Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանցիներին պիտի տեսանելի դառնան տնտեսական արդյունքները

Հունվար 26,2018 12:00

Սկիզբը՝ այստեղ

«Հանրությունը պետք է ստեղծի անհանդուրժողականության միջավայր կոռուպցիայի հանդեպ»

«Համաձայնագիր, որը նոր հորիզոններ է բացում նաեւ երկկողմ հարաբերությունների համար»

«Եվրոպական մեր գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումները, տնտեսությունն ու օրենսդրությունը եվրոպական չափանիշներին մոտարկելու մեր հանձնառությունը տարեցտարի առավել բարենպաստ միջավայր են ապահովում Հայաստանում ներդրումների համար։ Այս առումով նախագահ Մակրոնին վերահաստատեցի, որ մենք առավել քան շահագրգռված ենք ընդլայնելու ֆրանսիական արդեն իսկ պատկառելի գործարար ներկայությունը մեր երկրում»,- հունվարի 23-ին Ելիսեյան պալատում հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման արդյունքներով: Անդրադառնալով Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոյեմբերին ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ նա շեշտեց. «Դա իսկապես հավակնոտ, ուղենշային փաստաթուղթ է, որի կայացման հարցում մեծ է Ֆրանսիայի դերակատարումը: Մեկ անգամ եւս երախտագիտություն հայտնեցի ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման ողջ գործընթացում Հայաստանի կողքին լինելու համար։ Ֆրանսիայի շարունակական աջակցությունն այս ուղղությամբ Հայաստանի համար իսկապես կարեւոր է։ Սա համաձայնագիր է, որ նոր հորիզոններ է բացում նաեւ երկկողմ հարաբերությունների համար»:

1.74 մլն եվրո հինգ նոր ծրագրերի համար՝ քաղհասարակությանը

ԵՄ-ն 1.74 միլիոն եվրո ֆինանսական աջակցություն է տրամադրել Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված հինգ նոր ծրագրերի՝ ժողովրդավարական կառավարման եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտները բարելավելու նպատակով:

Անցյալ շաբաթ Հայաստանում ԵՄ պատվիրակության տարածած հաղորդագրության համաձայն՝ այս ծրագրերը նշանավորում են Հայաստանի եւ ԵՄ-ի կողմից 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում (ՀԸԳՀ) մատնանշված եւ հաստատված հիմնական արժեքները: Անցյալ շաբաթ ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նշեց. «ԵՄ պատվիրակությունը մեկնարկում է հանրային կարեւորության հինգ նոր ծրագիր՝ ուղղված քաղաքացիական հասարակության զարգացմանը՝ քաղաքացիներին ներգրավելով կառավարման եւ մարդու իրավունքների ոլորտի տարբեր գործողություններում: Ես լիահույս եմ, որ այս նոր ծրագրերը կխրախուսեն ավելի մեծ թվով երիտասարդների ու հասարակ քաղաքացիների ներգրավվելու Հայաստանում մի շարք կարեւոր հանրային քննարկումների մեջ»:

Այսպես, նոր ծրագրերին կներգրավեն ՀՀ քաղաքացիներին, այդ թվում՝ կանանց եւ երիտասարդներին, մի շարք գործողություններում՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը, բյուջետային թափանցիկության ապահովմանը, կանանց կողմից ղեկավարվող կազմակերպությունների կարողությունների զարգացմանը, փակ հաստատություններում իրավիճակի գնահատմանը եւ դրա մասին քննարկումների անցկացմանը, ինչպես նաեւ գյուղական համայնքներում եւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններում նոր տեխնոլոգիաների միջոցով էներգիայի ծախսերի կրճատման քայլերի վերաբերյալ քաղաքացիների շրջանում իրազեկման մակարդակի բարձրացմանը:

«Հայաստանի ապագայի համար չափազանց կարեւոր է կոռուպցիայի դեմ պայքարը»

Եվրամիությունն անկասկած ցանկանում է համագործակցել հայաստանյան գործընկերների՝ կառավարության եւ քաղհասարակության հետ, առաջին հերթին՝ օգնելու լուծել բոլոր այն խնդիրները, որոնք առաջանում են ժողովրդավարություն եւ իրավունքի գերակայություն տանող ճանապարհին՝ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղհասարակության հինգ ներկայացուցիչների հետ դրամաշնորհային պայմանագրեր ստորագրելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: «Այդ ճանապարհը պարզ չէ, հեշտ չէ, երբեմն այն լի է խոչընդոտներով, ակոսներով, որոշ դեպքերում նաեւ՝ շեղումներով եւ հետադարձներով։ Եվրոպական փորձն այսօր ապացուցում է, որ ժողովրդավարության եւ իրավունքների գերակայության նկարագիրը բավականին պարզ է, բայց այն աշխատանքը, որ արվել է դրա հետեւում, շատ ավելի ծավալուն է։ Չկա կատարյալ ժողովրդավարության հասնելու մեկ մոդել, չկա դատաիրավական կամ դատական իշխանության մեկ լավագույն մոդել. դա պետք է գտնի Հայաստանը, եւ ԵՄ-ն որեւէ բան չի պարտադրում, որեւէ համընդհանուր մոդել չկա, պարզապես ցանկանում ենք օգնել՝ կիսվելով փորձով, գործիքներով, ստանդարտներով, հենանիշներով, համեմատության ելակետերով»,- նկատել էր նա։

