Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնաբարության փորձի մեջ մեղադրվող «Սանիտեքի» բանվորի համար դատախազը պահանջում է ազատազրկման ձեւով պատիժ

Հունվար 26,2018 14:30

Արագացված դատական քննության կարգի կիրառմամբ անցյալ տարեվերջին լսվել, ավարտվել եւ բողոք է բերվել ֆիզիկապես վատառողջ, ամուսնացած, «Սանիտեք» ՍՊ ընկերության բանվոր Դավիթ Մանուչարյանի վերաբերյալ քրեական գործով:

Անցյալ տարվա ապրիլին ամբաստանյալն իր տանը Ա. Գ.-ի նկատմամբ փորձել է բռնություն գործադրել, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ: Տուժողը ամբաստանյալի կնոջ եղբոր նախկին կինն է: Այնպես է ստացվել, որ դեպքի օրը նա գնացել է Դավիթենց տուն, նրանից պարտքով 1000 դրամ գումար խնդրելու։ Դավիթը տվել է գումարը, փոխարենն առաջարկել իր հետ սեռական հարաբերություն ունենալ։
Մերժվել է: Դավիթը ձեռքերով հարվածներ է հասցրել տուժողին, ըստ փորձագետի եզրակացության, պատճառել «ձախ այտային շրջանի քերծվածքներ, ձախ աչքի ստորին կոպի, որովայնի առաջնային մասերի ձախ կեսի՝ ս/3-ի, ձախ եւ աջ գոտկային շրջանների արյունազեղումների ձեւերով առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ»: Զոհին կարողացել է գցել գետնին, գործի նյութերի համաձայն, հագից հանել է տաբատն ու անդրավարտիքը:

Տուժողը հարվածել է ամբաստանյալին եւ փախել:

Դատախազը պահանջել էր երեք տարվա ազատազրկում, դատարանը դատավճռով այդքան էլ վճռել էր, սակայն պատիժը պայմանական չի կիրառել:
Դատախազը դիմել է վերաքննիչ դատարան՝ պահանջելով ազատազրկման ձեւով պատիժ:
Ամբաստանյալին պաշտպանում է հանրային պաշտպանի գրասենյակից փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը:

Ի դեպ, ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հանցագործություն է համարվում բռնաբարությունը` տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ` նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով, որի համար նորմի սանկցիան պատիժ է նախատեսում` ազատազրկման ձեւով` 3-6 տարի ժամկետով։
Ըստ դատարանի իրավական գնահատականների, պատժի տեuակը եւ չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աuտիճանով եւ բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատաuխանատվությունը եւ պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով. «Դատարանը հաշվի է առնում, որ ամբաստանյալը երիտասարդ է, նախկինում դատապարտված կամ այլ կերպ արատավորված չի եղել, բնութագրվում է դրական, հաշտվել է տուժողի հետ, ունի նորաստեղծ ընտանիք»։

Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներից մեկում արձանագրել էր. «Անձի նկատմամբ պատիժ նշանակելիս եւ այն փաստացի կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը պետք է հաշվի առնի նաեւ այն հանգամանքը, թե նշանակված պատիժն ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ ամբաստանյալի ընտանիքի կյանքի պայմանների վրա»:

Ըստ այդմ, դատարանը վճռել էր, որ ամբաստանյալի նկատմամբ պետք է ազատազրկման ձեւով պատիժ նշանակել։ Սակայն, եթե դատարանն ազատազրկման ձեւով պատիժ նշանակելով հանգում է հետեւության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մաuին:

Դատարանն այս գործով հաշվի էր առել ամբաստանյալի անձը, նրա սոցիալ-հոգեբանական վիճակը, բարոյահոգեբանական բնութագիրը, սոցիալական միջավայրում նրա զբաղեցրած տեղը, դիրքն ու բնութագիրը, հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, ինչպես նաեւ գործով ծանրացնող հանգամանքների բացակայությունը, իր հայեցողության շրջանակներում ղեկավարվելով պատժի նշանակման օրինականության եւ մարդասիրության սկզբունքներով, եզրահանգել էր, որ առկա են Դ. Մանուչարյանի նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակվող պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերը, վերջինիս ուղղումը հնարավոր է առանց ազատազրկման ձեւով պատիժը կրելու:
Այս գործով ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին, տուժողը քաղհայց չուներ:

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Մ. Մաթեւոսյանի կողմից 2017թ. օգոստոսի 23-ի որոշմամբ կալանք էր դրվել Դավիթ Մանուչարյանի սեփական տան եւ յոթ միավոր գյուղնշանակության հողամասերի վրա: Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո գույքերի վրա դրված կալանքները կվերացվեն։

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

25.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031