Մեր երկրում երեխաները ենթարկվում են սթրեսի, հուզվում են, անկանոն են սնվում, կամ իրենք իրենց վնասում են: Այս ամենը պարզ է դարձել հենց իրենց` երեխաների հետ զրույցներից: Հայաստանի տասը մարզերի եւ Երեւանի 1200 երեխա պատասխանելով մասնագետների հարցերին՝ բարձրաձայնել են այն մասին, թե որքան հաճախ են ենթարկվում սթրեսի:
Ըստ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության եւ «Վորլդ Վիժն Հայաստանի» մասնագետների՝ երեխաների անհանգստության հիմնական պատճառը լինում է տնային աշխատանքը: Հարցվածներից 8 տոկոսը նշել է, որ սթրես են տանում ծաղրի ենթարկվելու վախից: Սոցիալ-հոգեբանական խնդիրների պատճառով էլ հարցված երեխաների 8 տոկոսն է նշել, որ սթրեսի է ենթարկվում: Հետազոտությունը կատարել են երեխաների իրավունքներով զբաղվող հենց այս երկու կազմակերպությունները: Նրանց մասնագետները մեր երկրի սոցիալական ոլորտի պատասխանատուների ուշադրությունը հրավիրում են հատկապես այն փաստին, որ հարցված երեխաների 4 տոկոսը նշել է, որ ցանկանում է իրեն վնասել: Այդ հոգեվիճակը, ըստ հետազոտության հեղինակների, ուղղակիորեն վկայում է երեխաների շարունակական սթրեսի մասին: Հարցվածների 14%-ը խոստովանել է, որ տեւական ժամանակ եղել է տխուր կամ ընկճված:
Երեխաների կեսը նշել են, որ չգիտեն՝ ում դիմեն, եթե ցանկանում են խոսել իրենց հուզող խնդիրների մասին կամ արտակարգ իրավիճակի դեպքում: Հարցված երեխաների 49 տոկոսը նշել է, որ օրինակ` չգիտի ում դիմի, ումից օգնություն խնդրի, երբ բռնության է ենթարկվում: 40 տոկոսն էլ նշել է, որ տեղյակ չէ՝ ում դիմի, եթե ենթարկվել է ծաղրի կամ արժանացել անարդար վերաբերմունքի: Հետազոտությունից տեղեկանում ենք, որ ավելի շատ տղաները տեղյակ չեն, թե ում դիմեն օգնության նպատակով, երբ ունենում են հոգեբանական սթրես:
Այն հարցին, թե գո՞հ են դպրոցական ենթակառուցվածքներից, հարցված երեխաների 48 տոկոսը նշել է, որ դրանք բարելավման կարիք ունեն, եւ որ ցանկանում են, որպեսզի բարելավվեն ջրի եւ սանիտարական պայմանները:
43,6 տոկոսն էլ նշել է, որ կցանկանար փոխել դպրոցի ջեռուցման համակարգը: Երեխաների մեծ մասը ժամանցի, հանգստի համար տարածքի առանձնացման հարցն առաջին տեղում է դասել:
Մասնագետները հանգել են այն եզրակացության, որ օտար մարդկանց մուտքը դպրոց պետք է արգելել. «Շրջանավարտները եւ այլ անձինք շատ հաճախ այցելում են դպրոցներ եւ երեխաների հետ խոսելիս օգտագործում են վատ բառեր»:
Ինչ վերաբերում է հարցին, թե երեխաները գոհ են դասավանդման մեթոդներից, ապա հարցվածների կեսից ավելին նշել է, որ բավարարված են իրենց դպրոցներում դասավանդման մեթոդներից: Իսկ 13 տոկոսը նշել է, որ մեծ մասամբ կամ ընդհանրապես բավարարված չէ: Հիմնականում դժգոհություն են հայտնել 9-րդ դասարանցի երեխաները: Ըստ հետազոտության մասնագետների՝ չի բացառվում, որ խնդիրը կարող է կապված լինել ավագ դպրոց տեղափոխվելու հետ:
Թե որքանով են երեխայի կարծիքը հաշվի առնում իրեն առնչվող հարցերում՝ հարցված երեխաների 80 տոկոսը նշել է, որ կուզենային ավելի շատ ազդեցություն ունենալ իրենց առնչվող խնդիրների վրա:
«Մեծահասակների պատասխանատվությունն ու պարտականությունն է լսել, հարգել եւ հաշվի առնել երեխաների կարծիքները նրանց վերաբերող որոշումներ կայացնելիս: Երեխաներն իրենց կարծիքն արտահայտելու եւ լրջորեն ընկալվելու իրավունք ունեն: Սա վերաբերում է երեխայի բոլոր միջավայրերին` ներառյալ տանը, դպրոցին, համայնքին կամ քաղաքականություն վարող կառույցներին»,- նկատում են հետազոտության հեղինակները: Ըստ նրանց. «Եթե չեք հարցնում անձի կարծիքը, ապա ճնշում եք նրա անհատականությունը, այսինքն` դուք որոշում եք նրա ճակատագիրը, որն արդեն համարվում է ոտնձգություն»:
Երեխաների 62 տոկոսը նշել է, որ ինքը չի կարող իրեն վերաբերող կարեւոր հարցի վերաբերյալ տեսակետ հայտնել:
Հետազոտության հեղինակները նաեւ եկել են այն եզրակացության, որ երեխաների շրջանում վախ եւ խոչընդոտ է նկատվում ավագանու անդամների, համայնքի անդամների կամ քաղաքական գործիչների հետ շփվելիս: Ըստ նրանց՝ եթե երեխաները որեւէ խնդիր են բարձրաձայնում, տնօրենը կարող է մոտենալ եւ հարցնել աշակերտներից՝ ո՞վ է համարձակվել այդ հարցը բարձրացնել գյուղապետին:
Հարցվածների 86 տոկոսը համամիտ է եղել այն մտքին, որ Հայաստանում շատ կարեւոր է ուժեղացնել երեխայի իրավունքների պաշտպանությունը:
Հետազոտությունից նաեւ տեղեկանում ենք, որ հարցված երեխաների 82 տոկոսը շատ դրական է տեսնում ապագան: Այս հարցին դրական են պատասխանել ե՛ւ գյուղական բնակավայրերի, ե՛ւ քաղաքաբնակ երեխաները:
Երեխաները նաեւ հստակ պատկերացում ունեն, թե ուր են գնալու դպրոցն ավարտելուց հետո:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
25.01.2018