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ նա նշեց, թե գոհ է ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնություններից. «Խոսքը վերաբերում է ընտրական կոռուպցիայի, ձայների գնման, վարչական ռեսուրսների չարաշահման, ինչպես նաեւ սպառնալիքներ օգտագործելու գործընթացների կարգավորման համար ստեղծված նոր օրենսդրական դրույթներին։ Սա ցույց է տալիս, որ մեր երկխոսությունը շարժվում է ճիշտ ուղղությամբ, քանզի վերջին ընտրություններից հետո ԵԱՀԿ-ի հաշվետվության մեջ նշվել է, որ այս ուղղությամբ բանավեճեր են եղել նաեւ ԵԽ-ում, եվրոպական այլ հաստատություններում՝ եւս մեկ անգամ փաստելով, որ ՀՀ կառավարությունը, առանց սպասելու հաջորդ ընտրություններին, նախաձեռնողականորեն անցել է խնդրի լուծմանը, ինչը ցույց է տալիս, որ երկխոսությունը կառուցողական է, դրական, եւ մենք ողջունում ենք այս զարգացումները։ Հավատացած ենք, որ ընդունումից եւ իրականացումից հետո ընտրությունները կդառնան ավելի մաքուր, արդար եւ ավելի լավը, ինչը, կարծում եմ, բոլոր հայերն ուզում են»:

Սվիտալսկին նաեւ տեղեկացրել էր, որ ԵՄ-ն ֆինանսական գործիքներով է աջակցելու հակակոռուպցիոն նախաձեռնություններին: «Միջոցառումները, որոնք վերաբերում են կոռուպցիայի դեմ պայքարին, մոտ 20 մլն եվրո ՀՀ բյուջեին աջակցության մի մասն են կազմում։

Այդ մասը վերաբերում է վարչարարության բարելավմանը, պետական կառավարմանը։ Մենք պատրաստ ենք ձեզ օգնել այդ պայքարում։ Կոռուպցիայի դեմ պայքարը չափազանց կարեւոր է Հայաստանի ապագայի համար։ Մենք շատ ուրախ ենք, որ հայկական իշխանություններն այսօր շատ հաճախ են բարձրացնում այդ հարցը, խոսում են, թե ինչ ծախսեր են անհրաժեշտ այդ նպատակին հասնելու համար, ինչը շատ լավ է, որովհետեւ կոռուպցիայի խնդիրը Հայաստանում այլեւս տաբու չէ, բոլորն ընդունում են, որ այդ խնդիրը կա, քննարկում են դրա լուծման տարբերակները, ինչը ուսուցանելի է այլ երկրների համար։ Նույնիսկ եթե անհամբեր եք արդյունքների տեսանկյունից, միեւնույն է՝ արդեն օրինակելի փորձ ստեղծել եք»,- ասել էր Սվիտալսկին՝ հավելելով, որ հավատում է, որ Հայաստանն ունի ներուժ հաջողության հասնելու համար. «Հանրությունը պետք է այս ամբողջ նախաձեռնության մասը լինի, միայն կառավարությունը չէ։ Հանրությունը պետք է ստեղծի անհանդուրժողականության միջավայր կոռուպցիայի հանդեպ, առանց դրա որեւէ կառավարություն հաջողության չի հասնի, հավատացեք»:

«ՀՀ-ԵՄ համաձայնագրի մի մասը կարող է կիրարկվել գարնանը»

ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից արդեն երկու ամիս անց ԵՄ-ից որոշ ազդակներ հաշվի առնելով՝ կարելի է փաստել, որ եվրոպացիները ՀՀ իշխանություններից կոնկրետություն ու աշխատանք են ակնկալում:
Անցյալ շաբաթ Պյոտր Սվիտալսկին պատասխանելով «Ազատության» հարցին՝ նշել էր, որ ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված համաձայնագրի մի մասը կարող է կյանքի կոչվել արդեն գարնանը: Խոսքը նախնական կիրարկման մասին է: Դեսպանը պարզաբանել էր, որ համաձայնագիրը նաեւ թույլ է տալիս նրա շատ դրույթներ կյանքի կոչել մինչեւ փաստաթղթի վավերացումը ԵՄ բոլոր երկրների կողմից. «Եվրամիության տեսանկյունից ամենակարեւորը այն է, որ համաձայնագիրը կարող է նախապես կիրարկվել այս տարի, հուսամ՝ այս տարվա գարնանը: Սա պահանջում է, որ համաձայնագիրը վավերացնի Հայաստանը: Եթե դուք հայացք նետեք համաձայնագրին, կտեսնեք՝ առկա է ընթացակարգ, որը մեխանիկորեն սկսում է նախապես կիրարկումը: Համաձայնագրի շատ հատվածներ կարող են կյանքի կոչվել առանց փաստաթղթի ամբողջական վավերացման: Մենք ակնկալում ենք, որ համաձայնագրի նախնական կիրարկումը կսկսվի շուտով: Չենք կարող ենթադրել, թե համաձայնագրի նախնական կիրարկումը կոնկրետ ո՞ր օրը կսկսվի, սակայն հիմք ընդունելով հանրությանը հայտնի ազդանշանները՝ կարծում եմ, որ պետք է լավատես լինենք համաձայնագրի նախնական կիրարկման մասով»:

Տնտեսական աճի հնարավորություններ

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը հնարավորություն է ընձեռել մոտենալ ԵՄ նորմատիվ-իրավական դաշտին, որը տարածվում է տարբեր ոլորտների վրա՝ սպառողների իրավունքների պաշտպանություն, մրցակցություն, պետական գնումներ եւ այլն։ Իրավական այդ դաշտն իր հերթին կբարելավի սպառողների իրավունքների պաշտպանությունը՝ հանգեցնելով արդար մրցակցության, շուկայի ազատականացման։

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նախատեսում է կոնկրետ պարտավորություններ էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում, որը կօգնի այդ շուկաների ազատականացմանը եւ կարող է հանգեցնել գների նվազմանը։ Ամենակարեւորը՝ համաձայնագիրը կարող է խրախուսել եվրոպական գործարարների մուտքը Հայաստան: Ի դեպ, դեկտեմբերի սկզբին «Ազատություն» ռ/կ-ի «Կիրակնօրյա վերլուծականի» եթերում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել էր, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կարող է շոշափելի արդյունքների հանգեցնել տնտեսական աճի տեսակետից։

Հայաստանի իշխանությունները ժամանակ առ ժամանակ շեշտում են, թե ԵՄ-ից ակնկալում են «ավելին՝ ավելիի դիմաց» բանաձեւի իրագործում: Ինչպե՞ս է դա դրսեւորվելու կոնկրետ Հայաստանի հետ ստորագրված համաձայնագրի դեպքում, այս հարցին պատասխանելիս Սվիտալսկին նույն հարցազրույցում նշել էր. «Ավելին՝ ավելիի դիմաց» բանաձեւը շրջանառության մեջ է դրվել չորս տարի առաջ, եւ այս տարիների ընթացքում մենք որոշ չափով փոխել ենք դրա բովանդակությունը։

Մենք այլեւս չենք օգտագործում այս տերմինը, գոնե Բրյուսելում, թեեւ դրա գաղափարը մնում է։ Գաղափարը հետեւյալն է. ավելի մեծ աջակցություն տրամադրել այն երկրներին, որոնք հավակնոտ ծրագրեր ունեն եւ հաստատակամ են բարեփոխումների գործընթացը խորացնելու հարցում։ Այլ կերպ ասած՝ որքան դուք ավելի հավակնոտ եք, ավելի հետեւողական ձեր բարեփոխումների իրականացման հարցում, այնքան ավելի մեծ աջակցություն եւ խրախուսանք կարող եք ակնկալել մեզանից։ Նախկինում Հայաստանը դուրս էր մնացել այս գործընթացից, բայց ես մեծ հույս ունեմ, որ մենք կկարողանանք այս նոր ֆորմատի շրջանակում, որն այլեւս չի կոչվում «ավելին՝ ավելիի դիմաց», բայց որը շարունակում է ավելի մեծ աջակցություն առաջարկել բարեփոխումների ավելի հավակնոտ գործընթացների համար, Հայաստանի ջանքերը երկրորդել Եվրոպական միության կողմից տրամադրվող ավելի մեծ աջակցությամբ։ Բայց ինչպես արդեն ասացի, այս գործընթացի հիմքում ընկած է բարեփոխման ջանքերի հետեւողականության գնահատականը»։

Այսպիսով, բոլոր նախադրյալները կան, որպեսզի ՀՀ-ԵՄ համաձայնագրով նախատեսված բարեփոխումների շարունակական իրականացման արդյունքում ժամանակի ընթացքում հայաստանցիները զգան կոնկրետ տնտեսական արդյունքներ։

Սկիզբը՝ այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 25.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031