակը, չեն պատկերացնում երկրի իրողությունները: Իսկ այդ ամենին շատ լուրջ տիրապետում է պարոն Զեյնալյանը, ոչ միայն տիրապետում է, այլեւ այդ ամենի դրական փոփոխությունների վրա տարիներ շարունակ փորձել է ինչ-որ ձեւ ազդել, ներգործել: Արտակ Զեյնալյանը, ի տարբերություն ՀՀԿ-ի թեկնածուի, ՀՀ բոլոր խնդիրներին ծանոթ եւ դրանցով ապրող ՀՀ քաղաքացի է: Նա շատ լավ պատկերացնում է նախագահի նոր գործառույթները եւ կարող է այդ գործառույթներն օգտագործել ի շահ ժողովրդի եւ ՀՀ-ի»:
Մեր դիտարկմանը, որ Աղվան Վարդանյանն ասում է՝ քաղաքականությամբ զբաղված չլինել, կուսակցական պատկանելություն չունենալ՝ չի նշանակում քաղաքականությունից անտեղյակ լինել, Գորգիսյանն արձագանքեց. «Արկածների մասին գիրք կարդալն ու արկածներին մասնակցելը, պատերազմի մասին գիրք կարդալն ու պատերազմին մասնակցելը լրիվ տարբեր բաներ են: Պարոն Վարդանյան իր սեփական փորձից պետք է որ դա իմանար»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

25.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031